Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաս կարող է կոտրել բաժակը, որպեսզի լսի ապակու ձայնը»

Մարտ 09,2017 13:30

Աուտիկ երեխաների խնդիրների մասին

Այսօր աշխարհում շուրջ 67 միլիոն մարդ տառապում է աուտիզմով, այլ կերպ ասած՝ ամեն 150-րդ երեխան: Թեեւ աուտիզմը մարդու 16-րդ քրոմոսոմի մուտացիան է, սակայն գիտնականներն այն հիվանդություն չեն համարում: Կլինիկական ձեւակերպմամբ՝ աուտիզմը մարդու հաղորդակցական դժվարությունների առկայությունն է: Աուտիկ բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է միայնակ, եւ այդպիսի երեխաներն իրավամբ ձգտում են միայնության եւ լռության: Աուտիզմը կարող է դրսեւորվել վարքային, խոսքային եւ երբեմն ինտելեկտուալ խանգարումներով: Նման խնդիր ունեցող երեխաները խուսափում են աչքերի ուղիղ կոնտակտից, շատ քիչ են խոսում կամ չեն խոսում ընդհանրապես: Սովորաբար նման խնդիր ունեցող երեխաներն ունեն փայլուն ինտելեկտուալ տվյալներ հատկապես մաթեմատիկայի եւ ֆիզիկայի բնագավառներում: Օրինակ, Ալբերտ Էյնշտեյնը եւս աուտիկ է եղել: Աուտիզմը լիարժեք բուժել հնարավոր չէ, սակայն ճիշտ մասնագիտական օգնության դեպքում հնարավոր է բավականին մեծ աճ գրանցել եւ տեսնել մեծ փոփոխություններ երեխայի վարքում:

Աուտիկ երեխաների հետ աշխատող հոգեբան, «Ծիլ Բուսաց» ներդաշնակ զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմենուհի Մարտիրոսյանը կարծում է, որ այս դեպքում շատ կարեւոր է աշխատել ոչ միայն աուտիկ երեխայի հետ, այլեւ նրա ծնողների, որպեսզի աշխատանքը շարունակվի նաեւ տանը եւ արդյունք տա: Մեծ խնդիրների են բախվում հենց աուտիկ երեխաների ծնողները: Աուտիզմ ունեցող երեխայի մայր Արսինե Միքայելյանն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, թե ինչ դժվարությունների են հանդիպում երեխայի ծնողները: «Կարեւոր է այն, որ ծնողները եւ շրջապատը ընդունեն երեխաներին այնպիսին, ինչպիսին իրենք կան: Կարեւորը նրանց վստահությունը շահելն է: Հաճախ եմ լսել երեխայիս հասցեին, սա փորձանք է, սա պատիժ է, իրականում նման բալիկները հետաքրքրասեր են: Երեխաս կարող է կոտրել բաժակը, որպեսզի լսի ապակու ձայնը, եւ ես չեմ բարկանում իր վրա»,- ասում է երեխայի մայրը:

Մասնագետները փաստում են, որ Հայաստանում չկա աուտիկ երեխաների հետ շփվելու մշակույթ: Գերմանիայում կան հատուկ դպրոցներ, որոնք նախատեսված են աուտիկ երեխաների համար եւ, բնականաբար, մետեցումն այնտեղ այլ է՝ փխրուն ներաշխարհ ունեցող երեխաների հանդեպ: Ժամանակին գործող երեւանյան Դելֆինարիումում աշխատող Տաթեւ Տիրացույանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ շատ է ափսոսում հատկապես նրա համար, որ Դելֆինարիումի փակվելով տուժեցին աուտիկ երեխաները: «Հիշում եմ, թե Դելֆինարիումի գործունեությունը ինչ մեծ բողոքի ալիք բարձրացրեց հատկապես բնապահպանների շրջանում, սակայն չեմ կարող չհիշել նաեւ դելֆինների վերաբերմունքը երեխաների նկատմամբ: Երեխաներից մեկն անընդհատ ճանկռում էր դելֆինին, սակայն նա գիտակցում էր, որ երեխան խնդիր ունի եւ ոչինչ չէր անում: Աշխարհում դելֆինների օգնությամբ բազմաթիվ երեխաներ են բուժվում այսօր»,- փաստեց դելֆինների մարզիչը:

Աուտիզմի բուժման մեկ այլ միջոց է հիպոթերապիան՝ բուժումը ձիերի միջոցով: Հոգեբանների կարծիքով՝ աուտիկ երեխայի շփումը ձիու հետ նախապատրաստում է երեխային շրջակա միջավայրի հետ շփման: Երեւանյան ձիարշավարաններ այցելող աուտիկ երեխաները ոչ միայն բուժվում են, այլեւ հետագայում կարողանում են գրեթե լիարժեք հարմարվել միջավայրին:

 

ՆԵԼԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ»

08,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031