ԱՄՆ Կոնգրեսը քննադատել է Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ: Ինչպես հաղորդում է Asbarez-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Հայ դատի հանձնախմբին, այս մասին կոնգրեսականները բարձրաձայնել են 1988-1990թթ. Ադրբեջանում հայերի դեմ իրականացված ջարդերի հիշատակման միջոցառմանը, որը տեղի է ունեցել անցած շաբաթ:
Բացի այդ կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ֆրենք Փալոունը և Ադամ Շիֆը խստորեն դատապարտել են Սումգայիթում, Կիրովաբադում ու Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերը:
«Ցանկանում եմ հարգել Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում սպանված հայերի հիշատակը և կոչ եմ անում դադարեցնել արյունահեղությունն ապագայում»,-ասել է հանրապետական Բրեդ Շերմանը:
Նա նաև հավելել է, որ պետք է դատապարտել հայերի դեմ 1988-1990-ական թթ. տեղի ունեցած սարսափելի ջարդերը, որպեսզի ապագայում նման բան չկրկնվի: Շերմանը նաև Ադրբեջանի ներկայիս իշխանություններին կոչ է արել դադարեցնել սպառնալիքները և բռնության գործողությունները Արցախի հանդեպ, հարգել կրակի դադարեցման ռեժիմը:
Կարդացեք նաև
«Եթե մենք այսօր չդատապարտենք մարդկության դեմ իրագործված հանցագործությունները և թույլ տանք, որ դրանց պատասխանատուներն անպատիժ մնան, իսկ դեպքերն էլ՝ չճանաչված, պարարտ հող կստեղծենք ապագայում նման հանցանքների կրկնության համար»,-իր հերթին նշել է Փալոունը:
«Սումգայիթի տարելիցը հիշեցում է առ այն, որ ագրեսիան և ատելությունը կարող են անխոչընդոտ աճել»,-հայտարարել է Ադամ Շիֆը՝ հիշատակելով 2016թ. քառօրյա պատերազմը և նշելով, որ Ադրբեջանը ներկայում ևս շարունակում է խոսել բռնության լեզվով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ