Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Այվազյանի այրին պատրաստվում է վաճառել Աղասի Այվազյանի մի քանի նկարներ, այդ գումարով հիմնել թանգարանը. «Ժողովուրդ»

Մարտ 09,2017 12:56

Արձակագիր, դրամատուրգ, նկարիչ Աղասի Այվազյանի արխիվը ավտոտնակում է եւ գտնվում է անմխիթար վիճակում։ Նրա կինը՝ Գրետա Վերդիյանը, բազմիցս դիմել է հանրությանն ու տարբեր ատյանների՝ շերտելով, որ անհրաժեշտություն կա ստեղծելու Աղասի Այվազյանի տուն-գրադարան-թանգարան։ Նա մտավախություն ունի, որ Այվազյանի ժառանգությունը՝ արխիվ, նկարներ, գրադարան, իրենից հետո կանտեսվեն եւ կվնասվեն։

Տիկին Վերդիյանից հետաքրքրվեցինք՝ այս երկու տարիների ընթացքում, հատկապես մշակույթի նախարարի փոփոխությունից հետո, կա արդյո՞ք դրական տեղաշարժ, թե ոչ։

Այվազյանի այրին պատասխանեց, որ մշակույթի նախարարությունից իրեն առաջարկել են կազմակերպել Աղասի Այվազյանի հեղինակած նկարների ցուցահանդես-վաճառք, սակայն ինքը չի համաձայնել. «Ես հստակ չգիտեմ՝ առաջարկվում էր ցուցահանդես-վաճառք կազմակերպել Հայաստանում, թե արտերկրում, բայց, ամեն դեպքում, չեմ ուզում, որ նկարները երկրից դուրս գան, ուզում եմ, որ դրանք իմ ձեռքի տակ լինեն, եւ հետո նման միջոցառման ընթացքում հատուկենտ նկարներ կարող են վաճառվել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանեց տիկին Վերդիյանը։

Նա, սակայն, տեղեկացրեց, որ փոխարենը ինքը պատրաստվում է վաճառել Աղասի Այվազյանի մի քանի նկարներ, այդ գումարով տարածք գնել եւ հիմնել թանգարանը, որտեղ, նրա խոսքով, տեղ կգտնի ե՛ւ Այվազյանի արխիվը, ե՛ւ նրա հզոր գրադարանը ու այլ նմուշներ. «Երեք հայտնի քաղաքական գործիչ զանգահարել են, խոստացել են, որ կօգնեն ինձ՝ գնելով նկարները։ Նրանցից երկուսը խոստացել են հանդիպել ինձ հետ առաջիկայում, իսկ երրորդը՝ ընտրություններից հետո։ Անուններ դեռեւս չեմ տա։ Իհարկե, շատ եմ ափսոսում, որ ստիպված եմ այս քայլին գնալ, բայց ուրիշ ելք չկա։ Բնականաբար, կցանկանայի, որ այդ նկարները տեղ գտնեին թանգարանում, պատկերասրահ հիմնեի, բայց, ավաղ, չեմ կարող այդ ամենը իրականացնել։ Բազմիցս դիմել եմ ՀՀ նախագահին, նախագահականից ինձ ուղարկել են Երեւանի քաղաքապետարան, որտեղից էլ պատասխանել են, որ թանգարանի համար տարածք չկա։ Դիմել եմ նաեւ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին, սակայն էլի ստացել եմ նույն պատասխանը»,- ասաց Այվազյանի այրին։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031