Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում տոն է, Փարիզում աշխատանքային օր՝ նաև կանանց համար

Մարտ 08,2017 17:54

ՀՀ ԱԺ և ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Փարիզում մասնակցում է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստին, և մեր խնդրանքով , մանրամասներ է հայտնել նիստում քննարկված հարցերի շուրջ :

-Մարտի 8-ը Ֆրանսիայում աշխատանքային օր է, և ես մասնակցում եմ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստին, որտեղ աշխատանքը շարունակական է, տոն կամ ազատ օրեր չեն ենթադրվում, կան կարևոր հարցեր:

Ուզում եմ նախևառաջ շնորհավորել բոլոր հայ կանանց տոնը՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում, և ցանկանալ երջանկություն, առողջություն, հաջողություններ ամեն ինչում ու ամեն տեղ՝ ընտանիքում, աշխատանքում, գոհունակություն և բավարարվածություն հանրային կյանքում, պաշտպանվածություն մեզ և մեր ընտանիքներին, մեր երկրին և մեր սահմաններին:

Տոնը, իհարկե, մերն է, բայց ոչ մի տոն տոն չէ՝ առանց հարազատների ու մտերիմների երջանկության, ուստի ուզում եմ հատկապես շնորհավորել այն կանանց, ում հարազատները հիմա բանակում են ու պաշտպանում են մեր սահմանները:

Վստահ եմ, որ տեղյակ եք՝ ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, մոնիտորինգի հանձնաժողովի աշխատանքները բաց չեն, հանձնաժողովը քննարկված հարցերը գաղտնազերծելու որոշումներ է կայացնում, որից հետո միայն կարող ենք ներկայացնել հանրությանը քննարկվող հարցերը:

Հիմա կարող եմ միայն ասել, որ օրակարգում կարևոր հարցեր կան, որոնց քննարկումը շատ դինամիկ է ընթանում՝ Թուրքիայում հետմոնիտորինգային երկխոսության հարցը, Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողների երկիր կատարած փաստահավաք առաքելության տեղեկատվության քննարկումը, Հունաստանին, Մոլդովային, Մոնտենեգրոյին վերաբերող հարցեր:

Կարծում եմ՝ միայն թվարկումից պարզ է, թե քննարկվող խնդիրները որքան կարևոր են: Հատկապես Թուրքիայի հետ կապված իրադարձությունների քննարկումը: ԵԽԽՎ-ում արդեն մի քանի անգամ նման քննարկումներ եղել են, որոնց ընթացքում մենք բարձրացրել ենք Թուրքիայի առնչությամբ մոնիտորինգի գործընթացի վերաբացման հարցը: Այսօր զեկուցողները իրենց զեկույցում ևս նման հարց են բարձրացնում և անհրաժեշտ է, որ լինեն ուժեր, որ կաջակցեն գործընթացին:

-Հայաստանում նախընտրական քարոզչությունը սկսվել է, ԱԺ պատվիրակության անդամները մասնակցու՞մ են նիստերին, թե՞ Հայաստանի շահերի պաշտպանությունից գերադասել են կուսակցական քարոզչությունը:

-Ոչ բոլորը: Իհարկե, հիմա Հայաստանում յուրաքանչյուր քաղաքական ուժի համար կարևոր քաղաքական իրադարձությունների ժամանակն է և հասկանալի է կենտրոնացվածությունը դրանց վրա, բայց, կարծում եմ, Դուք էլ կհամաձայնեք, որ պատգամավոր ընտրված քաղաքական գործիչները պատասխանատու են ոչ միայն իրենց կուսակցական խնդիրների համար, այլև պետական և ազգային հարցերի մեջ են կարևոր դերակատարություն ստանձնում և պատասխանատու են այդ հարցերի քննարկման համար: Հատկապես երբ մասնակցում են խորհրդարանական դիվանագիտության կամ այլ աշխատանքային ձևաչափերին, պիտի կարողանան համատեղելու ձևերը գտնել:

Այո, մեր հակառակորդները ունենալով թվային առավելություն և ստեղծելով լոբբիստական ցանց, որի մասին աշխարհն է խոսում, օգտագործում են յուրաքանչյուր առիթն ու պահը, հատկապես մեր բացակայության դեպքում աշխատում են հնարավոր և անհնար բոլոր ձևերով, արժեք ունեցող կամ երբեմն իրենց ոչինչ չտվող դրվագներ հավելել ու անցկացնել, հետագայում փորձելով օգտագործել քարոզչական պատերազմում: Մենք ունեցել ենք նման դեպքեր, որոնք հետագայում չեզոքացնելու համար կարիք է լինում հսկայական ուժեր կենտրոնացնել:

Ապրիլյան լիագումարից առաջ հանձնաժողովների նիստերին մասնակցությունը կարևորելով, ես պատվիրակության անդամներին դիմել եմ նամակներով՝ հիշեցնելով նիստերի մասին, բայց հիմա դեռևս միայն ես, Նաիրա Կարապետյանը և Սամվել Ֆարմանյանն ենք մասնակցում նիստերին:

-Դուք աշխատում եք, իսկ Հայաստանում տոն է, այնուամենայնիվ, Ձեր գնահատականով՝ կանանց վիճակում կա՞ փոփոխություն:

-Կարծում եմ՝ կա, վերջին տարիներին մենք մշակել և իրականացրել ենք կանանց վիճակի բարելավման ծրագրեր՝ տարբեր տեսանկյուններից հարցին մոտենալով: Քայլեր են արվում և՛ կանանց քաղաքական մասնակցությունը ընդլայնելու, և՛ սոցիալական վիճակը բարելավելու, մայրության, ընտանիքի, կրթության, առողջապահության և այլ ոլորտների հարցերի լուծման ուղղությամբ: Սահմանադրական փոփոխությունները իրագործելով՝ մենք, վստահ եմ, ևս քայլեր ենք իրականացնելու կանանց դերը մեր երկրում ընդլայնելու և իրողությունները փոխելու ուղղությամբ, որ հայ կինը հասարակության մեջ և ընտանիքում ունենա իրեն արժանի տեղը և ապրի արժանի պայմաններում:

Հիմա էլ մեր ծրագրերի թիրախում հայ մարդն է, հայ կինը, բոլորիս կյանքի բարելավումը, և այդ խնդրի լուծման համար ՀՀԿ-ն պիտի վստահության քվե ստանա ժողովրդից: Ուստի կոչ եմ անում՝ քվեարկել հօգուտ ՀՀԿ-ի: Ուզում եմ ոչ միայն հիշեցնել՝ ինչ արվել և արվում է մեր երկրում, այլև ընդգծել այն միտքը, որ արտահայտել է նախագահ Սերժ Սարգսյանը իր տոնական ուղերձում՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի կանայք ունեն դեռևս լիարժեք չբացահայտված մեծ ներուժ, որը պետք է կյանքի կոչվի ամենատարբեր ասպարեզներում: ,,Այսօր ակնհայտ է, որ մեզանում ավանդական համարվող ոլորտներից բացի, ինչպիսիք են՝ կրթությունն ու առողջապահությունը, կանայք սկսել են լուրջ դերակատարություն ունենալ ձեռնարկատիրության, լրագրության, կառավարման, բարձր տեխնոլոգիաների, դատական և այլ բնագավառներում, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Չեմ կասկածում, որ դուք զարգացնելու եք առկա հաջողությունները և արժանիորեն գրավելու եք ավելի մեծ տեղ նաև քաղաքական կյանքում,,,- ասել է ՀՀ նախագահը:

-Մեզ մնում է շնորհավորել Ձեր տոնական, բայց աշխատանքային օրը և մաղթել, որ կատարվեն Ձեր երազանքները՝ նախընտրական ու հետընտրական, հաշվի առնելով, որ Հայաստանում հիմա համարյա ամեն ինչ պտտվում է ընտրությունների շուրջբոլորը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031