Հայկական վերածնունդ կուսակցությունը մարտի 9-ին քարոզարշավով Արագածոտնի մարզում է: Առաջին կանգառը Ծաղկահովիտ գյուղում է: Գյուղում կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին աղ ու հացով դիմավորեցին:
Բնակիչների հետ հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը ասաց, որ ՀՎԿ-ի ծրագիրը Հայաստանին բերելու է լույս, հույս եւ փոփոխություն: Նա հետաքրքրվեց, թե Ծաղկահովիտում ձայնն ինչքա՞ն է, բնակիչներից ոմանք պատասխանեցին՝ 100 դոլար, ոմանք էլ ասացին՝ չկա, չեն բաժանում: Բաղդասարյանը պատասխանեց, որ եթե գումարը վերցնեն, ապա ապրիլի 3-ին կրկնապատկվելու են Երեւանից դեպի գյուղ տանող արագաչափերը, Երեւանում առկա կարմիր գծերը. «Մենք դեմ ենք այս համակարգին: Շատերը խոսում են հեղափոխությունից, եկե՛ք հեղափոխությունը մեր ուղեղներում անենք, մեր քվեի տերը կանգնենք»:
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ երկրում պետք է օրենքի իշխանություն լինի, հաղթի օրենքը. «Մենք առաջարկում ենք շատ մրցունակ ծրագիր: Առաջինը կոռուպցիայի դեմ պայքարի ազգային մարմին: Մենք առաջարկում ենք զինվորական ծառայություն որպես աշխատավարձ: Ինչի՞ պետք է 18 տարեկան տղան գնա սահմանին զոհվի: Մեր հաղթանակը նշանակում է պրոֆեսիոնալ բանակի հաղթանակ»:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ Հայկական վերածնունդի հաղթանակը նշանակում է նաեւ ավանդների հաղթանակ, քանի որ կուսակցությունը համարում է, որ բոլոր ավանդատուները պետք է ստանան իրենց ավանդները:
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ առաջարկում են ընդունել օրենք, որով վերին շեմ կդրվի պետության արտաքին պարտքին. «Մենք ասում ենք սա անարդար համակարգ է, այն ռեսուրսները, որ բերում ենք ցածր տոկոսներով պետք է նպատակադրենք գյուղատնտեսության զարգացմանը: Մենք առաջարկում ենք քաղաքակիրթ ապահովագրման համակարգ ներդնենք, ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը ապահովագրվում է, որ գյուղացին աղետի դեպքում միայնակ չմնա»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ