Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանացի դիրիժորը պատմեց կրքոտ համբույր նվիրելու մասին

Մարտ 09,2017 13:00

Իսկ ֆլեյտահարուհին խոսեց մարտի 8-ի եւ իր բիզնես-մտածողության մասին

Տարբեր ազգեր տարբեր մոտեցումներ ունեն Կանանց միջազգային օրվա առումով: Օրինակ, Ֆրանսիայում մարտի 8-ին անց են կացնում ցույցեր, սեմինարներ, կոնֆերանսներ՝ կանանց իրավունքների թեմաներով: Օրինակ, Իտալիայում տոնը նշում են, սակայն ոչ աշխատանքային օր չի հայտարարվում: Աղմկոտ ու բարեկազմ իտալուհիները գերադասում են այդ օրը նշել միայն կանանց շրջապատում՝ այցելելով սրճարան կամ բար: Իսկ լեհերը «բանավոր» են շնորհավորում կանանց, այնտեղ եւս օրն աշխատանքային է: Իսկ Վիետնամում սոցիալիզմի հաղթանակից հետո բուռն են տոնում Կանանց օրը, ինչը նախկինում կոչվում էր Չինգ քույրերի հիշատակի օր՝ նվիրված այն աղջիկներին, որոնք ղեկավարել են չինացիների դեմ պատերազմը:

Մարտի 8-ը իսպանացի ֆեմինիստուհիները նշում են իբրեւ բողոքի օր: Ընդունված է իրենց հասարակական դժգոհությունները հայտնել հիմնականում ցույցերի ձեւաչափով: Օրինակ, 2010թ. հենց մարտի 8-ին Մալագայի փողոցներ էին դուրս եկել 6000 կին՝ կազմակերպելով խորհրդանշական բողոքի ակցիա կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի համատեքստում:

«Առավոտի» զրուցակից իսպանուհի արվեստագետը՝ ֆլեյտահար Սառա Ուրենյա Կաբրերան հավելեց, որ իր երկրում մարտի 8-ին կանայք փողոց՝ ցույցի են դուրս գալիս վարդագույն զգեստներով, պահանջելով հավասար իրավունքներ, նաեւ տղամարդկանց ստացածի չափ բարձր աշխատավարձ: «Մեր երկրում, օրինակ, խոհարար տղամարդիկ ավելի բարձր են վարձատրվում, քան նույն աշխատանքը կատարող կանայք»,- նշեց Սառա Ուրենյա Կաբրերան: Ռեպլիկին, իսկ ինքը՝ իբրեւ արվեստագետ, ի՞նչ է պահանջում, մեր զրուցակիցը հայտնեց. «Մշակույթի եւ արվեստի ոլորտը միակն է, որտեղ կանանց գործունեությունը ինչ-որ չափով հավասար է գնահատվում: Այնուամենայնիվ, դա բացարձակ հավասարություն չէ…»:

Ի դեպ, Սառա Ուրենյա Կաբրերան 2013-ի հունվարից մինչեւ 2015-ի օգոստոսը պայմանագրով հանդիսացել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լեգեոներ երաժիշտ: Կանխելով հարցը, թե ի՞նչ պատճառով չերկարացվեց իր հայաստանյան պայմանագիրը, արվեստագետը հայտնեց, որ ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը պայմանագիրը երկարաձգելու առաջարկ արել է, բայց ինքը որոշել է վերադառնալ՝ ընտանիքի հանդեպ կարոտը հաղթահարել չկարողանալով: Սառա Ուրենյա Կաբրերան հավելեց նաեւ, թե Թոփչյանը կեսկատակ-կեսլուրջ առաջարկել է աշխատել իր ղեկավարած նվագախմբում՝ մինչեւ թոշակի անցնելը: Հայտնեց, թե Տեներիֆե կղզում երբ վերջերս մասնակցում էր փառատոնի, տեղեկացված լինելով, որ նոյեմբերին Հայաստանի ֆիլհարմոնիկը մեկնելու է Իսպանիա հյուրախաղերի, տեղի քաղաքական գործիչների հետ բանակցել է հայաստանյան նվագախմբի՝ նախատեսվածից մեկ-երկու համերգ ավելին կազմակերպելու համար:

Սառա Ուրենյա Կաբրերան միաժամանակ համագործակցում է հինգ՝ Բարսելոնայի, Վալենսիայի, Սեւիլիայի թագավորական, Կանարյան կղզիների Las Palmas ֆիլհարմոնիկ եւ Միջերկրականի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ կարելի՞ է մտածել, որ դուք բիզնես լեդի եք, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այսօր տարբեր նվագախմբերի հետ հանդես եմ գալիս նաեւ իբրեւ մենակատար եւ կազմակերպում տարբեր համերգներ»: Հետաքրքրությանը՝ Հայաստանում գործունեություն ծավալելու տարիներին հայ հեղինակների երկերով հանդես եք եկել նաեւ որպես մենակատար, դա շարունակո՞ւմ եք եվրոպական երկրներում, ֆլեյտահարուհին պատասխանեց. «Վերջերս տաղանդավոր դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսի ղեկավարությամբ Միջերկրականի սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկա այն ծրագրով, ինչը կներկայացնեմ Երեւանում մարտի 10-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերկրացի դիրիժորի կայացմանը նպաստել են այնպիսի անուններ, ինչպիսիք են Լորին Մաազելը, Զուբին Մետան, Միշել Պլասոնը, Վալերի Գերգիեւը եւ ուրիշներ: Նա այսօր պահանջված արվեստագետ է տարբեր նվագախմբերի կողմից: Կայացած համերգի ավարտին հնչած բրավոներից հետո մենք ներկայացրինք Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետից «Վալսը»: Պետք էր տեսնել հանդիսատեսի ընդունելությունը: Կներեք արտահայտությանս համար՝ մենք դա ստիպված եղանք երկրորդ անգամ հնչեցնել»:

Խուան Անտոնիո Ռամիրեսն էլ մեզ հետ զրույցում նշեց. «Սառան մշտապես ասել է, թե Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբն իր ընտանիքն է: Մինչ Երեւան ժամանելը նվագախմբի յուրաքանչյուր արտիստի գիտեի անուններով, Սառան ձայնագրություններ էր տրամադրում, որոնց միջոցով էլ ծանոթացա ֆիլհարմոնիկի բարձրարվեստ կատարումներին»:

Հարցին, թե դիրիժորը մարտի 8-ին ի՞նչ է նվիրում իր սիրելի կանանց, պատասխանը հակիրճ էր՝ կրքոտ համբույր:

Իսկ թե ինչ է սիրում ստանալ Սառան տոնի առիթով, ֆլեյտահարուհին բազմանշանակ պատասխանեց. «Ոչ միայն տոնի առիթով, այլ ընդհանրապես սիրում եմ ստանալ տարին 12 ամիս…»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ,

լուսանկարում` Սառա Ուրենյա Կաբրերան
եւ Խուան Անտոնիո Ռամիրեսը:

«Առավոտ»

08,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031