Լրահոս
Օրվա լրահոսը

«Մահափորձի գործով» Իջեւանում բանի տեղ չէին դրել ԱԺ պատգամավորի երաշխավորագիրը

Մարտ 09,2017 15:00

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող Ռ. Երիցյանը հանդես է եկել մեղադրական ճառով: Նա հաստատված է համարել Գագիկ Ալավերդյանին, Արտակ Մանուչարյանին, Հովհաննես եւ Սաշա Ղալթախչյաններին առաջադրված մեղադրանքը:
Գ. Ալավերդյանը մեղադրվել էր մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ` տուժող Մեխակ Մելիքբեկյանի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրան առեւանգելու համար:

Հովհաննես Ղալթախչյանին, բացի առեւանգոււմից, մեղադրել էին, որ նա ապօրինի ձեռք է բերել եւ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի 46-րդ փողոցի իր՝ թիվ 9-րդ տանն ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող 18 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտ:
Մեղադրողը միջնորդել է Հովհաննես Ղալթախչյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամանակով, Սաշա Ղալթախչյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամանակով, Գագիկ Ալավերդյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ դատապարտել ազատազրկման 4 տարի 3 ամիս ժամկետով, Արտակ Մանուչարյանին մեղավոր ճանաչել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ դատապարտել ազատազրկման 4 տարի 3 ամիս ժամկետով:

Երեկ Իջեւանում սպասվում էր պաշտպանների ճառը: Երեք ամբաստանյալների պաշտպանությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, իսկ Արտակ Մանուչարյանինը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ավագ Լալայանը:

Ի դեպ, երբ պաշտպանական կողմը ամիսներ առաջ միջնորդել էր, որպեսզի փոխվի իրենց պաշտպանյալների խափանման միջոցը՝ կալանավորումը, մասնավորապես, Հովհաննես Ղալթախչյանի հետ կապված դատաքննության ընթացքում պաշտպան Լ. Սիմոնյանը ներկայացրել էր ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Հ.Հակոբյանի կողմից տրված երաշխավորագիրը, որով հայտնվել էր, որ «անձամբ ճանաչելով Հովհաննես Կամոյի Ղալթախչյանին, վստահ է, որ նա գտնվելով ազատության մեջ, չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից, պատշաճ կներկայանա բոլոր դատական նիստերին, չի խոչընդոտի գործի քննությանը, կցուցաբերի պատշաճ վարքագիծ, չի կատարի քրեական օրենքով արգելված արարք»:

Պատգամավորը նշել էր նաեւ, թե «Ճանաչել է Հովհ.Ղալթախչյանին որպես բանիմաց, գրագետ եւ հայրենասեր անձնավորության, ունի նորաստեղծ ընտանիք եւ նորածին որդի», խնդրել էր, որպեսզի Հ. Ղալթախչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել անազատության հետ կապ չունեցող՝ «չհեռանալու մասին ստորագրություն» խափանման միջոցով:

Գործի նյութերում կա նաեւ «Տավուշ» միջազգային հայրենակցական միության նախագահ Ս. Բարսեղյանի կողմից տրված երաշխավորագիրը, ըստ որի՝ «Տավուշ» միջազգային հայրենակցական միությունը երաշխավորում է, որ Հ. Ղալթախչյանը ազատության մեջ չի խուսափի օրենքի առաջ պատասխանատվությունից: Միությունը հանդես է գալիս նման խնդրանքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հ.Ղալթախչյանը հայրենասեր, պարկեշտ անձնավորություն է, ինչպես նաեւ պատվով ծառայել է ՀՀ զինված ուժերում եւ ակտիվորեն մասնակցել է համայնքի հասարակական կյանքին՝ հանդիսանալով Աչաջրի երիտասարդ երկրապահների համակարգողը:

Ամբաստանյալ Հովհաննես Ղալթախչյանը հայտնել էր, թե իր ընտանիքի անվտանգությունը ապահովված չէ: Սակայն դատարանը մերժել էր երաշխավորագրերը, պատճառաբանելով, թե դրանք, «ըստ էության, բովանդակում են ամբաստանյալի անձը բնութագրող դրական տվյալներ, սակայն իրենց համակցությամբ չեն կարող հիմք ծառայել բացասելու կալանքի պայմանն ու հիմքերը, այսինքն՝ նախաքննական մարմնի կասկածի հիմնավորվածությունն առ այն, որ Հ.Ղալթախչյանը առնչակից է իրեն մեղսագրված արարքներին, եւ որ ազատության մեջ մնալով՝ վերջինս կարող է որեւէ կերպ խոչընդոտել քրեական գործի դատական քննությանը»:

Ի դեպ, երաշխավորագրեր ներկայացնելիս, պաշտպանական կողմը դատարանին ահազանգել էր Ղալթախչյանների ընտանիքի վտանգի տակ լինելու հանգամանքի մասին, ինչին դատարանը հորդորել էր դիմել պատկան մարմիններին:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

08,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031