Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգեւատրված ուսուցչուհին նույնիսկ տուն չունի, որ սերնդին կրթելու համար ոչ թե փողոցից, այլ իր տանից գնա աշխատանքի

Մարտ 09,2017 15:30

«Ձեր ընտանիքի կարգավիճակը չի համապատասխանում հիպոթեքային վարկի պահանջներին». սա հիպոթեքի վարկավորում անող բանկերի ու կազմակերպությունների պատասխանն է Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղի բնակիչ Աստղիկ Մարգարյանի ընտանիքին: Նրանք անօթեւան են, տուն չունեն: Ուսուցչուհու աշխատավարձով ապրող այս ընտանիքին որեւէ կազմակերպություն վարկ չի տրամադրում: 75 հազար դրամ աշխատավարձով մեր երկրում նույնիսկ կիսաթանկարժեք հեռախոս չես կարող ապառիկով գնել, էլ ուր մնաց բնակարան ձեռք բերելու համար հիպոթեքային վարկավորում անեն:
Աստղիկ Մարգարյանն ընտանիքի մայրն է. այս օրերին, երբ կուսակցություններն ու դաշինքները դռնեդուռ ընկած ընտրողներին ոսկե սարեր են խոստանում, կյանքը լավացնելու երաշխիքներ շռայլում, տիկին Մարգարյանը երկու անչափահաս երեխաների ու ամուսնու հետ չգիտի՝ ուր գնա, ումից օգնություն խնդրի, որ երկու փոքրիկները գլխներին տանիք ունենան: Նախորդ տարիներին, ընտրություններին ընդառաջ, կուսակցությունների տված խոստումների մեծ մասն այս ընտանիքի համար այդպես էլ իրականություն չեն դարձել. տիկին Մարգարյանի ընտանիքն ինչպես որ անօթեւան եղել է, այդպես էլ մնացել է:

«Մեր ընտանիքի դրությունը ծայրահեղ է: Ես, ամուսինս եւ մեր երկու երեխաները` երեք տարեկան որդիս եւ նորածին դուստրս, ապրում ենք մի բնակարանում, որը ներկայումս վաճառքի է հանված: Մենք տիրոջ հետ եկել էինք համաձայնության այն գնելու, եւ հույսը բնակարանի գնման հարցում հիպոթեքային վարկից օգտվելն էր: Սակայն, ցավոք, այն մեզ այդպես էլ անհասանելի մնաց, արդեն տարուց ավելի է, ինչ դիմում ենք տարբեր բանկերի, անգամ Կենտրոնական բանկին եւ ստացել ենք միեւնույն մերժողական պատասխանը»,- ասում է Աստղիկ Մարգարյանը: Աճող ընտանիքը սեփական երկրում որեւէ սեփականություն չունի, օգնող ձեռք` նույնպես:
Մասնագիտությամբ պատմության եւ աշխարհագրության ուսուցչուհի տիկին Մարգարյանը սերնդի կրթության գործում ներդրում ունենալու համար կրթության նախարարության կողմից 2012 թվականին պարգեւատրվել է, 2015 թվականին էլ որակավորման 1-ին աստիճանի տարակարգ է ձեռք բերել:
Սակայն սերունդ կրթող Հայաստանի Հանրապետության քաղաքացին անգամ տուն չունի, որտեղից կգնա աշխատանքի:

Աստղիկ Մարգարյանի ամուսինը մշտական աշխատանք չունի եւ կատարում է մասնավոր աշխատանքներ՝ այն ժամանակ, երբ կինը տանն է լինում եւ զբաղվում է երեխաների խնամքով: Ընտանիքը հիմնականում ուսուցչուհու ստացած 75 հազար դրամով է առօրյա հոգսերը հոգում:

Բանկերից մերժված տիկին Մարգարյանը կառավարությանն էլ է նամակ գրել, մի նամակ էլ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հասցեագրել: Նախարարությունից տիկնոջը պատասխանել են, որ կառավարությանը ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին վարկ տրամադրելու վերաբերյալ որոշ նախագծեր են առաջարկել, իսկ թե դրանք կհաստատվեն, թե ոչ` չեն կարող ասել:

Մինչ բանկերից, կառավարական օղակներից ընտանիքին անպտուղ ու անհույս պատասխաններ են գալիս, տիկին Մարգարյանի ընտանիքին բնակարանի տերը վերջնաժամկետ է տվել բնակարանը լքելու: Մարտը վերջին ամիսն է, որտեղ ընտանիքը գլխին տանիք կունենա. «Մեր նորածին փոքրիկն էլ մեզ հետ միասին հայտնվելու ենք դրսում: Բնակարանը գնահատվում է 9500 դոլար: Խնդրում եմ Ձեզ օգնեք մեզ վճարել բնակարանի արժեքը: Մենք անուշադրության մատնված անօգնական ընտանիք ենք»:

 

Սեփ.լր.

«Առավոտ»

08,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031