Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը հանձնարարել է կարգավորել փոքր ՀԷԿ-երի ոլորտը

Մարտ 09,2017 13:40

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Փոքր ՀԷԿ-երի ոլորտի կարգավորման վերաբերյալ վարչապետը նշել է. «Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների աճը, քայլեր է կատարում խրախուսելու փոքր ՀԷԿ-երի շահագործումը՝ սահմանելով երկարաժամկետ և տրամաբանական վաճառքի սակագին, ներգրավելով ցածր դրույքաչափով վարկային միջոցներ և այլն: Սակայն օրենսդրական, տեխնիկական և ինստիտուցիոնալ անբավարար կարգավորումների պատճառով փոքր ՀԷԿ-երը ներկայումս զգալի բացասական ազդեցություն են թողնում ինչպես շրջակա միջավայրի այնպես էլ սոցիալական և տնտեսական երկարաժամկետ զարգացումների վրա»:

Առկա խնդիրները համակարգային լուծելու նպատակով գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին 2-ամսյա ժամկետում սահմանել ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հստակ չափորոշիչներ:

Հանձնարարվել է նաև վերանայել բնապահպանական թողքի վերաբերյալ ՀՀ կառավարության 30 հունիսի 2011 թվականի N 927-Ն որոշումը՝ հաշվի առնելով գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները և թողքի խախտման համար պատասխանատվության տեսակները:

Համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների հետ ՀՀ բնապահպանության նախարարությունը կհստակեցնի գետերի ցանկը՝ որտեղ բնապահպանական, գյուղատնտեսական, և այլ առանձնահատկություններից ելնելով արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը: Համագործակցելով ՀՀ գիտությունների ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի և ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի և Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ նախարարությունը պետք է մշակի ձկնուղիների կառուցման և աստիճանների բարձրության նորմեր: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ կուսումնասիրվեն ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջրային ռեսուրսների համար բնօգտագործման վճարների ներդրման և նպատակային օգտագործման հնարավորությունները:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին Կարեն Կարապետյանը հանձնարարել է 2-ամսյա ժամկետում, համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության նախարարությունների, ՀՀ եկամուտների պետական կոմիտեի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, մշակել լրացուցիչ խթանման գործիքներ՝ ոռոգման համակարգերի և խմելու ջրի ջրատարների վրա ՀԷԿ-երի կառուցման համար: Նախարարությունը պետք է ուսումնասիրի ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի մատակարարման ժամկետները, ծավալները և ջրօգտագործման թույլտվությունների ժամկետները, վերհանի առկա խնդիրները: Հանձնարարվել է նաև ուսումնասիրել գործող և կառուցվող բոլոր փոքր ՀԷԿ-երի ջրառի կետերում շահագործողի միջոցներով (հնարավորության դեպքում նաև դրամաշնորհների ներգրավմամբ) ժամանակի իրական ռեժիմում տեղեկատվության փոխանցման համակարգի ներդրման հնարավորությունները:

Համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ. Կարեն Կարապետյան

Անդրադառնալով համայնքների կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մենք բազմիցս արձանագրել ենք տեղական ինքնակառավարման համակարգի կարևորությունը, ինչպես նաև այն, որ այդ համակարգը պետք է լինի արդյունավետ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղեկացրել է, որ համայնքներում դեռևս չեն կիրառվում ծառայությունների մատուցման համար լավագույն գործընկերներին ընտրելու մրցակցային գործելաոճը, համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ, ցածր է համայնք-մասնավոր հատված համագործակցությունը: Այս և այլ խնդիրների լուծմանը պետք է ուղղված լինեն նախարարության կողմից մշակված մեթոդաբանությունները և դրանք պետք է առաջարկեն էապես նոր մոտեցումներ»: Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին 2-ամսյա ժամկետում կազմակերպել մշակված մեթոդաբանական նյութերի վերաբերյալ քննարկումներ համայնքների, համայնքների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների, միջազգային և տեղական փորձագիտական խմբերի հետ, և անհրաժեշտության դեպքում լրամշակել համապատասխան նյութերը և տրամադրել համայնքներին: Միաժամանակ նախարարության և մարզպետարանների միջոցով խստորեն վերահսկելով դրանց գործնականում իրացումը։

Քայլեր կձեռնարկվեն ներդրումային ծրագրերի իրականացման և ներդրողներին աջակցելու համար

Վարչապետի հաջորդ հանձնարականը ներդրումային ծրագրերի իրականացման և ներդրողներին աջակցելու վերաբերյալ էր: «Ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում կառուցապատողները և առհասարակ գործարարները հաճախակի բարձրաձայնում են գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման ընկերությունների հետ համակարգված համատեղ աշխատանքի անհրաժեշտության մասին»,-ասել է գործադիրի ղեկավարը։ ՀՀ կառավարության ներդրումային ծրագրերի իրականացման և ներդրողներին աջակցելու նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին 5-օրյա ժամկետում առաջարկել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ, «ՀԷՑ» և «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերություններին նշանակել պատասխանատուներ, որոնք ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի և համայնքի ղեկավարների հետ ռեգուլյար համատեղ աշխատանքի միջոցով կներկայացնեն օպերատիվ լուծումներ կառուցապատողների (ներդրողների) կողմից ծագած ենթակառուցվածքներին առնչվող հարցերին: ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին վարչապետը հանձնարարել է 5-օրյա ժամկետում կնքված ներդրումային համաձայնագրերի պատճեները համապատասխան գրությամբ ներկայացնել վերոնշյալ ընկերություններին: Հանձնարարվել է նաև ընկերությունների և ներդրողների կողմից բարձրացված հարցերի քննարկմանը ներգրավել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցչին։

Ջրավազանային կառավարման պլաններն արմատապես կվերանայվեն

Անդրադառնալով այսօր կառավարության նիստի օրակարգում ընդգրկված Ախուրյանի ջրավազանային կառավարման պլանին վերաբերող հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Կարծում ենք, որ արդեն ընդունված ջրավազանային կառավարման պլանները պետք է արմատապես վերանայել և քայլեր ձեռնարկել ջրավազանային կառավարման պլանների մշակման հետագա գործունեության վերաբերյալ»: Վարչապետը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին եռամսյա ժամկետում մշակել ջրային հաշվեկշռի ճշգրիտ հաշվարկի մեթոդաբանությունը, ապահովել կիրառական քայլերը մշակող ջրավազանային կառավարման պլաններում համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահանջները ներառելու, այդ թվում գործողությունների համադրումը Հայաստանի Հանրապետության ռազմավարական ծրագրերի, ընթացիկ նախաձեռնությունների և կանխատեսումների հետ համատեղ: Հանձնարարվել է նաև մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը վերանայել մինչ այժմ ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 3-ի N 4 արձանագրային որոշման համապատասխան մշակված և մշակման փուլում գտնվող կառավարման պլանները և համապատասխանեցնել վերոնշյալ պահանջներին:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031