Ոստիկանների ֆիզիկական պատրաստականությունը ստուգելու համար նոր չափորոշիչներ են սահմանվել: Այս մասին տեղեկանում ենք կառավարության` մարտի 9-ի նիստի օրակարգից: Նրանց ցուցաբերած արդյունքները կգնահատվեն 20 բալանոց սանդղակով:
Այսպես. պտտաձողի վրա ձգումների քննություն կհանձնեն 35-39 տարեկան ծառայողները, դրանից բարձրների համար այս վարժությունը հանված է: 50 տարեկանից բարձր տարիք ունեցող անձիք նորմատիվներ չեն հանձնում: 24 տարեկան եւ ցածր տարիք ունեցող ոստիկանության ծառայողը պտտաձողի վրա պետք է 15 ձգում կատարի, որ 20 բալ հավաքի, մեկ ձգում կատարողն ընդամենը 2 բալ կունենա:
Սեղմումներ, հենում պառկած վարժությունը կհանձնեն 40-44 տարիքային խմբի ոստիկանները: 28 սեղմում հպումը կհաշվեն 20 բալ, մեկ բալ կհավաքի այս վարժությունից 9 անգամ անողը:
Վազք կհանձնեն մինչեւ 49 տարեկան ծառայողները:
Կարդացեք նաև
Ուժային համալիր վարժությունները կհանձնեն մինչեւ 40 տարեկանները: 30-34 տարեկան ոստիկանության ծառայողները 20 բալ կհավաքեն, եթե 28 ուժային համալիր վարժություն կատարեն: 24 տարեկանից ցածրերն էլ այդ վարժությունից 32 անգամ պիտի անեն, որ բարձր բալ հավաքեն:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կառավարության նիստում կներկայացնի որոշման նախագիծ, որով կառաջարկի 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 175-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարել:
Առաջարկը պայմանավորված կլինի հատկապես ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ապագա ծառայողների ֆիզիկական պատրաստականության ստուգման արդյունավետությունը բարձրացնելու, այդ թվում՝ ցուցաբերած արդյունքները նոր մոտեցմամբ գնահատելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես` նախագծով առաջարկվում է ոստիկանության արական սեռի ծառայողների համար նախատեսված ֆիզիկական վարժություններից «3000 մետր վազքը» փոխարինել «1000 մետր վազք» վարժությունով:
Ոստիկանապետը առաջարկությունը հիմնավորվում է նրանով, որ արական սեռի դիմորդները կրթահամալիր են ընդունվում պարտադիր զինվորական ծառայությունից հետո, իսկ զինված ուժերում 1000 մետր վազքը ֆիզիկական պատրաստականության պարտադիր նորմատիվներից է համարվում: Այս իմաստով՝ ֆիզիկական պատրաստականության ստուգման նշված ձեւի կիրառումը դիմորդների համար առավել նպատակահարմար է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ