Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարսավիրանոցներում իշխանության թեկնածուներն այսօր մազեր են սարքում, ասում են` մեզ ընտրեք, ձեր մազերը սարքենք». Էդմոն Մարուքյան

Մարտ 08,2017 18:21

Մոսկվա կինոթատրոնի շենքի դիմաց քիչ առաջ մեկնարկեց «Ելք» դաշինքի քարոզարշավը: Դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Մարտի 8-ի կապակցությամբ կանանց մաղթեց ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ չկա կաշառակերություն եւ որտեղ մարդու իրավունքներն ամենօրյա ռեժիմով չեն խախտվում:

Ըստ նրա, Մարտի 8-ը օրացույցում կանանց իրավունքների պաշտպանության օրն է, Ելք-ը մարդու իրավունքների պաշտպանության դաշինք է: Պարոն Մարուքյանն ասաց` իրենք կանանց դերը բարձր են գնահատում. «Տեսեք` ինչ լուսավոր դեմքեր ունենք առաջադրված, որոնք պայքարում են գորշ ուժերի դեմ տարբեր տարածքներում: Մենք ասում ենք, որ դուք ունեք ընտրություն, ձեր ընտրությունը պետք է ուղղորդել «Ելք» դաշինքի վրա, մեր առաքելությունն ու առողջությունը դրված է «Ելք» դաշինքի արժեքների թիկունքում, որեւէ բան կորցնելու չունենք, քան այս Հայաստանը, դրա համար ոտքի ենք կանգնել, որ ունենանք այնպիսի երկիր, որի համար տարիներով պայքարել ենք»:

Նրա խոսքով, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է հպարտ լինի, որ կա հայկական պետականություն, եւ այդ պետության համար ոչինչ չխնայի, ամեն օր պայքարի հանուն այդ պետության զարգացման, որը կարող է Կովկասում լինել ամենահզոր պետությունը. որտեղից ոչ թե մարդիկ հեռանում են, այլ` վերադառնում:

Նա հավաքվածներին հորդորեց չվախենալ եւ իրենց  ձայնը երկրի կառավարման մասնակցելու համար չփոշիացնել. «Բոլոր ցուցանիշները ցույց են տալիս, որ գործող համակարգին միակ մարտահրավեր նետող ուժը ԵԼՔ-ն է: Այսօր ասում են` տարբեր վարսավիրանոցներում իշխանության թեկնածուները մազեր են սարքում, ասում են` մեզ ընտրեք, ձեր մազերը սարքենք, «Ելքը» նման բան չի ասում, փոփոխություններ է առաջարկում»:

Դաշինքի անդամ Ռոմանոս Պետրոսյանն էլ ասաց, որ «Ելքին» քվեարկելով` քաղաքացիները նոր փոփոխությունների սկիզբ են դնելու, այն դրական փոփոխությունների սկիզբը, որին երկար են սպասել, բայց որին մշտապես խոչընդոտել են. «Բայց այս անգամ «Ելքի» օգտին քվեարկելով` այդ փոփոխություններին ասելու եք այո, քաղաքական գարունը Հայաստանում, վերջապես, լինելու է, ելք կա»:

Նա նաեւ դիմեց սփյուռքին, կոչ արեց միանալ Ատոմ Էգոյանին, Արսինե Խանջյանին,  ապրիլի 2-ին գալ Հայաստան` ընտրություններին հետեւելու. «Միացեք մեզ, երկիր բերելու այն փոփոխությունները, որ անհրաժեշտ են ձեզ, որ ունենաք այնպիսի հայրենիք, որից չեք նեղանա: «Ելքի» տեսլականն է  ունենալ ազատ, անկախ, հզոր ու զարգացած Հայաստան, որը համայն հայության պոտենցիալ բնակավայրն է, այս երկիրը նաեւ ձեր երկիրն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031