Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցների տնօրենների տույժերից մինչեւ աշխատավարձերի բարձրացում

Մարտ 09,2017 14:00

Կուսակցություններն ու դաշինքները իդեալական
պայմաններ են խոստանում կրթության եւ գիտության ոլորտների համար

«Առավոտի» մարտի 7-ի համարում անդրադարձել էինք ՀՀԿ-ի, ՕՐՕ -ի, ՀՅԴ-ի, «Հայկական վերածննդի», Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագրերում առկա կրթության եւ գիտության ոլորտներին վերաբերող բաժիններին: Այժմ կներկայացնենք, թե մյուս ուժերն ինչ են խոստանում իրենց նախընտրական ծրագրերում:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կրթության եւ գիտության ոլորտներին իր նախընտրական ծրագրում բավականին ծավալուն է անդրադարձել:
Ըստ կուսակցության նախընտրական ծրագրի, Հայաստանում գիտության զարգացումը ոչ միայն ազգային անվտանգության ամրապնդման խնդիր է, այլեւ տնտեսության զարգացման, աղքատության հաղթահարման, նոր աշխատատեղերի ստեղծման, երկրի մրցունակության եւ միջազգային հեղինակության բարձրացման գրավական: «Ազատ դեմոկրատները» խոստանում է արմատական բարեփոխումներ իրականացնել ՀՀ գիտության կառավարման եւ համակարգման բնագավառում, կտրուկ ավելացնել գիտության ֆինանսավորումը պետական բյուջեից` հատուկ մշակված 10-ամյա ռազմավարության շրջանակներում` 2020թ.-ին գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով առնվազն 0.5%-ի: Կուսակցության ծրագրի կրթությանը վերաբերող հատվածում նշված է. «Կրթության մասին» ՀՀ օրենքով կրթության ոլորտի քաղաքականությունը պետք է առաջնորդվի «Կրթության զարգացման պետական ծրագիր 2016-2025թթ.» օրենքով, որը կառավարության անհետեւողականության պատճառով դեռեւս Ազգային ժողովում ընդունված չէ: Ծրագիրը առաջիկա 10 տարվա տեսլականում պետք է որպես հիմք ունենա Գիտակրթական բարեփոխումների ռազմավարական հայեցակարգի մշակումը՝ եվրոպական կառույցների հետ ինտեգրման ու միջազգային պայմանագրերի ընդունմամբ` միաժամանակ պահպանելով մեզանում գոյություն ունեցող գիտակրթական բարձր արժեքներն ու չափանիշները»:

«Ազատ դեմոկրատները» առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող դաշինքներից եւ կուսակցություններից միակն է, որն իր ծրագրում անդրադառնում է բուհերի կառավարման խորհուրդների կուսակցականացված լինելուն, խնդիր, որը բազմիցս արծարծվել է: «Ապակուսակցականացնել բուհերի կառավարման խորհուրդներն ու բացառել բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների նշանակումը բուհերի խորհրդի նախագահի պաշտոնում, գնահատման համակարգը դարձնել պատճառաբանված ու թափանցիկ, իսկ Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքի նախագծում նրանց կառավարման խորհուրդներում որոշակի համամասնությամբ ներգրավել գործատուներ»,- ասվում է «Ազատ դեմոկրատների» ծրագրում:

Կուսակցությունն առաջարկում է վերացնել բուհերի որոշ որակավորումների համար պետպատվերի 100% սահմանափակումը, ներդնել կրթության վարկավորման այնպիսի մեխանիզմ, որով կխթանվի ուսանողի ուսման վարձի խնդրով բանկ-բուհի համագործակցությունը: Ի թիվս այլ հարցերի, «Ազատ դեմոկրատները» առաջ է քաշում բուհերում ռազմական ամբիոնների վերականգնումը` սպայական կազմի պատրաստման համար խիստ օգտակար մրցակցային դաշտ ստեղծելու հեռանկարով, նաեւ այնպիսի մեխանիզմների մշակումը, որոնք առավել շնորհալի ուսանողներին թույլ կտան իրենց ծառայությունը զինված ուժերում անցկացնել այնպիսի զորամիավորումներում կամ ռազմական արդյունաբերության գիտատար ոլորտներում, ուր հնարավոր կլինի առավել արդյունավետ օգտագործել նրանց գիտելիքները եւ ներուժը` հանուն հայկական բանակի առավել հզորացման:

«Ազատ դեմոկրատները» եւս խոստանում է ավելացնել կրթության ոլորտի ֆինանսավորումը` 2017թ. առնվազն ՀՆԱ 2.8%, 2021թ.՝ 3.3%, 2025թ.՝ 3.7% եւ ուսուցչին ապահովել արժանապատիվ աշխատավարձով, դպրոցների տնօրենների համար օրենքով նախատեսել վարչական տույժեր՝ օրենքով արգելվող քաղաքական քարոզչության համար:

«Ելք» դաշինքը ցանկություն ունի հայաստանյան առաջատար բուհերի ճարտարագիտական, ծրագրավորման, կիբեռնետիկայի, բնական գիտությունների ֆակուլտետների եւ բնական գիտությունների թեքումով ավագ դպրոցների բազայի հիման վրա Սիլիկոնային հովտի օրինակով ձեւավորել գիտաարտադրական կոմբինատ, որը կգործի ամառային եւ ձմեռային ճամբարների տեսքով` պետական միջոցներից, հանգանակություններից, գրանտներից համաֆինանսավորվելու միջոցով: Ճամբարում փորձի փոխանակման եւ դասախոսելու կհրավիրվեն Սփյուռքի եւ Հայաստանի գիտատեխնիկական ոլորտի առաջատար մասնագետները, ինչպես նաեւ միջազգային հեղինակավոր մասնագետներ:

«Ելքը» նախատեսում է նաեւ հանրակրթական դպրոցներում ներդնել միջազգային բակալավրիատ ծրագիրը, որ միջազգային հանրակրթական լավագույն ծրագրերից է, դասավանդվում է Հայաստանի մի քանի դպրոցներում եւ ապացուցել է իր արդյունավետությունը: «Ելքի» ծրագրով նախատեսված է. «Կուսակցությունների մասին» օրենքով՝ ուսումնական հաստատությունների ղեկավար կազմին կարգելվի որեւէ կուսակցության անդամ լինել: Ուսումնասիրությունների արդյունքում կստեղծվի Հայաստանի բոլոր դպրոցների աշակերտների սոցիալական վիճակի քարտեզ: Քարտեզի հիման վրա՝ զգալի թվով անապահով աշակերտների եւ առաջադիմության խնդիրներ ունեցող դպրոցներին կհատկացվեն լրացուցիչ միջոցներ՝ աշակերտներին լրացուցիչ, անվճար կրթական ծառայությունների մատուցման համար: Գյուղական համայնքներում դպրոցները կդառնան կրթամշակութային կենտրոններ, որտեղ գործում են մարզական, արվեստի, արհեստի, ինտելեկտուալ խաղերի խմբակներ»:

«Ելքը» խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններից եւ դաշինքներից միակն է, որ խրախուսում է ուսուցիչների միասնական արհմիութենական շարժման ձեւավորումը: «Ելքը» եւս խոստանում է առաջիկա հինգ տարվա ընթացքում հանրակրթությանը հատկացվող բյուջետային միջոցները կրկնապատկվել, բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, իսկ գիտությանը հատկացվող ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 3 տոկոսի: Ինչ վերաբերում է պրոֆեսորադասախոսական կազմի դասաժամերի բաշխմանը, ըստ «Ելքի» ծրագրի, այն պետք է իրականացվի մրցութային կարգով:

«Ծառուկյան» դաշինքը հրապարակել է իր 15 առաջնահերթ քայլերը, որի 15-րդ կետը վերաբերում է կրթության ոլորտին. «Բարձր առաջադիմությամբ ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից»:

Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց Կոմունիստական կուսակցության ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը, իրենց ծրագրով նախատեսում են վերականգնել կրթության խորհրդային համակարգը՝ իր լավագույն ավանդույթներով, քանի որ դա, նրա ձեւակերպմամբ, դասական համակարգ է: Կոմունիստները նաեւ խոստանում են անվճար բարձրագույն կրթություն բոլորի համար, որը պետք է իրականություն դառնա ՀՀ տնտեսության զարգացմանը զուգընթաց:

 

Պատրաստեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ»

08,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031