Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես Վազգեն Սարգսյանի անվտանգությունն ապահովեցիր, այնպես էլ հայ ժողովրդի անվտանգությունը կապահովես». Նիկոլ Փաշինյան

Մարտ 08,2017 22:00

«Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավի շրջանակում հայտարարեց, որ փողոցից փողոց են գնում ու քաղաքացիներին ասում, որ առաջիկա ընտրություններում իրենց ամենամեծ թշնամին մարդկանց հուսահատությունն է, բայց հուսահատվել պետք չէ, իրենք ելք են առաջարկում:

«Բայց մեր այս ուղերձը հերթական քաղաքական ինտրիգի տեղիք է տվել:
Ասում են՝ հա դուք չեք քննադատում իշխանություններին: Այնքան, ինչքան մենք ենք գնահատել ու հասցեական, ընտրություններին մասնակցող մնացած ուժերը երեք տարի՝ շաբաթ կիրակիով պետք է քննադատեն ու հասցեական խփեն, որ մեզ հասնեն»,- ասաց պարոն Փաշինյանը:

Անդրադառնալով ՀՀԿ-ի «անվտանգություն ու առաջընթաց» կարգախոսին՝ պատգամավորը շարունակեց. «Անվտանգությունը պատկերված է զինվորական հագուստ հագած Սերժ Սարգսյանի տեսքով, նրա այդ կերպարի ուղերձը չափազանց ձախողված ուղերձ է, որովհետեւ նրա իշխանության օրոք Հայաստանը ութ հարյուր հեկտար տարածք է կորցրել, նա անվտանգության մասին խոսելու իրավունք չունի, նրա պաշտոնավարման արդյունքում ՀՀ անվտանգությունն ապահովում են ութսունականների զենքերով, առաջնագծի տեխնիկական հագեցվածությունը, որը վերջերս իրականացվել է եւ էականորեն փոխել իրավիճակը, ամբողջությամբ քաղաքացիների հանգանակություններից գոյացած գումարներով է իրականացվել, նույնիսկ պետական միջոցներով Սերժ Սարգսյանը չի կարողացել դա ապահովել: Մեր պետությունը վերջին ութ տարիներին անվտանգության ռազմավարական պլանավորման մեջ կոպտագույն սխալներ է գործել, երբ այն ժամանակ Ադրբեջանն իր առաջնագիծը հագեցնում էր տեխնոլոգիական գործիքներով, մեր բարձրագույն ղեկավարությունը կանսերվի կոկոշներ էր շարում խրամատների եզրերով Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանն ասում են՝ մենք կործանիչ ավիացիա չունենք, անկախության օրվան նվիրված շքահանդեսին բերում են, թեկուզ բարեկամական երկրի ինքնաթիռներ են տանում, այդպիսով կասկածի տակ դնելով այդ զորահանդեսի իրականությունը: Բա ինչո՞վ եք զբաղված եղել քսանհինգ տարի: Այդ ինչպե՞ս է որ կործանիչ ավտոմեքենաներ ունեք, կործանիչ կոստյումներ ունեք, կործանիչ առանձնատներ ունեք, բայց կործանիչ ավիացիա չունեք:

Այդպե՞ս եք ապահովում ՀՀ անվտանգությունը, որ հիմա էլ Կարեն Կարապետյանն ասում է՝ մեր տանկերը խոդ չեն ընկնում, բա ինչի՞ խոդ չեն ընկնում ձեր տանկերը: Ավելի լավ էր էդ պլակատի վրա պատկերեին մի հատ խոդ չընկնող տանկ ու վրան էլ գրեին անվտանգություն, չնայած ՀՀ քաղաքացիները, Սերժ Սարգսյանին այդ կերպարով նայելով, պետք է հասկանան՝ այդտեղ պատկերված է տանկ, որը խոդ չի ընկել ու չի ընկնելու:

Անվտանգությունը Սերժ Սարգսյանի աքիլլեսյան գարշապարն է, որովհետեւ 1995-99 թթ Սերժ Սարգսյանը եղել է ԱԱԾ ղեկավարը, այդ ընթացքում սպանվել են գլխավոր դատախազ, ՊՆ նախարարի տեղակալ, ներքին գործերի նախարարի տեղակալ, տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ը, սպանվել են ԱԺ նախագահ, վարչապետ, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, այդ բոլորի անվտանգությունն ապահովելը Սերժ Սարգսյանի աշխատանքային պարտականությունն էր, սա է Սերժ Սարգսյանի ապահոված անվտանգությունը:

Ինչպես Վազգեն Սարգսյանի անվտանգությունն ապահովեցիր, այնպես էլ հայ ժողովրդի անվտանգությունը կապահովես»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031