Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հայրապետյան. «Վերջին սպանությունն առավել ողբերգական է իր դասականությամբ»

Մարտ 09,2017 11:50
tigran hayrapetyan

1999թ. մարտի 8-ի լույս 9-ի գիշերը ավտոդողերի տակ մնաց Տիգրան Հայրապետյանը: Կարող եմ պնդել, որ կատարվածը չբացահայտված հանցագործություններից մեկն է, ինչու ոչ՝ քաղաքական սպանություններից: Արեւելագետ, Արցախյան շարժման ակտիվ մասնակից, քաղաքագետ, հրապարակագիր, անուրանալի տաղանդավոր տեսակ:
Նա հիմնադիրն էր «Արեւելք» կենտրոնի, որը զբաղվում էր քաղաքական հետազոտություններով: Նրա մի հրապարակումը 90-ականներին առիթ դարձավ կապերը խզել «Արեւելքի» հետ. «Հայաստանի արտաքին քաղաքական զարգացման հիմնադրույթները» փաստաթուղթը:

«Հայաստան-Միջին Արեւելք» կենտրոնում, նույնանուն ամսագրում տպագրվում էին Տիգրանի վերլուծությունները: Դրանք ակնհայտ դուր չէին գալիս որոշակի քաղաքական շրջանակներին: Պատահական չէր, որ 1992թ. աշնանը նրա կենտրոնի գույքը հաշվառելու նպատակով բռնագրավվեց ողջ գույքը, արխիվը, իսկ աշխատակազմը հայտնվեց դրսում: Նոր հույս բացվեց. «Ազգ» օրաթերթում նրա ղեկավարած «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» համար:

Իսկ «Հայացք Երեւանից» հանդեսը «Լրագիր» օրաթերթի ներդիրն էր, փնտրված հրապարակումներով: «Լրագրի» նախկին աշխատակցիս համար տոն էր Տիգրանի եւ նրա ընկերների հետ շփումները՝ ներդիրը տպագրելու օրերին:
Զարմանում էինք, ոնց էր հասցնում, չկար նրա նման պատրաստված մեկը: Սակայն կենտրոնի հիմնադիրներից Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ստորագրվեց Տիգրանի ազատման դիմումը…ինչո՞ւ:

«Եթե մոմը սեղանի տակ չես պահում՝ աչք է ծակում: Եթե մոմը սեղանի տակ չես պահում, առավել եւս՝ գործող նախագահի կամ անբան ընդդիմության՝ այն դատապարտում ես մարելու: Եթե մոմը սեղանի տակ չես պահում, ուրեմն սիոնիստ ես, մասոն, հերետիկոս, կարեւոր չէ՝ ով, բայց հաստատ, մի ինչ-որ բան, թե չէ, ինչո՞ւ մոմը սեղանի տակ չես պահում: Գիտությունն ուսանում է, որ մեռնող հասարակությունների միակ հրամայականն է՝ «եղիր այնպիսին, ինչպիսին մենք ենք, եւ մի ձգտիր ոչնչի, ինչը չի կարելի ուտել կամ խմել»: Ահա, այս երկաթյա տրամաբանությամբ զինված, մարիչները հոգու եւ գիտակցության մեջ մեխած՝ շուրջբոլորը խավար եք տարածում եւ դեռ հրճվում՝ բա նա ինչո՞ւ մոմը սեղանի տակ չի պահում:…Համազգային ինքնասպանության այս արմատավորված ավանդույթն արդեն անհաղթահարելի է թվում, իսկ հանգչող մոմերից բարձրացող ճիչը՝ հիրավի ձայն բարբառոյ…»,-իր 05.06.97թ. «ԿՏԱԿ»-ում գրել է Տիգրան Հայրապետյանը: Մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 10 շենքի պատին փակցված է հուշատախտակ՝ վաղամեռիկ Տիգրան Հայրապետյանի հիշատակին. «Մի փնտրեք ողջին մեռյալների մեջ» պատվիրանով:

Ստորեւ տպագրված հոդվածաշարը ընթերցողներին է ներկայացվել 1999թ. խորհրդարանական ընտրություններին նախորդող ամիսներին: Ընդհատվել է հեղինակի մահվամբ: Հոդվածը տպագրվել է «Առավոտի» 30.01.99-ի համարում:

 

Ռ. Մ.

Ընդդեմ նոր սպանությունների՝ հանուն արդար ընտրությունների

«Ցուգցվանգային իրավիճակը» շախմատային այն դիրքն է, երբ կողմերից մեկի կամ միաժամանակ երկու կողմերի համար օգտակար քայլեր չկան եւ ցանկացած քայլ հանգեցնում է սեփական դիրքի վատթարացմանը»:

«Երկրապահի»
գորդյան հանգույցը

1998-ի փետրվարյան արքայադավության հիմնական արդյունքը տերպետրոսյանական ցուգցվանգի ժառանգական փոխանցումն էր նրանց, ովքեր ակնհայտորեն հեռու են քաղաքական շախմատի խորիմաստություններից: Խաղատախտակի վրա բացահայտ քաոս է, իսկ ֆիգուրների անվնաս զոհաբերությունը, գոնե պարզ քաղաքացուն իրավիճակը հեքիմական վիրաբուժությամբ շտկելու հուսահատ փորձ է հիշեցնում: Քիչ թե շատ կենտրոնացած իշխանական-հասարակական համակարգի բացարձակ ապակենտրոնացումն այլեւս քաղաքական բարձր գիտակցության դրսեւորում է պահանջում բոլորից՝ գործող նախագահից, ուժային նախարարներից, քաղաքական ուժերից, ընդ որում, յուրաքանչյուրից առանձին-առանձին: Հայրենի ճահիճում մլուլ տալու եւ ժամանակ շահելու ձգտումը փշրվում է արտաքին աշխարհում աշխարհաքաղաքական բուռն զարգացումների համատեքստում Հայաստանի նկատմամբ առաջ եկող խստագույն պարտքուպահանջների ծանրության տակ:

Համաշխարհային նոր վերաբաժանման գործում Հայաստանն իր խիստ կոնկրետ դերն ունի, իսկ նրա ներքին քաղաքական դաշտում գերիշխող քաղաքագիտական անգրագիտությունը որոշակիորեն հակասում է շահագրգիռ արտաքին ուժերի կողմից նախանշած քաղաքական տրամաբանությունը: Պատմական փորձը վկայում է, որ նման պայմաններում գործում է երկու տարբերակ՝ կամ ուղղակի հրահանգավորում քաղաքական վերնախավին, ինչպես, ասենք՝ 1938-ին Չեխոսլովակիայի նախագահ Բենեշի պարագայում էր եւ կամ պարզ՝ «դաշույնի ու ատրճանակի» մեթոդի կիրառումը, ինչպես, ասենք՝ 1934-ին էր Ալեքսանդր 1 Հարավսլավացու եւ Ֆրանսիայի արտգործնախարար Բարտուի պարագայում:

Կոնկրետ պատմական փուլի մեր առանձնահատկությունն այն է, որ Հայաստանից ու նրա քաղաքական առաջնորդներից պահանջվում են «մաքուր կամ չմիջնորդավորված», «ինքնաբուխ» եզրահանգումներ, որպեսզի մոտ ապագայում առաջավոր Ասիայում Հայաստանի կատարելիք դերը, «իրադարձությունների զարգացման առարկայական արդյունքի» հավատ ներշնչի թե բուն հայ ժողովրդին եւ թե տարածաշրջանի այլ ժողովուրդներին, միջազգային հանրությանն ընդհանրապես: Նման դեպքերում անմիջական հրահանգավորումը հակացուցված է, եւ ուժի մեջ է մնում միայն պարտադրմամբ քաղաքական վերնախավին ճիշտ ուղու վրա դնելու տարբերակը:
Վերջին սպանությունն առավել ողբերգական է իր դասականությամբ:

Հայաստանի բարձր զինվորականությունն ու «Երկրապահը» ընդհանրապես մեղքերի քավության եզակի հնարավորություն ստացան՝ ի դեմս գործող իշխանական համակարգի դեմ ձեւավորվող թեկուզեւ ամորֆ, բայց անկասկած առողջ ընդդիմության պաշտպանության: Եվ դա նրանցից որեւէ մեկի ցանկության կամ քմահաճույքի հարցը չէր, այլ աշխարհաքաղաքական տրամաբանության պահանջը: Իրականում, սակայն, հայ զինվորականության վերնախավը հանդես եկավ Հայ Յեղափոխական Դաշնակցությանը պատմականորեն հատկացված դաշտը յուրացնելու՝ որքան անիմաստ, նույնքանեւ անպտուղ դիրքերից: Կոպտագույն քաղաքական սխալ, որի համար երկրապահները թանկ գին կվճարեն այնքան ժամանակ, մինչեւ իրադարձությունների զարգացման ազդեցության տակ չկանգնեն անհրաժեշտ քաղաքական ուղու վրա: Նացիոնալ-սոցիալիզմը, որ, կրկնենք, հայ իրականության մեջ ՀՅԴ-ի պատմական մենաշնորհն է, դատապարտելի է ողջ միջազգային հանրության համար, մեծարգո պարոնայք սպաներ: Այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական հիմնահարցեր լուծող մեծ տերություններից ոչ մեկը չի հանդուրժի, որպեսզի հայոց բանակը դարչնագույն (կամ կարմրադարչնագույն) երանգ ունենա, քանզի առաջիկա պատերազմներում հենց այդ բանակին է վերապահված Առաջավոր Ասիայում առկա սահմանները վերաձեւելու դերը: Իսկ նացիոնալ-սոցիալիստներին մեր ժամանակներում հող չեն տալիս՝ լինի դա պատմական, թե ոչ այնքան պատմական հայրենիքի տարածք:

Հայոց բանակը կարող է եւ պետք է ռազմատենչ ու որոշ չափով ծայրահեղական լինի, բայց նա իրավունք չունի դարչնագույն լինել եւ կամ ծառայել նացիոնալ-սոցիալիստական հենքով որեւէ իշխանության, ինչպիսին այժմ է: Նվազագույնն առաջիկա տասնամյակում հայոց բանակը պարտավոր է լինելու կատարել խիստ ժողովրդավարական քաղաքական ղեկավարության կամքը, այդ թվում՝ նաեւ որոշակի տարածքների շարունակական ազատագրումը:

«Հանրապետական-Երկրապահն» այսօր ցենտրիզմի ոչ ճիշտ ընկալում ունի: Նրա ցենտրիզմը պետք է ուղղված լինի ժողովրդավարական երանգ ունեցող քաղաքական ուժերի պաշտպանությանը՝ գործող իշխանությունների եւ ՀՅԴ տանդեմի ոտնձգություններից, եւ պետք է առավելագույնս ապահովի վերջիններիս մեկուսացումը, մինչեւ նրանց լիակատար ու վերջնական ինքնավարկաբեկումը:

Իսկ երբ առաջիկա պատերազմի ընթացքում կամ անգամ դրանից առաջ Ադրբեջանում նորից իշխանության կգան ազգայնական ուժերը, Հայաստանում, ընդհակառակն, կվերահաստատվի ժողովրդավարական, քաղաքական իշխանությունը, որն առժամանակ պատմության արխիվ կուղարկի հայ նացիոնալ-սոցիալիստներին եւ ավարտական փուլին կհասցնի Ղարաբաղ-Նախիջեւանյան խնդիրը, ինչի ջատագովը կարծես թե, նախեւառաջ, հայ հայրենասեր զինվորականությունն է: Ընդգծենք միանգամից, որ նշված սցենարին դիմադրելն անիմաստ է, որովհետեւ դուրս է ազգային կառույցների եւ մարմինների իրավասությունից: Ավելին, երբ ռուսական ռազմական ներկայության գործոնը կկատարի իր հրահրիչ եւ անկասկած ողբերգական դերը Հայաստանի տարածքում, զինվորականությունն ինքը հանդես կգա երկրի տարածքից նրա վտարման պահանջով: Եվ կարելի է միայն ցավել, որ պաշտպանության նախարարության համապատասխան բաժիններն ընդունակ չեն գտնվում ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրավիճակի, եւ իրողությունների ճիշտ գնահատականներ տալ, դրանով իսկ կանխելով ողբերգական զոհաբերություններն իրենց իսկ շարքերում:

Վազգեն Սարգսյանի հապաղումը քաղաքական ցենտրիզմի միակ ճիշտ տարբերակի ընտրության հարցում՝ արդեն առաջիկայում հղի է անուղղելի հետեւանքներով: Չի կարելի թույլ տալ, որպեսզի շահագրգիռ գերտերությունները Հայաստանը վերաժողովրդավարեցնեն ուժային մեթոդներով: Եթե հայոց բանակի եւ «Երկրապահ-Հանրապետականի» ղեկավարությունը վճռականորեն հանդես չգա լիբերալ երանգավորմամբ քաղաքական ուժերի ու նրանց առաջնորդների պաշտպանության օգտին, ինչն առաջիկա ազատ եւ արդար խորհրդարանական ընտրությունների առաջին կարեւոր երաշխիքն է, ապա նրանք նախ տարբեր մեթոդներով կօտարվեն բանակի ղեկավարությունից, իսկ վարչակարգի կողմից նախատեսվող «նշանակովի» Ազգային ժողովի ձեւավորումից հետո «Երկրապահ-Հանրապետականը» կտարալուծվի կուսակցականապես ավելի կազմակերպված ՀՅԴ շարքերի մեջ:

 

25.01.99

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031