Լրահոս
Օրվա լրահոսը

«Օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ նախկինում համագործակցած անձանց գաղտնազերծում». Խոստանում են «Ազատ դեմոկրատները»

Մարտ 08,2017 19:43

«Անզիջում պայքար կոռուպցիայի, մենաշնորհների եւ ստվերի դեմ: Ավելացնել պետական բյուջեի ծախսերը մեկ շնչի հաշվով ՝ դարձնել այն 80-1200 դոլար». խորհրդարանում մանդատ «վաստակելու»  «Ազատ դեմոկրատ» կուսակցության նախընտրական խոստումներից է:

Խորհրդարանում տեղ զբաղեցնելու այս օրերի մրցավազքում բոլոր կուսակցություններն ու դաշինքները խոստանում են վերացնել տնտեսությունում ստվերը, պայքարել կոռուպցիայի դեմ եւ բոլոր արատավոր երեւույթների: «Ազատ դեմոկրատներն» էլ նախընտրական իր ծրագրով վստահեցնում է՝  ստվերի դեմ պայքարով բյուջետային եկամուտները ավելացնել 600 միլիոնից մինչեւ 1 միլիարդ դոլարով:

Կուսակցությունը խոստանում է բացառել օֆշորային գոտիներում գրանցված ընկերություններին մեր երկրում  գործունեության թույլտվությունը, պետական գույքի սեփականաշնորհումը, պատվերների տեղադրման եւ գնումների գործընթացին մասնակցությունը, արգելել հանքարդյունաբերությամբ զբաղվելը՝ արդեն գրանցված եւ գործող օֆշորային ընկերություններին ժամանակ տրամադրելով պարտադիր կարգով վերագրանցվելու «բաց» կարգավիճակով գործունեությունը շարունակելու համար:

«Ազատ դեմոկրատները» ընտրողներին խոստանում են  «Գազպրոմին» պարտադրել իրեն պատկանող գազատարով իրանական գազի տեղափոխությունը եւ տարանցումը:
«Ազատ դեմոկրատները» խոստանում է Հայաստան-Իրան երկաթուղու հարցն էլ լուծել. Կուսակցությունը մտադիր է «Հարավկովկասյան երկաթուղիների» կոնցեսիոներին, իհարկե, բանակցությունների եւ պայմանագրի վերանայմամբ, պարտավորեցնել Հայաստան-Իրան նոր երկաթուղային գծի կառուցումը:

Այս կուսակցության մյուս խոստումն էլ՝ ԵՄ հետ ստորագրվելիք նոր պայմանագիրը դարձնել ավելի համընդգրկուն՝ դրանում ներառելով խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման, վիզաների ազատականացման բաղադրիչները, ԵՄ հետ ստորագրել «Եվրոպական ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որպես լիիրավ անդամ անդամակցել Եվրոպական էներգետիկ համայնքին:

ԱՄՆ-ի հետ էլ, ինչպես վստահեցնում է կուսակցությունն իր ծրագրով,  ընդլայնել  առեւտրատնտեսական, էներգետիկ բնագավառներում համագործակցությունը՝ ընդհուպ մինչեւ ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրումը:

«Ազատ դեմոկրատները» չեն շրջանցել նաեւ հարեւան Իրանի հետ հարաբերությունները, խոստանում են՝ կնքել ազատ առեւտրի համաձայնագիր, Իրանի եւ շահագրգիռ այլ կողմերի հետ համագործակցաբար իրականացնել Իրան-Հայաստան նավթամուղի եւ նավթային ապրանքի տերմինալի կառուցման նախագիծը:

Խոստանում են քննարկել նաեւ փոքր հզորության նավթավերամշակող գործարանի կառուցման հնարավորությունները, Իրանի եւ շահագրգիռ այլ կողմերի հետ քննարկել Հայաստանի տարածքով իրանական գազը Եվրոպա արտահանելու հնարավորությունները:

Կուսակցության ուշագրավ խոստումներից է՝ Սփյուռքի տնօրինած կապիտալը, որն ըստ ծրագրի, տարբեր հաշվարկներով՝ 440-450 միլիարդ դոլար է,  Հայաստանի տնտեսություն ուղղորդել «Հայաստան սուվերեն ներդրումային հիմնադրամի» միջոցով:
«Ազատ դեմոկրատներն» անհանգստանալով Հայաստանի անվտանգության համար, որոշել են գաղտնազերծել մեր երկրում գործող լրտեսներին. Կուսակցությունն իր ծրագրում գրում է՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ նախկինում համագործակցած անձանց գաղտնազերծումը (լյուստրացիա) հրամայական է՝ երկրի անվտանգության ու պաշտպանության, տնտեսության եւ էներգետիկայի, արտաքին ու ներքին քաղաքականությունների կարեւորագույն հարցերով ընդունվող որոշումների վրա արտաքին ազդեցություններն ու ճնշումները բացառելու նպատակով:

Ծրագրի մյուս ուշագրավ դրույթներից  մեկն էլ ԵԱՏՄ-ին է վերաբերում. Կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին պետք է դադարեցվի, որովհետեւ այն ոչ միայն տնտեսական զարգացման ու անվտանգության ամրապնդման խոստացված արդյունքները չի բերել ու չի կարող բերել, այլեւ վատթարացրել է Հայաստանի ցուցանիշները բոլոր բնագավառներում՝ մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից մինչեւ տնտեսություն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031