Այսօր Կոնգրես-ՀԺԿ դաշինքը «Կանայք հանուն խաղաղության» խորագրով միջոցառում էր կազմակերպել, որի մասնակցում էին դաշինքի կին թեկնածուները:
Արմավիրում առաջադրված Անահիտ Կիրակոսյանը, որի որդին՝ Անդրանիկ Հայրապետյանը զոհվել է Մարտակերտում՝ 2008-ի մայիսի 15-ին, շատ լավ է պատկերացնում, թե ինչի համար է պայքարում իրենց դաշինքը: Նա կառավարության շենքի, նախագահականի մոտ բողոքի ցույց անող սեւազգեստ մայրերից մեկն է եւ ասում է, որ ամեն ինչ անելու է, որ այլեւս ոչ մի զինվոր չզոհվի, «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսը, իմ համոզմամբ, բերելու է նրան, որ այլեւս երբեք ոչ մի անգամ սահմանում, դիրքերում չի լինի անմեղ զինվորների թափված արյուն, չի լինի մայր, որը ողբում է իր որդու կորուստը, այն, ինչ ես զգացել եմ իմ մաշկի վրա: Երբեք չեմ ցանկանա ոչ մի մարդու՝ նույնիսկ հաշվի չառնելով նրա ազգությունը: Խաղաղությունն ինձ համար ամենամեծ գրավականն է, ես պայքարում եմ հանուն խաղաղության, որ բոլոր երկրներում լինի այն»:
Մեր հարցին՝ Արմավիրի մարզում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել են Շմայսը, Սեյրան Սարոյանը, Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն, ՄԱՊ-ի Ալիկը, նրանց հետ ինչպե՞ս եք մրցակցելու՝ նա պատասխանեց. «Ես համոզված եմ, որ խաղաղությունը այն հաղթաքարտն է, որ որեւէ մեկը չի կարող դրանից բարձր կարգախոս ներկայացնել: Ես չեմ ցանկանում պատերազմներ լինեն, չեմ ուզում, որ ինչ-որ մայր ողբա իր որդու մահը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ