Ասում են՝ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու ետևում էլ ավելի հաջողակ կին է կանգնած: Այսօր մեկնարկում է կանանց մեկամսյակը: Մեկամսյակը սկսենք` խոսելով կանանց մասին: Այստեղ կանայք են, որոնք ունեն տարբեր հաջողության բանաձևեր և կիսվել են մեզ հետ այդ բանաձևերով՝ պատմելով իրենց կյանքի պատմությունները` մեկը մեկից տարբեր, բայց շատ հետաքրքիր և ուսուցանող:
ԻՆՉ ՈՒԶՈՒՄ Է ԼԻՆԻ՝ ՔԱՂՑՐ Է ԿՅԱՆՔԸ
68 ամյա իմ հերոսուհին մասնագիտությամբ բժշկուհի է : Լինելով բժշկուհի` հինգ տարի հենց ինքն է ունեցել օգնության ու բժշկվելու կարիք, որովհետև իր երիտասարդության հինգ տարիներն անցկացրել է անդամալույծի սայլակին: Բժիշկների խոսքերին՝ թե այսպես անցնելու է իր ամբողջ կյանքը, հակառակվել է` այդ ամբողջ կյանքի ախտորոշումը դարձնելով ընդամենը հինգ տարի: Նա բժշկել է ինքն իրեն` ունենալով ամենաօգնող դեղամիջոցները` ուժ, կամք, սեր ընտանիքի ու շրջապատի նկատմամբ: Աշխատել է Անդրանիկի թաղամասում գտնվող ծերանոցում, հետո դարձել նույն ծերանոցի տնօրենը, իսկ հիմա վարիչն է:
Հարցազրույցը Սիլվա Հակոբյանի հետ է:
Կարդացեք նաև
— Տիկի՛ ն Սիլվա ինչո՞ւ որոշեցիք դառնալ բժիշկ:
— Ընդհանրապես, իմ երազանքը բժիշկ դառնալը չի եղել: Մտածել եմ, որ պիտի, անպայման, դերասանուհի դառնամ, բայց քանի որ ծնվել և մեծացել եմ գյուղում, ծնողներս են որոշել, որ պիտի գնամ, ավարտեմ, վերադառնամ ու աշխատեմ գյուղում, իսկ իրենց համար դերասանուհի դառնալուս որոշումը դժվար էր ընդունել, որովհետև ես պիտի քաղաքում մնայի: Բայց տվյալներ ունեի: Դեռ 6-րդ դասարանում, ինձ հետ հարցազրույց են անցկացրել անվանի ասմունքողներ Հրաչուհի Ջինանյանը, Վոլոդյա Աբաջյանը: Նրանք գուշակեցին, որ ես կարող եմ դառնալ դերասանուհի, բայց չստացվեց: Ծնողներս որոշեցին, որ ես պիտի դառնամ բժշկուհի, աշխատեմ գյուղի բուժկետում. ծրագրել էին իմ ամբողջ կյանքը: Ծրագրի համաձայն` ավարտեցի, եկա գյուղ: Աշխատելու տարիներին մեծ հարգանք էի վայելում, շատ- շատ սիրում էին ինձ, ես էլ սիրում էի գյուղի ժողովրդին: Ու հենց այդ սիրուց ես ինձ պարտավորված էի զգում, հենց այդ սիրուց էլ սկսվեց ամեն ինչ. սեր մասնագիտության նկատմամբ, սեր ազգիս, գյուղիս, ծննդավայրիս նկատմամբ և իմ բոլոր հիվանդների նկատմամբ: Մի խոսքով սիրեցի ու աշխատեցի այդ մասնագիտությամբ:
— Իմանալով Ձեր կյանքի պատմությունը` ուզում եմ ուղղել հետևյալ հարցը. կյանքի մատուցած անակնկալին հե՞շտ էր դիմակայել ու համակերպվել:
— Ասեմ… (հոգոց հանեց): Չէի սպասում երբեք, որ կարող է մի այնպիսի անակնկալ լինել, որ ես իմ երեխաներին մի պահ զրկեմ մայրական խնամքից, ամուսնուս թողնեմ էդ վիճակում, ընկերներիս, հարազատներիս, բոլորին…Այդ անակնալը ոչ թե միայն իմն էր, այլ բոլորինը: Այն մարդկանցն էր, ում հետ ես աշխատել էի, որտեղ ես ապրել էի: Բայց շատ դժվարություններ անցնելուց հետո, որոշել էի, ինքս ինձ ծրագիր էի տվել, որ պետք է առողջանամ, որպեսզի իմ երեխաները իրենց երբեք դժբախտ չզգան: Պիտի ԱՆՊԱՅՄԱՆ քայլեմ: Մենք շատ բժիշկների այցելեցինք, շատ տեղերում եղանք, բոլորն էլ ասում էին. «Դու պիտի համակերպվես, չի լինելու այնպես, որ քայլես: Դու դեռ երիտասարդ ես, համակերպվիր, որ քեզ դժբախտ չզգաս ամբողջ կյանքում»: Բայց ես չէի կարող համակերպվել, որովհետև էությամբ շատ կենսախինդ եմ եղել: Ու լեցուն մանկությունից, երիտասարդությունից հետո ես չէի կարող նստել ու մտածել, թե ես արդեն ոչ մի բանի պետք չեմ, անգամ իմ երեխաներին պետք չեմ: Սերս ու հավատս Աստծու նկատմամբ ինձ օգնեցին. գիշեր-ցերեկ աղոթում էի, ասում, որ պիտի 2 աղջկաս համար մայր լինեմ: Ես կարողացա ոտքի կանգնել, ու իմ լեցուն կյանքը շարունակվեց, որն էլ ավելի իմաստավորվեց 10 տարի հետո Արմանիս` տղայիս ծնունդով, իսկ դա հրաշք էր. հրաշք բոլորիս համար:
— Ի՞նչ սովորեցրին կյանքի դժվարությունները:
— Իմաստնություն, ես իմաստացա: Եթե ես չունենայի այդ դժվարությունները…
Ռոզա ջան, ես մինչև հիմա էլ հեշտությամբ կարողանում եմ տանել դրանք: Պիտի մարդը կարողանա ապրել, աշխատել և ամենակարևորը` դիմանալ կյանքի բոլոր դժվարություններին: Ու երեխաներին էլ պետք է սովորեցնի դիմանալ դրանց: Իմ երեխաներից յուրաքանչյուրը հիմա կարող է դիմանալ ամեն տեսակի դժվարության: Երբ 90- ականների սովն էր, մեր աշխատողներից մեկն ասաց. «Իմ երեխան սովոր է ապրել քաղցրավենիքով, իսկ հիմա առանց դրա չի կարող»: Բայց իմ երեխաները սովորեցին, և ապրում էինք, ու շատ ավելի ուրախ, երջանիկ, քան հիմա:
— Ո՞վ էր այն մարդը, որ միշտ Ձեր կողքին էր:
— Ամուսինս, Ռոզա ջան: Միանշանակ՝ նա… թեկուզ միայն իր խորհրդով, նա միշտ կողքիս է եղել: Երբ ինչ- որ բան պիտի որոշեմ, միշտ հարցնում եմ պապիկիդ կարծիքը ու անում այնպես, ինչպես նա կասի: Իմ այդ դժվար պահերին նա ինձ վերաբերվել է, ինչպես ծնողը իր երեխային կվերաբերվեր: Ես հիշում եմ, թե նա ինչքան դժվարություններ է տարել, մինչև ինձ ոտքի է կանգնեցրել: Ես նրան համարում եմ մեծ ու իմաստուն մարդ: Գիտե՞ս, ես սիրելով չեմ ամուսնացել նրա հետ, դա էլ է եղել ծնողներիս որոշումը: Նա եղել է իմ ուսուցիչը դպրոցում: Մայրս, հայրս մանկավարժներ էին, ամուսինս էլ, ու ծնողներս համոզված էին, որ նա հրաշալի տղա է: Ես չէի ուզում, բայց չէի կարող դա բարձրաձայնել: Ամուսնացա, և իր մեծագույն սերը իմ հանդեպ ծնեց իմ սերը, հարգանքը ու նվիրվածությունը իր նկատմամբ: Ես մինչև հիմա պատկառանքով եմ վերաբերվում այդ մեծ սիրուն, այդ մեծ հոգու տեր մարդուն: Հեղնարը (հարսն է) օրը մի 10 անգամ ասում է. «Վա~յ, ձեր սերը»: Մինչև հիմա ընդմիջման ժամանակ ես պիտի անպայման գամ տուն ու իր հետ հաց ուտեմ, որովհետև ինքը չի ուտի մինչև չտեսնի, որ ես կերել եմ:
— Ի՞նչ եղավ Երևան տեղափոխվելուց հետո:
— Երևան տեղափոխվելը անհրաժեշտություն էր, որովհետև ես չէի կարող ապրել շրջանում, բարձր դիրքերում. դա վնաս էր առողջությանս: Սկսվեց դժվարությունների մի նոր փուլ, ես դեռ չէի ապաքինվել, տուն չունեինք, բայց փառք ու պատիվ պապիկին, որ կարողացավ աշխատել` անելով նաև արտագնա աշխատանք: Էստեղ բնակարան ստացանք: Ինձ աշխատանք առաջարկեցին ծերանոցում: Սկզբում շատ դժվար էր: Երբ գնացի, տեսա ծերերին նստած, հասկացա , որ շատ դժվար է լինելու: Բայց տանը մոտ էր, ու ես որոշեցի, որ պիտի աշխատեմ: Ընդունվեցի աշխատանքի: Բուժկետի վարիչն էի: Ու այստեղ էլ ինձ բոլորը շատ սիրեցին: Ծերերից մեկը ինձ մինչև հիմա ասում է Մայր Թերեզա, մյուսը` իմ լավ , սիրելի Սիլվա: Աշխատեցի, բոլորի համար մայր դարձա, իրենք էլ` ինձ համար ծնող: Անգամ իմ մոր մեծարման երեկոյին ես չկարողացա գնալ: Մինչև հիմա էլ ինձ հարցնում են, թե ինչու չկամ, մորս մեծարման երեկոյի տեսանյութի մեջ… Ո՞նց բացատրեմ, որ ես պիտի միայնակ ծերի թաղեի, այն էլ ազգությամբ ռուս:
Հետո դարձա նույն ծերանոցի տնօրենը: Դա չլսված բան էր. բուժկետի վարիչից միանգամից ծերանոցի տնօրեն: Իսկ դա իմ ծերերի պահանջով էր: Տնօրինության տարիները համընկան մութ ու ցուրտ տարիներին, երբ դռնեդուռ ընկած փայտ էինք հայթայթում, վառարաններ էինք տեղադրում, որ ծերերը չմրսեն, տատիկներին գործել էի սովորեցնում, պապիկների համար գրքեր էի կարդում լամպի լույսի տակ: Հիմա ես այդ ծերանոցի վարիչն եմ: Եվ ես կարծում եմ` դա իմ առաքելությունն էր, որ ես պիտի արդեն 30 տարի աշխատեմ այնտեղ:
— Աշխատում եք ծերանոցում: Ի՞նչ ունեք ասելու այն երեխաներին, որոնք թողել են իրենց ծնողներին (պատասխանեց շատ արագ, առանց երկար մտածելու):
— Ասեմ, Ռոզա ջան, ոչինչ… ոչինչ չունեմ ասելու: Ես երբեք չեմ կարող և չեմ կարողացել որևէ երեխայի մեղադրել, ինչո՞ւ… որովհետև ամեն ինչ հարաբերական է: Կան ծնողներ, որոնք իրենք չեն ցանկանում ապրել երեխաների հետ, կան ծնողներ, որոնք իրոք լքված են: Այդ դեպքում էլ չեմ կարողացել ոչինչ ասել, մեղադրել եմ հոգուս խորքում, կանչել եմ երեխային, զրուցել եմ հետը, բայց էլի չեմ կարողացել ոչինչ ասել: Միշտ մտածել եմ, որ նա մի արդարացնող բան կասի: Իմ ծերերը բոլորն էլ ինտելիգենտ մարդիկ են , նրանց շարքում կան գիտնականներ, դերասաններ, վետերաններ, բոլորն էլ շատ խելացի են, նրանցից ես ինքս շատ բաներ եմ սովորել: Երբ հարցնում եմ, շատերն ասում են, որ իրենք հոգնում էին, ասում են, որ երիտասարդներն իրենց խանգարում էին, լքում էին, գնում թատրոն, բայց ես հասկանում եմ: Նրանք չէին լքում, ուղղակի վայելում են իրենց երիտասարդությունը, չէ՞ որ նրանք էլ ուզում են լավ ժամանակ անցկացնել: Եղել են դեպքեր, ես կարող եմ ասել զավեշտ, որ զանգել եմ երեխային, խոսել, ասել եմ. «Գիտե՞ս, հորդ մասին հաղորդում է պատրաստվում, գալիս են Մոսկվայից նկարելու», իսկ ինքը պատասխանել է, թե մենք այդպիսի ծնող չունենք: Այ, էս դեպքում կարող եմ ասել, որ նրանց մոտ մարդկային ոչինչ չի կարող լինել, ինչքան էլ ծնողդ վատը լինի, չես կարող ասել` ինձ չի հետաքրքրում:
-Ի՞նչ է հաջողությունը Ձեզ համար:
-Այն շրջապատի կողմից գնահատված ու սիրված լինելն է, իսկ ես գնահատված ու սիրված եմ եղել. դա իմ հաջողությունն է:
–Ո՞րն է հաջողության ձեր բանաձևը:
-Բարությունը և սերը շրջապատի, մարդկանց նկատմամբ:
-Ի՞նչն է կնոջը դարձնում գեղեցիկ:
-Առաջին հեթին պիտի կնոջ հոգին գեղեցիկ լինի: Նա չպիտի լցվի չարությամբ: Եթե ինչ-որ մարդկանց կողմից սխալ նկատի, ուղղի: Կինը պիտի սիրով լված լինի՝ սեր բնության, շրջապատի, իր երեխաների և բոլորի հանդեպ:
— Սահմանե´ք կյանքը:
— Մարդը պիտի ապրի 2 կյանք: Առաջին կյանքում դու պիտի սովորես սխալներիդ վրա, հաջորդ կյանքում չանես դրանք, բայց քանի որ մի կյանք է, համակերպվում ես ամեն ինչին… Կուզենայի 2 կյանք ապրել:
— Եվ վերջում `ինչպիսի՞ն է կյանքը:
— Լավն է, շա~տ լավը: Ոնց լավը չէ, երբ որ ես ունեմ հրաշալի զավակներ, վայելում եմ շրջապատի սերն ու հարգանքը: Իմ երեխաները թոռները կյանքիս մեծագույն երջանկությունն են: Երբ քայլում եմ փողոցով, ծանոթ-անծանոթ ասում են. «Բարեւ, տիկին Սիլվա», «Հարգանքներս, տիկին Սիլվա»… Ես հպարտ եմ, հպարտ, որ ապրել եմ, ունեմ նման երեխաներ, ճիշտ է չունեմ ժամանակակից կահույք, կյանքում չեմ հագնվել այնպես, ինչպես ես եմ ցանկացել, ոչ ունեցել եմ այնպիսի տուն, որ կուզենայի, բայց հպարտ եմ այս ամենով, որովհետև սա իմ ստեղծածն է, իմ ուրախություններն ու վատ օրերը այստեղ են եղել: Վատ օրերը պետք չէ հիշել և չեմ էլ ուզում: Ինչ ուզում է լինի՝ քաղցր է կյանքը:
Հեշտությամբ հանձնվե´ք միայն սիրո ու երջանկության ալիքներին
Մեր հաջորդ հերոսուհին արևելագետ Աննա Դավթյանն է: Արմատներով Լոռիից է, բայց ծնվել է Թբիլիսիում: Ասում է, որ երեսունով սկսվող թիվ ասելուն դեռ չի սովորել, ամեն անգամ հաշվում է, որ չմոռանա. 31 տարեկան է: Ամուսնացած է, ունի 2 որդի: Աշխատում է Երևանի պետական համալսարանի Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում՝ որպես գիտ․աշխատող, դասավանդում ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնում։
-Ինչպե՞ս տեղափոխվեցիք Հայաստան, և որոշեցիք մնալ ու շարունակել ապրել այստեղ:
-Հայաստան տեղափոխվեցինք ընտանիքով, երբ իններորդ դասարանում էի սովորում։ Հայաստանի հետ կապը միշտ կար նաև մինչև տեղափոխվելը․ամեն ամառ տատիկիս մոտ՝ Ստեփանավանում էինք հանգստանում ու անասելի ջերմ, կանչող աշխարհ էր մեզ (իմ ու եղբորս) համար։ Գուցե մի քիչ երկար ստացվի, բայց հիմա մտովի վերադարձա այդ տարիներ ու ուզում եմ պատմել, որ Երևան տեղափոխվելու ցանկության վրա մի առիթ է շատ մեծ ազդեցություն ունեցել։ Պատանի տարիքում Թբիլիսյան «Գրական ծիլեր» գրական ակումբի անդամ էի ու մեզ հյուր էին եկել Երևանի Իսակովի անվան դպրոցում գործող «Վերնատուն» գրական խմբակի անդամները։ Այնքան պայծառ, այնքան լուսավոր ու գրավիչ մարդիկ էին, այնքան շուտ ընկերացանք ու մտերմացանք, որ նրանց հանդեպ կարոտը վերաճեց քաղաքի հանդեպ կարոտի, հետո նաև գիտակցության, որ ուզում ես նրանց հետ լինել, նրանց միջավայրում։ Երբ տեղափոխվեցինք, հենց այդ դպրոցում շարունակեցի ուսումս, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ հրաշալի մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն ունեցա։
-Ինչպե՞ս եք ընտրել Ձեր` արևելագետի մասնագիտությունը, ի՞նչն է նպաստել դրան:
-Իմ կյանքում շատ կարևոր որոշումների վրա իրենց ազդեցությունն են ունեցել ինձ շրջապատող մարդիկ, ինձ հետ իմ կամքով կամ իմ կամքից անկախ կատարվող իրադարձություններ, բայց որոշումներիս համար չեմ զղջում, ընդհակառակը՝ դրանք հաջողություններ եմ համարում։ Դժվարանում եմ ասել, թե կոնկրետ ինչը նպաստեց, որ արևելագետի մասնագիտությունն ընտրեմ, բայց ուսումնառության առաջին իսկ օրվանից զգացի, որ սիրում եմ այդ մասնագիտությունը։
-Ձեր մասնագիտությունն ի՞նչ դեր ունի ձեր կյանքում, համարո՞ւմ եք այն Ձեր հաջողության գրավականը:
-Արևելագիտությունն ինձ համար նախևառաջ արևելագետներն են, ում հետ առիթ եմ ունեցել շփվելու, գրքերն են, որոնք նոր աշխարհներ են բացել իմ առաջ՝ առեղծվածային ու կախարդական, զարմանալի ու օտար, գրավիչ ու հարազատ աշխարհներ, երաժշտությունն է՝ յուրահատուկ ելևէջներով․․․էս բոլորն, իհարկե, աշխարհայացք են ձևավորում, դառնում ինքնության մի մաս, դառնում ինքը կյանքը, որ ապրում ես։
– Եթե ընտրեիք մեկ այլ մասնագիտություն, ո՞րը կլիներ դա:
-Իմ մասնագիտությունը ինձ հնարավորություն է տալիս մի քանի մասնագիտությունների «պտուղներ ճաշակել» ու ինձ թվում է՝ ինչ էլ ընտրեի, արևելագետի մոտեցում կլիներ այդ մասնագիտությանը։
–ԵՊՀ-ի Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի աշխատակցուհի եք, մնացել ու հաջողության եք հասել հարազատ բուհում. ի՞նչ եք կարծում՝ սա նպաստե՞լ է Ձեր հաջողությանը:
-Իսկապես, մագիստրատուրան ավարտելուց հետո հարազատ բուհում աշխատանքի առաջարկ ստանալը հաջողություն եմ համարում, քանի որ դա առաջարկ էր աշխատելու մի միջավայրում, որտեղ աշխատանքդ շարունակական կրթությունն է, որտեղ շրջապատված ես հետաքրքիր ու բազմաշնորհ մարդկանցով, որտեղ գրքերը, երաժշտությունն ու կինոն քո ու գործընկերներիդ փոքրիկ աշխարհի հիմնասյուներն են։ Այս կենտրոնի մաս դառնալը իսկապես իմ հաջողությունների գրավականը կարող եմ համարել։
–Դասախոսում եք: Այն ի՞նչ նշանակություն ունի ձեր կյանքում:
-ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնության կենտրոնի կողմից կազմակերպված մրցույթի արդյունքում 2013 թվականին առիթ ունեցա վերապատրաստում անցնելու Արիզոնայի պետական համալսարանում, որից հետո դասաժամեր ստացա ԵՊՀ Կիրառական Սոցիոլագիայի ամբիոնում։ Արիզոնայում մշակած իմ դասընթացը կոչվում է «Միջմշակութային հաղորդակցություն և գենդերային խտրականություն»։ Շատ հետաքրքիր ու գրավիչ փորձառություն է ինձ համար դասավանդելը։ Ամեն անգամ լսարան մտնելուց հետո ես հարստացած եմ դուրս գալիս․ուսանողներին որևէ թեմա կարդալը, նրանց հետ քննարկումները և՛ որպես մասնագետ, և՛ որպես մարդ ինձ համար նորանոր հետաքրքիր ոլորտներ են բացահայտում։ Անասելի սիրում եմ էն էներգիան, որ տալիս ու ստանում եմ լսարանում՝ հետաքրքրասեր հայացքներ որսալիս, ոգևորված աշխատանք տեսնելիս։ Իսկապես, ձեռքբերում եմ համարում նաև դասավանդելու հնարավորությունը, դասավանդելու շնորհիվ հրաշալի ընկերներ եմ ձեռք բերել։ Երբ արդեն ավարտած ուսանողների հետ շարունակում է կապ լինել` հետաքրքիր հոգևոր կապ, զգում ես, որ լսարանը լավագույն վայրն է, որտեղ կարելի է համախոհներ գտնել։
-Պատմե′ք ձեր հաջողության ուղուց` հիշելով հաղթանակներն ու անկումները: Ի՞նչ է հաջողությունը, ըստ Ձեզ:
-Գիտեք՝ անկեղծորեն չեմ համարում, որ ունեմ հաջողության ուղի․․․ունեմ իմ անցած ուղին՝ լավ կամ վատ, իմ ուղին է, այդ ուղու հաջողությունները պայմանավորված են լուսավոր մարդկանցով ներշնչվելու, ոգևորվելու ունակությամբ, իսկ անկումները որպես կանոն նպաստում են սեփական սկզբունքներին դավաճանության փորձն անգամ, երբ ակամա տրվում ես խաղի՝ քեզ համար օտար կանոնների, երբ թույլ ես տալիս, որ էմոցիոնալ դաշտ ներխուժեն բացասական ելևէջներ, երբ «մոլորակդ կարգի չես բերում ու բաոբաբները ահռելի չափերի են հասնում, խորտակելով մոլորակդ»։ Հաջողությունն այն է, ինչ հնարավորություն է տալիս մի սար այն կողմ էլ փորձել բացահայտել, հաջողությունը ճանապարհ է ու դիտանկյուն միաժամանակ․ այ քեզ հաջողություն, կարծես փիլիսոփայում եմ:/ժպտում է-Ռ.Հ/
-Ո՞րն է հաջողության Ձեր բանաձևը:
-Չեմ սիրում բանաձևեր…
-Ո՞րն եք համարում ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը, հաղթանակը:
-Դեռ ամեն բան առջևում է․ դեռ բազում թուլություններ կան հաղթահարելու։
-Ինչպե՞ս եք կյանքում հաղթահարում անկումները, դրանք հեշտությա՞մբ են կարողանում կոտրել Ձեզ:
-Իրականում խոցելի մարդ եմ, բայց աշխատում եմ չկոտրվել: Միշտ գտնվում է ինչ-որ երաժշտություն, ինչ-որ տող կամ հաստափոր մի գիրք, որ օգնում է հասկանալ՝ ոչ մի անկում աշխարհի վերջը չէ ու սկսում ես «վերակառուցել աշխարհդ», սկսելով քո վերաբերմուքն այդ աշխարհի նկատմամբ փոխելով։
-Խորհուրդ տվե′ք այն մարդկանց, ովքեր հեշտությամբ են հանձնվում:
-Հեշտությամբ հանձնվեք միայն սիրո ու երջանկության ալիքներին:
–Մայրության և գեղեցկության տոներն են. ի՞նչ է կնոջը դարձնում գեղեցիկ Ձեր կարծիքով:
-Նախ, կուզեի ընդգծել, որ ունենք կանանց իրավունքների պաշտպանության օր, որ շատ կարևոր օր է կանանց իրավունքների մասին խոսելու, այդ իրավունքների իրացման ճանապարհին եղած խնդիրները վեր հանելու ու լուծումներ փնտրելու, առաջարկելու տեսանկյունից, և ապրիլին տոնվող մայրության ու գեղեցկության տոնը, որ առանձին մի տոն է՝ բոլորովին այլ պատմությամբ, իմաստով ու արմատներով։ Կնոջը, ինչպես և մարդուն, առհասարակ, գեղեցիկ է դարձնում ներդաշնակ, խաղաղ ներաշխարհը, սիրելու կարողությունը, ինքնադրսևորման հնարավորությունը, բազում այլ ՝ մեծ ու փոքր երևույթներ, բայց նաև «գեղեցիկի» մասին ընդունված կաղապարի մեջ չլինելու իրավունքը :
Աշխատասիրություն+ Նվիրվածություն= Հաջողություն
21-ամյա Լիլիթ Պողոսյանը Հայաստանի բադմինթոնի չեմպիոն է, այն էլ ութակի: Շատերդ էլ ինձ նման կասեք ՝ էդպիսի սպորտ կա՞: Փաստորեն կա: Նա շատ է սիրում իր սպորտաձևը և օրվա մեծ մասն անցկացնում է մարզասրահում, մարզվում՝ հասնելու իր նպատակին՝ 2020 թ-ի Օլիմպիական խաղերին: Սովորում է ԵՊԼՀ-ի անգլերեն և միջազգային լրագրություն բաժնում, բայց դեռ չգիտի՝ որն է իր ամենասիրելի մասնագիտությունը:
-Ինչպե՞ս ընտրեցիք բադմինթոնը:
-Քանի որ հայրիկս մեր հավաքականի մարզիչն էր, և ինձ ու եղբորս միշտ տանում էր պարապմունքների, սիրահարվեցի այդ սպորտին: Հայրիկս էլ շատ էր ուզում, որ մենք շարունակենք իր գործը, մենք էլ սկսեցին պարապել բադմինթոն: Ընտանիքում եղած սերը սպորտի՝ հատկապես բադմինթոնի հանդեպ, նպաստեց, որ ես զբաղվեմ այս սպորտով:
-Ի՞նչ հաջողություններ ունեք այս ոլորտում:
-4 տարեկանից եմ զբաղվել այս սպորտաձևով, բայց պրոֆեսիոնալ՝ 11 տարեկանից: Առաջին հաջողությունս մինչև 15 տարեկանների Բալկանյան երկրների առաջնության մրցաշարում 2-րդ տեղ գրավելն էր, հաջորդ տարի՝ 3-րդ տեղը, Բալկանյան երկրների առաջնության մինչև 17 տարեկանների մրցաշարում գրավել էի 3-րդ տեղը: Հիմա մեծահասակաների բաձր մակարդակի մրցաշարերին եմ մասնակցում, դեռ այդպիսի հաջողություններ չեմ գրանցել, բայց աշխատում եմ այդ ուղղությամբ: ՀՀ սպորտի վարպետ եմ, Հայաստանի ութակի չեմպիոն, պատանեկան առաջնության վեցակի չեմպիոն, համահայկական խաղերի՝ երկակի:
-Ո՞րն է այս հաջողությունների մեջ ամենասպասվածը:
-2015 թվականի համահայկական խաղերը: Մենք Երևանի թիմով շատ-շատ էինք աշխատել այդ հաջողությանը հասնելու համար: Բարեբախտաբար կարողացա գրավել առաջին տեղը:
Լիլիթը պատմում էր, որ Հայաստանում գրեթե բոլոր սպորտաձևերում կա մի խնդիր, կա մեկ ընդգծված առաջատար, որ մրցակից չունի, այսինքն` չկա մեկ ում հետ կարող է պարապել և ուժեղանալ
– Օրինակ մեկը ես պարապում եմ ինձնից փոքրերի հետ, ճիշտ է նրանց մակարդակը աճում է և ես շատ եմ ուրախանում դրա համար, բայց իմ մակարդակը շատ դանդաղ է բարձրանում: Մենք ամեն կերպ ուզում ենք քաղել եկած օգուտները՝ ուսումնամարզական հավաքների եմ մասնակցում Եվրոպայում, մրցաշարերի եմ մասնակցում, էստեղ ենք հրավիրում մարզիչներ. մի կերպ կարողանում են դուրս գալ այդ իրավիճակից:
-Մարզումների ընթացքում դուք և ձեր հայրը մարզիչ և աշակե՞րտ եք, թե՞ աղջիկ ու հայր:
-Ճիշտն ասած, ես էլ չեմ կարողանում մինչև հիմա տարբերել: Մեզ մոտ, երևի, հիմնականում մարզիչ աշակերտ հարաբերություններ են անգամ տանը: Գալիս ենք տունը հաց ուտելու, ու հայրս անգամ այդ ընթացքում ասում է՝ ինչը կարող եմ փոխել խաղի մեջ, խորհուրդներ է տալիս, կամ օրինակ երբ նստում ենք ընտանիքով սպորտային հաղորդումներ նայելու, միշտ ուղղություն է ցույց տալիս՝ օրինակ ասում է. «Նայի Մխիթարյանը խելացի խաղաց, դու էլ փորձիր էսպես»: Ես չեմ բողոքում, էդպես է, պիտի դիմանամ: Ինձ համար է անում:
-Կա՞ սպորտաձև որով կզբաղվեիք, եթե չլիներ բադմինթոնը:
-Ես ամեն տարի մի սպորտաձևի եմ սիրահարվում: Այս տարի սպորտային մարմնամարզության հեթն էր: Սիրում եմ ֆուտբոլ, թենիս: Մեծ հաճույքով կպարապեի յուրաքաչյուրն էլ, եթե չլիներ բադմինթոնը, բայց կա բադմինթոնը…
-Ո՞րն եք համարում ձեր մասնագիտությունը. լրագրությո՞ւնը , թե՞ բադմինթոնը:
-Դա շատ բարդ խնդիր է, որովհետև 4 տարի առաջ, երբ նոր էի ընդունվում, վերջնական որոշում չէի կարողանում կայացնել: Հիմա էլ նույն վիճակն է: Հիմա իմ առջև նպատակ ունեմ մասնակցելու 2020 թվականի օլիմպիական խաղերին: Եթե պիտի մասնակցեմ դրան, ուրեմն պիտի նվիրվեմ մարզումներին. այդ պատճառով չկա դեռ վերջնական որոշում: Կշարունակեմ, այս տարի կավարտեմ համալսարանս, հետո արդեն կտեսնենք: Կգնամ Եվրոպա մարզումների, կհասնեմ նպատակիս, հետո կվերադառնամ իմ սիրելի հոբիին՝ լրագրությանը, և կդարձնեմ մասնագիտություն:
-Ինչպե՞ս եք հաղթահարում սպորտային անկումները:
-Շատ դժվար է, երբ ամբողջ կյանքդ մի բանի ես նվիրում, պարապում, մտածում հաղթանակի մասին, ու գալիս է այդ պահը, որ պիտի քաղես հաղթանակը ու հակառակն է ստացվում: Դա շատ հուսահատեցնող է, բայց ես չեմ հանձնվում. դա իմ բնավորության ամենակարևոր գծերից մեկն է: Ես չեմ սիրում հանձնվել, որովհետև չեմ ուզում տարիներ անց նստել ու ասել ՝ ինչո՞ւ չարեցի, եթե կարող էի: Հիասթափություն ինձ մոտ տևում է առավելագույնը 2-3 օր: Ես կարող եմ նստել, մտածել՝ ինչն եմ սխալ արել: 3 օր անցնում է, ես վերադառնում եմ մարզումներիս և անում դա ավելի մեծ եռանդով:
-Ի՞նչ խորհուրդ կտաք հիասթափվողներին:
-Մտածե´ք, որ տարիներ անց սկսելու եք ափսոսալ, որ այդ ժամանակը չեք օգտագործել: Արե´ք հիմա, մի´ կորցրեք այդ ժամանակը: Մի´ հանձնվեք, քանի որ կյանքը ընդամենը մեկ անգամ է տրվում:
-Ի՞նչ է հաջողությունը ձեզ համար և ո՞րն է հաջողության Ձեր բանաձևը:
-Հաջողությունն ինձ համար նվիրվածության և աշխատասիրության արդյունքն է: Եթե նվիրվես ու հաճույքով անես քո գործը, հաջողությունն անպայման լինելու է: Ինչքան կարդում եմ հաջողակ մարդկանց կենսագրությունները, չի եղել այնպիսի դեպք, երբ մարդ նվիրվի , աշխատի ու հաջողության չհասնի:
Աշխատասիրություն+ Նվիրվածություն= Հաջողություն:
Ես մաթեմատիկայից շատ լավ եմ:
-Ինչո՞ւմ է սպորտով զբաղվող կնոջ գեղեկությունը
-Բոլորս գիտենք, որ սպորտը գեղեցիկ կազմվածքի ու լավ առողջության գրավականն է: Երբ կինը զբաղվում է սպորտով, ունի նպատակ: Եթե ունի նպատակ, իր կյանքը չի անցնում հենց այնպես: Նպատակասլացությունը ինձ համար կնոջ գեղեցիկ բնավորության գծերից մեկն է: Բացի դրանից սպորտով զբաղվող կինը նվիրվող է լինում, ու եթե նվիրվում է, տարիներ անց կնվիրվի նաև իր ընտանիքին, երեխաներին, ամուսնուն:
-Ո՞վ է այն մարդը, ով միշտ օգնում է Ձեզ:
-Մայրս, նույնիսկ երբ պարտվում եմ առաջինը մայրիկիս եմ զանգում: Նա իմ հոգեբանն է, մարզիչը, դասղեկը. իմ ամեն ինչն է:
-Եվ վերջում՝ ի՞նչն է փոխել ձեր կյանքը:
-2 տարի առաջ Գերմանիայում պատանեկան մրցաշարի էի մասնակցում: Պարտվեցի, բայց ամենահիշվողը սա էր. փողոցում քայլում էի, ինձ թվաց՝ գետնին մետաղադրամ էր, պարզվեց շշի փայլուն կափարիչ էր: Ես ինքս ինձ որոշեցի փորձության ենթարկել, իսկ ես դա ինքս ինձ հետ շատ եմ անում: Որոշեցի մինչև Գերմանիայից վերադառնալս գտնել մետաղադրամ: Էդպես էլ չգտա, հույսս կորցրել էի, մի տոկոս հույս էր մնացել: Արդեն նստում էի ինքնաթիռ, երբ տեսա, որ փայլում է ու ասում՝ արի´, վերցրո´ւ ինձ: Վերցրի ու մինչև հիմա պահում եմ մոտս՝ դրամապանակիս մեջ: Ես սրան ավելի խորն եմ նայում. բոլորիս կյանքում էլ լինում է, որ ինչ-որ բանի ետևից գնում, գնում, գնում ենք տարիներով, երբ որ չի ստացվում, հույսը կորցնում ենք ու մեկ էլ հոպ ստացվում է: Մետաղադրամը փոխեց կյանքս ու սովորեցրեց՝ ԵՐԲԵՔ ՄԻ´ ՀՈՒՍԱՀԱՏՎԵՔ:
Ռոզա Հակոբյան