Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 8. ծաղիկների ու մեկօրյա ժպիտի փոխարեն պահանջեք իրավունքներ

Մարտ 08,2017 17:40

Նյու Յորքի կին փոխքաղաքապետի խորհուրդը Հայաստանի կառավարությանը

Նյու Յորքի փոխքաղաքապետ, տնտեսական զարգացման պատասխանատու, աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը՝ Ալիսիա Գլենը, Հայաստանի կառավարությանը խորհուրդ է տալիս. «բոլոր ծրագրերում առանձնացնել ու ներգրավել կանանց».

«Եթե հատուկ ծրագրերով չներգրավեք ու չաջակցեք կանանց աշխատաշուկայում, ձեր կառավարությունը զարգացման լուրջ հեռանկարների ակնկալիք չի կարող ունենալ»,- «Առավոտ»-ի հետ կարճ ու շտապ զրույցում ասում է Նյու Յորքի փոխքաղաքապետն ու ժպտում.

«Սա ուղղակի կանանց իրավունքի, խտրականության խնդիրների վերացման հարց չէ, սա զուտ տնտեսական զարգացման և կանանց կարևորագույն ներուժի օգտագործման հարց է, եթե մենք Նյու Յորքում կանանց աջակցության ծրագրեր չանեինք, այսօր ստիպված բյուջեից սոցիալական աջակցության հսկայական նպաստներ պետք է տայինք»,- ասում է Գլենը:

Փոխքաղաքապետ Ալիսիա Գլենին հանդիպեցի Լոնդոնում կայացած «Ապագայի կանայք» համաժողովին, որին մասնակցելու հնարավորությունն ընձեռել էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը:

Կանանց առաջխաղացման ու հավասարության խնդիրների բարձրաձայնման ամենահայտնի այս համաժողովի շուրջ յուրաքանչյուր տարի միավորվում են ավելի քան 300 կին քաղաքական գործիչներ, գործարար ու ձեռներեց կանայք, լրագրողներ, հայտնի բանկերի ու ընկերությունների ղեկավարներ՝ քննարկելու կանանց խնդիրների համաշխարհային միտումները, հաջողություններն ու խնդիրների լուծման ուղիները:

«Պետության, բիզնեսի ոլորտի տղամարդ ղեկավարները պետք է պարզապես հասկանան, որ եթե չեն ներգրավում բնակչության կեսից ավելին կազմող կանանց, տուժում են բոլորը, տուժում է պետությունը, իրենց բիզնեսը, բնակչությունը, պարզապես կորսվում է այն անգնահատելի ներուժը, որն ունեն կանայք»,- ասում է համաժողովի հիմնադիր, ազգությամբ հնդիկ Փիքի Լիլիանին:

Նյու Յորքի փոխքաղաքապետ Գլենն իր ղեկավարած տնտեսական զարգացման ծրագրերը ներկայացնելիս շեշտում է, թե ինչ հաջողություն են արձանագրել տարիներ շարունակ կանանց աջակցության ծրագրերով.

«Մենք աջակցության ծրագրեր ենք իրականացնում՝ խրախուսելով կանանց ձեռներեցության զարգացումը, կանանց ներգրավումը բիզնես ոլորտում և արդյունքում այսօր ունենք կին ձեռներեցների հսկայական համայնք, որոնք տարեկան ավելի քան 50 մլրդ դոլարի նպաստ են բերում քաղաքային բյուջե և ապահովում աշխատատեղ 200 հազար նյույորքցիների համար»,- ասում է Գլենը:

Թվերն, անշուշտ, անհամեմատելի են հայաստանյան իրականության հետ, սակայն կարևորը գիտակցումն է, որ կանանց ներուժը միայն երեխաներին պահելու և տնային գործերն անելու համար չէ, այն չափազանց ավելի մեծ է և չափազանց շռայլ կորուստ է երկրի համար դա չօգտագործելը:

Կանանց անտեսումը պետության վրա թանկ է արժենում

Արժույթի միջազգային հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Թերեզա Դաբան Սանչեզը կանանց խնդիրների մասին խոսելիս մեկ տարի առաջ հայտարարեց, որ միջազգային ուսումնասիրությունները փաստում են, թե «գենդերային անհավասարության պատճառով մեծ կորուստներ են տեղի ունենում, մասնավորապես մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն 27%-ով կորուստ է տալիս»:

Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է տարեկան մոտ 11 մլրդ դոլար, այսինքն` ստացվում է, որ կանանց աշխատաշուկայում չներգրավելու, անհավասար մրցակցության, կանանց նկատմամբ բռնության, աշխատել չթույլատրելու և կարծրատիպերի հետևանքով մեր երկրի ՀՆԱ մուտք չի լինում գրեթե 2.7 մլրդ դոլար:

Առավել հստակ ու տեղայնացված խնդիրների մանրամասն ուսումնասիրություն իրականացվել էր անցյալ տարի ՄԱԿ-ի Բնակչության Հիմնադրամի կողմից, որը փաստում է, որ միայն բռնության, կանանց աշխատել արգելելու հետևանքով կորուստը հասնում է մինչև 1 մլն դոլարի:

«Նախնական հաշվարկներով, Հայաստանին ընտանեկան բռնության հասցրած տնտեսական վնասը կազմում է 400 հազարից մինչև 1,1 միլիոն ԱՄՆ դոլար։ Կանանց նկատմամբ տնտեսական բռնության հետևանքով, ըստ նախնական հաշվարկների, տնտեսությունում չի գոյանում գրեթե 6,5 միլիոն դոլար»,-ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Կանայք մեր երկրի բնակչության կեսից ավելին են կազմում, հաշվի առնելով աշխատանքային միգրացիայի հանգամանքը փաստացի բնակչության, ոչ պաշտոնական թվերով՝ 54 տոկոսը: Մինչդեռ գործազուրկների 239 հազարանոց բանակի հիմնական մասը հենց կանայք են, 4 տարուց ավելի աշխատանք փնտրողների մեջ էլ 60 տոկոսը կանայք են:

Կանայք ոչ միայն դժվարությամբ են ընդունվում աշխատանքի, այլ նաև ավելի ցածր վարձատրվում:

Հայաստանում աշխատանքային ոլորտում գենդերային անհավասարության անջրպետը կազմում է մոտ 36 տոկոս, այսինքն՝ կանայք 36 տոկոսով պակաս աշխատավարձ են ստանում, քան տղամարդիկ: Այս վիճակագրությամբ Հայաստանը Եվրոպական և Կենտրոնական Ասիայի երկրների համեմատությամբ 3-րդ տեղն է զբաղեցնում (Վրաստանից և Ղազախստանից հետո): ԵՄ-ում այս տարբերությունը կազմում է 16 տոկոս, աշխարհում՝ 23 տոկոս:

Միջազգային հանրությունը ռազմավարական ծրագրեր է իրականացնում այս խնդիրները լուծելու համար՝ հասկանալով, որ պետության զարգացման գրավականն է հավասարությունը, Հայաստանում նման ծրագրերի իրականացման աջակցությամբ է հանդես գալիս նաև Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, քանի որ, ինչպես հավաստիացնում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը.«պետության կայուն զարգացումը չափազանց դժվար է առանց հավասար ներգրավվման»:

«Մեր աշխատանքը հիմնում ենք տնտեսական համագործակցության զարգացման վրա, ըստ որի՝ գենդերային հավասարությունն ավելի հզոր տնտեսության կայացման ու զարգացման հիմքն է, անհրաժեշտ է հասարակության բոլոր անդամների տաղանդն ու ներուժը օգտագործել, մասնավորապես Հայաստանի նման երկրում, որտեղ բարձրագույն կրթություն ունեցող կանայք ավելի շատ են, և որտեղ կան դերային մոդելի մի քանի գերազանց օրինակներ բիզնես ոլորտում, կառավարությունում և ազգային ժողովում, ովքեր ցույց են տվել, թե ինչի կարող են հասնել կանայք»,- ասում է դեսպանն ու հավելում.

«Ինչպես կարելի է չիրացնել առկա տաղանդը՝ հանուն ավելի կայացած տնտեսության և ավելի բարեկեցիկ հասարակության, և այդ գործում կանայք պետք է հավասարապես ներգրավված լինեն»:

Ավանդույթների փոփոխություն, թե՞ իրական արժեքների վերածնունդ

Կանանց իրավունքների մասին խոսելիս հաճախ հակադարձում են, թե «եվրոպական կեղծ արժեքներ եք ներմուծում, մեր կանայք հեզ են, ինչ գործ ունեն բիզնես ղեկավարեն, քաղաքականության մեջ մտնեն և այլն…»

Լոնդոնի համաժողովին աշխարհում հայտնի կանանց հետ զրուցելիս ամեն անգամ հպարտորեն պատմում էի, թե երբ սուֆրաժիստները երկար պայքարի արդյունքում 1918-ին ձեռք բերեցին միայն ընտրելու իրավունք, 1919-ին Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանում ընտրվել էին արդեն 3 կին պատգամավորներ, որ աշխարհում առաջին կին դեսպանը հայ էր՝ Դիանա Աբգարը, որ Տյուսապի նման ֆեմինիստուհի գրող ենք ունեցել և վերջապես Մխիթար Գոշ, որը դեռևս 12-րդ դարում կանանց հավասարություն ու իրավունք էր սահմանել իր «Դատաստանագրքում»:

Հավասա՞ր էր կինն ավանդական հայ ընտանիքում, թե՞ ոչ, այս հարցի լավագույն պատասխանը տրված է «Սասնա ծռեր» էպոսում, երբ Խանդութը Սասունցի Դավթին ասում է. «Դավիթ, ես քեզնից պակաս մարդ չեմ»: Սրա մասին մոռացել են շատերը ու թվում է իրավահավասարությունը եվրոպաներից ներմուծված մի նորույթ է, մինչդեռ հենց Մեծ Բրիտանիայի դեսպանն է հիշեցնում.

«Ի վերջո հենց դուք եք ունեցել առաջին կին դեսպանը, սա պետք է ուղենիշ լինի բոլոր կանանց համար»:

Մինչդեռ ուղենիշն այսօր առավելապես կարծրատիպերն են, հորինված ու կեղծ ավանդույթները, կանանց համար սահմանված անխախտ դերերը, որոնցից դուրս կինը դառնում է թիրախ և մոռացվում են մեր իրական արժեքներն ու ավանդույթները, Մարտի 8-ն էլ վերածվում է ոչ թե պայքարի, իրավունքների նվաճման օր, այլ ծաղիկների, նվերների ու բաժակաճառերի մրցավազք ՝ հաջորդ իսկ օրը մոռացվելու միտումով, ճիշտ այնպես ինչպես նախընտրական խոստումներն են:

ՄԱԿ-ի փորձագետները հաշվարկել են, որ այս տեմպերով պայքարելու դեպքում կանանց իրավունքների հավասարությանը կհասնենք 2130 թվականին, այսինքն՝ 300 տարվա ընթացքում, վերոգրյալն էլ փաստում է, որ եթե չլինի հավասարություն, մեծ հաշվով չի լինելու նաև բարեկեցիկ, տնտեսապես ապահով երկիր. ի՞նչ անենք. ստանանք նվերներ-ծաղիկները ու լռե՞նք, թե՞ պայքարենք ու պահանջենք իրավունքներ:

Գայանե ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308:

Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից:

Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար:

Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով, email: [email protected],

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 



Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031