Հայաստանում, ինչպես բոլորս խորապես համոզված ենք, լիակատար ազատ տնտեսական մրցակցության մթնոլորտ է։ Ուղղակի կատարյալ։
Սկսենք շաքարից։ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ցուցակում ներառված Սամվել Ալեքսանյանը միայնակ չի տնօրինում շաքարի շուկան։ Նա մրցակցում է առնվազն 22 տնտեսվարող սուբյեկտների հետ։ Այսպիսի պատասխան կտան ՊԵԿ-ում, կամ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում, եթե հարցնենք՝ արդյոք Հայաստանի շաքարի շուկայում կա՞ մոնոպոլիա։
Բայց չբավարարվենք այդ պատասխանով ու ավելի մանրամասն ուսումնասիրենք թվերը՝ պաշտոնական թվերը։ 2016 թվականի ընթացքում Հայաստան է ներկրվել 61 հազար 554 տոննա շաքար։ Դրանից 58 հազար տոննան ներկրել է Սամվել Ալեքսանյանը՝ Բրազիլիայից։ Այսինքն, Հայաստան ներկրված շաքարի մոտ 95 տոկոսը ներկրել է Ալեքսանյանը։ Մնացած 5 տոկոսը բաժանվել է մի քանի տասնյակ տնտեսվարողների միջեւ։ Այդպիսի տնտեսվարողների մեջ են մտնում, օրինակ, «Կոկա կոլան», որը իր արտադրության համար անհրաժեշտ շաքարը ավանդաբար ներկրում է՝ տարեկան մոտ 2 հազար տոննա։
Նույնիսկ ԵՏՄ-ին միանալիս Հայաստանը ստացավ նախկին մաքսատուրքերով մի փոքր չափաբաժին այլ երկրներից ներկրելու իրավունք հատուկ «Կոկա կոլայի» հայաստանյան արտադրության համար։
Կարդացեք նաև
Տակը մնաց մոտ 1500 տոննա։ Ովքեր են դա ներկրել։ Դրա մի հիմնական մասը առանձնապես մեծ պահանջարկ չունեցող հատուկ տեսակի շաքարներն են։ Իսկ որպես ներմուծող արձանագրվել է օրինակ ԱՄՆ-ից ներկրված 300 գրամ շաքար բերողը։ Այստեղ վրիպակ չկա՝ հենց 300 գրամ։ Կամ Հոլանդիայից 2.5 կիլոգրամ բերած անձը…։ Ու այդպիսիք շատ են։ Հենց սա նկատի ունեն մեր պաշտոնյաները, երբ ասում են, թե շաքարի ոլորտում մենաշնորհ չկա։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում