Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադայից եկած տուժողը իրավապաշտպանից պահանջում է 52 միլիոն 820 հազար դրամ

Մարտ 09,2017 14:30

«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործով տեղի ունեցավ անդրանիկ դատական նիստը:

Նշենք, որ նախաքննությունն իրականացվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն դատը տեղի ունեցավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Մարինե Պողոսյանի պաշտպանությունն իրականացնում էին փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանն ու Նինա Կարապետյանը, իսկ տուժողի՝ Արփի Մերասի ներկայացուցիչն էր փաստաբան Հրանտ Անանյանը:

Մեղադրանքը պաշտպանող դատախազը՝ Էդգար Պետրոսյանը, հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, համաձայն որի՝ Մարինա Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի, անհատույց եւ շահադիտական դրդումներով, յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված Արփի Մերասի՝ Երեւան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանը, դրանում առկա գույքերը եւ դրանց վաճառքից գոյացած 140.000 ԱՄՆ դոլարը:

Ըստ հրապարակվածի, ձեռքի տակ ունենալով գույքը, Մ.Պողոսյանը բնակարանը վաճառել է Աիդա Հակոբյանին: Առուվաճառքը տեղի է ունեցել նոտարական վավերացմամբ: Մեղադրանքի կողմի տվյալներով, տուժողը տեղի ունեցածի եւ այդ մասին իմացել է մեկ տարի հետո՝ 2015թ. հունիս-հուլիսին:

Հայցվորի ներկայացուցիչ Հ. Անտոնյանն ասաց, որ Մ.Պողոսյանը բնակարանի եւ նրանում առկա գույքի վաճառքից ստացված գումարը չի վերադարձրել, իր վստահորդը նրան չի լիազորել, որպեսզի վաճառի բնակարանը, եւ միջնորդեց, որպեսզի դատարանն իրենց ճանաչի հայցվոր, պահանջելով 52 միլիոն 820 հազար դրամի փոխհատուցումը:
Ի դեպ, դատարանը թույլատրել էր, որպեսզի մեղադրողը հրապարակի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, մինչդեռ, մեղադրողը հրապարակեց ավելի ծավալով, ինչը արժանացավ պաշտպանական կողմի դժգոհությանը:

Լ.Սիմոնյանը եւ Մ. Պողոսյանը հայտարարեցին, թե պարզ չէ առաջադրված մեղադրանքի էությունը, որ հրապարակվածը չկա եզրափակիչ մասում, որ պարզ չէ, թե ինչու համար է մեղադրվում Մ.Պողոսյանը: Վերջինս նաեւ հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, ասաց, որ իր նկատմամբ սկզբում նախաքննություն իրականացնող մարմինը մեղադրանք էր առաջադրել խարդախության համար, տարիուկես ընթացել է քննությունը, իսկ տասն օրվա մեջ, երբ ինքն ակտիվ հասարակական գործունեություն էր ծավալում, հարուցվում է այս գործն այլ մեղադրանքով:

«Նախաքննության ընթացքում կոռուպցիոն ռիսկեր են եղել՝ Արաբկիրի քննիչի կողմից կազմակերպված: Երբ հաղորդում արեցի հանցագործության մասին, ինձ սաստելու համար նոր քրեական գործ հարուցվեց»,-ասաց Մ.Պողոսյանը, խոստանալով դատական քննության ժամանակ հրապարակայնացնել դրանք:

Եվ դատավորը, եւ դատախազն ու տուժողի ներկայացուցիչը փորձեցին պարզաբանել մեղադրանքի էությունը, ինչին հետեւեց Լիպարիտ Սիմոնյանի կողմից դատախազին ուղղված բացարկի միջնորդությունը:

Դատարանը խորհրդակցական սենյակ գնալուց հետո վերադարձավ, մերժելով այն, հրապարակելով որոշման եզրափակիչ մասը:

Հստակեցվեց ապացույցների հետազոտման կարգը. կլսվի նախ տուժողը, քանի դեռ Հայաստանում է, ապա կհրապարակվեն այն ապացույցները, որոնք անհրաժեշտ կլինեն տուժողի հարցաքննության ժամանակ, հետո վկաներն ու Մ.Պողոսյանը:
80-ամյա տուժողի հարցաքննությունը նշանակվեց մարտի 15-ին:

Չորս հատորանոց գործում, մեր տեղեկություններով, յոթ վկա կա:

 

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

08,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031