Մոսկվա կինոթատրոնի շենքի դիմաց «Ելք» դաշինքի մեկնարկած քարոզարշավի ժամանակ այսօր դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանն ասաց, որ իրենց միակ մրցակիցը ընտրողների անտարբերությունն է:
«Ուզում ենք, որ քաղաքացիները մասնակցեն հանրային կարգին, որոշեն` ովքեր են իրականացնելու իրենց անունից իշխանությունը»,- ասաց պարոն Զեյնալյանը:
Նրա խոսքով, ԱԺ պատգամավորը իրականացնելու է ծառայություն, ժողովրդի անունից սահմանելու է խաղի կանոններ. «Մենք հրապարակել ենք մեր նախընտրական ծրագիրը, ասել ենք, որ այն վերջավոր չէ, կան շատ գաղափարներ ու գործողություններ, որոնք իրականացնելու ենք: Դատարանների անկախությունը կարեւորագույն գործերից մեկն է, որ անելու ենք: Մեր նպատակն է, որ դատարանը ոչ օրենսդիր, ոչ գործադիր մարմնի հրահանգներին չենթարկվի, այլ արդարադատություն իրականացնի»:
Պարոն Զեյնալյանն ասաց, որ Սահմանադրական փոփոխություններ էլ են անելու, որին կհավատան բոլորը. «Մենք գիտենք` ինչպես անել, որ դատական համակարգը լինի անկախ, օրենքներով ենք ամրապնդելու գործոնները, ապահովելու ենք, որ երկրում գործի իրավունքը»:
Կարդացեք նաև
Դաշինքի անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն էլ հիշեց 1992 թվականին գրած իր հոդվածը կռված տղաների մասին. «Որոնք թշնամու դեմ էին դուրս եկել, մեր մայրերի նամուսի, թասիբի համար, այս իշխանությունների օրոք ականատես եղանք ցավալի իրավիճակի, որ մեր կանանց մազերից քարշ են տալիս փողոցներում, ու այն տղերքը, որոնք մարտնչում էին հանուն մեր անկախության, մեր կանանց նամուսի համար, հայտնվեցին բանտերում, կողմնորոշվեք` ում եք ընտրում` այս իշխանություններին, թե մեր ապագան` ի դեմս «Ելք» դաշինքի»:
Պարոն Միքայելյանն ասաց, թե այսօրվա հանրահավաքը համարում է քաղաքական զորակոչ. «Որ այն անձինք, որոնք մտահոգ են մեր երկրի ապագայով, զորավիգ կանգնեն մեզ: Մենք` «Ելք» դաշինքի անդամներս, ապացուցել ենք, որ ժողովրդի կողքից չենք հեռացել, եղել են բանտեր, գնդակահարություններ, մենք ձեր կողքին ենք եղել, այն դաժան, ցուրտ օրերին, էլի եկել ենք կանգնելու ձեր կողքին: Ես պատերազմ անցած մարդ եմ, չեմ ասում եկեք, գնանք, զոհվենք թշնամու դեմ, ընդամենը ասում եմ` այս իշխանությունների ձեւավորած համակարգը ձեր մի ձայնով, բան չենք ուզում, զորավիգ եղեք, որ փրկենք մեր երկիրը, վաղվա ապագան լինի պայծառ ու լուսավոր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ