Լրահոս
Օրվա լրահոսը

Համատարած խախտվում է անձնական տվյալների գաղտնիության սկզբունքը. «Հրապարակ»

Մարտ 09,2017 12:16

Այսօր Երեւանում եւ մարզերում՝ թաղերում, բակերում, շենքերում, զանգվածաբար անձնագրային տվյալներ են հավաքվում, ընտրողների ցուցակներ են կազմվում։ Մարդիկ անակնկալ զանգահարում եւ հրավիրում են այս կամ այն թեկնածուի նախընտրական շտաբ։ Համատարած խախտվում է անձնական տվյալների գաղտնիության սկզբունքը։ Արդյոք այս իրավիճակը չի մտահոգում Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանին։

– Խախտումը չի լինում միայն այն պարագայում, եթե մարդն իր համաձայնությամբ տալիս է իր տվյալները, ոչ թե ստիպված։ Մեր օրենքն ասում է, որ անձնական տվյալների մշակումն օրինական է երեք դեպքերում՝ եթե մարմինը կոնկրետ օրենքով սահմանված լիազորություն է իրականացնում, որը Ձեր ասած դեպքում չկա, եթե դա հանրամատչելի տվյալ է, որը կրկին նկարագրած դեպքը չէ, որովհետեւ անձնագրային տվյալները կամ հեռախոսահամարը հանրամատչելի տվյալ չեն, եւ եթե կա անձի համաձայնությունը։ Եթե վերջինս կա, ուրեմն գործընթացը դառնում է օրինական։

Խնդիրն առաջանում է այն դեպքում, երբ զանգում են կոնկրետ անձի։ Հարց՝ որտեղի՞ց են այդ հեռախոսահամարները հայտնվում այս կամ այն կուսակցության ձեռքի տակ։ Եթե հանրամատչելի աղբյուրից չեն ձեռք բերվել, այլ վարչական մարմնից կամ բջջային օպերատորներից, այստեղ արդեն խախտում կա, քանի որ տվյալ դեպքում քաղաքացու տվյալները նույնականացված են, կապված են կոնկրետ անձի հետ։ Երկրորդ մտահոգությունն այն է, որ քաղաքացուց հարցնում են այնպիսի տեղեկատվություն, որը հատուկ կատեգորիայի անձնական տվյալ է՝ ո՞ւմ օգտին եք տալու ձեր ձայնը։ Քաղաքական հայացքներն անձի հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ են եւ պաշտպանության կարիք ունեն։

– Ի՞նչ կարող եք անել Դուք, Ձեր գործակալությունն այս իրավիճակում։

– Ըստ օրենքի, եթե կա դիմում, մենք պարտավոր ենք հարուցել վարչական վարույթ, բայց, ցավոք, մինչ օրս մեզ որեւէ քաղաքացի չի դիմել։ Եվ սա եւս անհանգստացնող փաստ է։ Գուցե չեն էլ պատկերացնում, որ դա խախտում է։ Եթե դիմեն, մենք վարույթի շրջանակներում արդեն կպարզենք։ Գուցե այդ մարդը տվյալ կուսակցության համակիրն է կամ անդամ է։ Ի սկզբանե մարդը տվել է համաձայնություն, որ իրեն զանգեն- կանչեն եւ այլն։

Հաջորդ քայլով պետք է պարզենք, թե որտեղից է այս քաղաքացու հեռախոսահամարը հայտնվել հարցում անող տվյալ կազմակերպության մոտ։ Մյուս կողմից՝ մենք չպետք է բացարձակացնենք այս իրավունքը, որովհետեւ, օրինակ, սոցիոլոգիական ուսումնասիրություններով զբաղվող կազմակերպություններն իրենց հիմնական առաքելությունը չեն կարողանա իրականացնել, ուստի պետք է աշխատել, որ գործընթացը տեղի ունենա քաղաքացիների համաձայնությամբ:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031