«Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանն այսօր քարոզարշավի ժամանակ պատմեց, որ հետեւում է ՀՀԿ-ի ու նրան սպասարկող ուժերի քարոզարշավներին եւ հետեւություններ անում:
«Որ նայում ես ՀՀԿ-ի տեսահոլովակներին, հետեւություն ես անում` այդ մարդիկ այս երկրում չեն ապրում, տեսահոլովակ են ստեղծել, որտեղ իրենց վարչապետին տվել են թմբուկ նվագել, ներգրավել են երիտասարդներ, որոնք հագնված են մոդայի վերջին ճիչով… ուզում են մեզ ասել, որ այսօրվա իրենց Հայաստանը դա է, եթե այսօրվա Հայաստանը դա է, իմ հանրապետական ախպերներ, բա էլ ինչն եք ուզում փոխել, այդ դեպքում ամբողջ աշխարհը պետք է գա էդ Հայաստանից բան սովորի, թե ինչքան բարեկեցիկ ենք ապրում:
Ախր ձեր պատկերած Հայաստանն այնքան է հեռու այսօրվա գոյություն ունեցող Հայաստանից, որքան ՀԱԿ ու ՀԺԿ առաջնորդներ` Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ստեփան Դեմիրճյանի այսօրվա նկարները իրենց իրական պատկերներից: Թող ինձ ներեն իմ նախկին գործընկերները, բայց իրենց լավը կամենալով եմ այդպես ասում»,- ասաց պարոն Սարգսյանը:
Անդրադառնալով ՀՀԿ-ի քարոզարշավին` շարունակեց. «Ինչ են անում իրենք, բացի փակ քարոզչություն անելուց, որը նոր բան էր հայ քաղաքական դաշտում, երբ քարոզարշավի առաջին օրը բացում ես փակ քարոզարշավով, հիմա էլ պեղել ու գտել են Ահարոն Ադիբեկյանից ավելի սուտիբեկյան «Գելլափին», որը թվեր է հրապարակում, որոնք իրականության հետ կապ չունեն: Եվ որ նրանք համեստ երեւան այդ թվերում, ասում են` գիտեք` այս հարցումների արդյունքում մենք երկրորդ տեղում ենք, առաջին տեղում Ծառուկյան դաշինքն է, բայց գիտեք, այստեղ հաշվի առնված չեն վարկանիշայինով առաջադրվածները, մեր վարչապետը ու մեր ապագա վարչապետի թեկնածուն 85 տոկոս վարկանիշ ունի, այսպիսի բան Ահարոն Ադիբեկյանն էլ չէր ասի:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ են սա ասում, որ հետո ասեն, որ մեր վարչապետի վարկանիշը, մեր վարկանիշային թեկնածուների արածը հաշվի առնելով` դարձանք առաջինը, իսկ Ծառուկյան դաշինքը` երկրորդ, իսկ քանի որ Ծառուկյան դաշինքը մշտապես ասում է` դեմ է արյունահեղությանը, գնալու է շնորհավորելու է Սերժ Սարգսյանին, նորից շամպայն են խմելու, մյուսներն էլ խոսելու են, գնան իրենց տները:
Մենք` «Ելք դաշինքի անդամներս, եկեք հիասթափեցնենք այս իշխանություններին, ցույց տանք, որ ձեր մտածած ծրագրում սոսկ դերակատարներ չենք, դերեր չենք տանում, ձեր մտածած ծրագիրը իրականություն չի դառնալու: Ինչո՞ւ, որովհետեւ նախ ձեր վարչապետի թեկնածուն չի կարող 85 տոկոս լինել, որովհետեւ այդ մարդը վարչապետ դառնալու առաջին օրը իրեն նախորդող վարչապետ Հովիկ Աբրահամյանի նման խոստովանեց, որ կախարդ չէ ու կախարդական փայտիկ չունի, այդ մարդն անընդհատ խոսում է ինտելեկտից ու խաղի կանոններից. մեծարգո վարչապետ, ինտելեկտ ունենալու դեպքում պետք է հասկանայինք, որ մենք ֆուտբոլ չենք խաղում, էս երկրի է, պետություն, դուք վարչապետ եք, ու այս երկրում ոչ թե պետք է գործեն խաղի կանոնները, այլ օրենքները ու դրա համար շատ ինտելեկտ պետք չէ»:
Պարոն Սարգսյանը նկատեց, որ վարչապետ Կարապետյանը երբեք տեսակետ չի հայտնել` ոչ «հոկտեմբերի 27-ի», ոչ ապրիլյան դեպքերի, ոչ «Մարտի 1-ի», ոչ էլ «Սասնա ծռերի» գործողությունների մասին. «Այդ մարդն այս երկրի հետ կապ չունի, նման մարդու վարկանիշը ինչպես կարող է այնքան լինել, ինչքան բոլոր քաղաքական գործիչների վարկանիշներն իրար հետ գումարած»:
Արամ Սարգսյանը նաեւ վստահեցրեց` ՀՀԿ-ն չի կարողանալու ապահովել արդար ընտրություններ. «Որովհետեւ այսօրվանից արդեն պաստառներ են պատռում, գրասենյակների պատասխանատուների են վախեցնում, վարկանիշային թեկնածուներն իրար միս են ուտում, իրար տարածք են մտնում, չեն կարողանալու հիմնավորել, որ այս ընտրություններն արդար են, որովհետեւ, ի սկզբանե, անարդար ճանապարհ բռնեցին:
Մենք աշխատելու ենք մեր հնարավորությունների սահմաններում կարողանալ ինչ-որ կերպ խանգարել ընտրակաշառք բաժանելու գործընթացը, լուրջ կազմակերպչական աշխատանք ունենք միասին անելու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ