Լրահոս
Օրվա լրահոսը

Սահակ Պողոսյանը՝ մշակույթի նախարարին. «Արվեստը չպետք է վերածել Դիսնեյլենդի»

Մարտ 08,2017 16:10

Ըստ արվեստագետի, խորհրդային շրջանի քանդակները ջրի տակ իջեցնելու գաղափարը ծաղր է հեղինակների նկատմամբ:

Արվեստագետ Սահակ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հղել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, որտեղ անդրադարձել էր նախարարի՝ խորհրդային շրջանի քանդակների ստորջրյա թանգարան ստեղծելու ցանկությանը: Արվեստագետը նշել է, որ ոչ ոք իրավունք չունի ծաղրելու Մերկուրովի, Չուբարյանի, Գյուրջյանի ու մյուսների արվեստը եւ վերածել էժանագին ատրակցիոնի: Նրա ձեւակերպմամբ, Դիսնեյլենդը կարող է լինել արվեստ, բայց արվեստը երբեք չի կարող լինել Դիսնեյլենդ:

Aravot.am-ը Սահակ Պողոսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է վիրավորական թվում խորհրդային շրջանի ստորջրյա քանդակների թանգարան ստեղծելու գաղափարը: Արվեստագետն ասում է, այդ գաղափարն իրագործելու պարագայում խոսք չի գնում ժամանակաշրջանի վավերացնելու մասին: «Դա պատմական եւ մշակութային արժեքն արժեւորելու թանգարան չէ, ըստ մտածածի՝ ատրակցիոն է, ժամանցային բնույթ է կրում: Դա մի ամբողջ՝ շատ լուրջ խորհրդային քանդակագործական դպրոցի՝ արվեստում ունեցած ներդրումին արժանի եւ հարիր գաղափար չէ: Եվ եթե իրենք ուզում են այդ մշակույթը պատմական արժեք սարքել, ինչպես իրենք էին ասում՝ կապիտալիզացնել, դրա համար պետք է կառուցել հատուկ թանգարան, այսինքն՝ խորհրդային ժամանակաշրջանի քանդակագործության լավագույն եւ վատագույն նմուշների հավաքատեղի: Դրանք պետք է արխիվացնել եւ ոչ թե ատրակցիոնի միջոցով ծաղրի ենթարկել, վերցնել իր նախնական վայրից, իջեցնել ջրի տակ, նման հատուկ վերաբերմունքը վիրավորական է հեղինակների համար:

Ես ինքս էլ խորհրդային ժամանակաշրջանի արվեստի սիրահար չեմ, որովհետեւ այն ծառայում էր գաղափարին, մինչդեռ արվեստը ազատ ինքնադրսեւորման եւ մարդու ազատության չափանիշի ցուցիչն է»,-նշեց մեր զրուցակիցը:

Մեր դիտարկմանը, որ իր ֆեյսբուքյան գրառման տակ սակավաթիվ արվեստագետներ են մտահոգություն հայտնել, այդ թվում՝ Հաղթանակ Շահումյանն ու Վահան Արծրունին, Սահակ Պողոսյանը պատասխանեց. «Ինձ համար ամենացավալի հարցը դա է: Ես էլ նկատեցի, որ բաց նամակի տակ գոնե այն մարդիկ, որ առօրյայում այս 20 տարվա ընթացքում միշտ խոսել են ազատ արվեստի, ժամանակակից, մոդեռն արվեստի կարեւորության մասին, չեն արտահայտվել: Ցավոք, երբ հարցը բարձրանում է իշխանական ապարատի հետ գործառույթի, բոլորը միանգամից պապանձվում են, հարմարվում, ոչ մեկը չի ուզում վատամարդ լինել: Մտածում են, որ ինչ-որ մեկն իրենց փոխարեն կանի դա: Ո՛չ, սիրելիներս, որեւէ մեկը մեր փոխարեն դա չի անելու, եւ եթե դուք իսկապես համոզմունքներ ունեք եւ սիրում եք անկախ Հայաստանն իր անկախ մշակույթով, որը ի տարբերություն նախորդ՝ խորհրդային ժամանակաշրջանի, գաղափարախոսական չէ եւ իրենից ներկայացնում է մի հզոր ժամանակաշրջան, ուրեմն պետք է ձեր ձայնը բարձրացնեք, +1-ը դնեք դրա տակ, որպեսզի մեր ձայնն ուժեղ լինի, ոչ թե դառնանք անհատներ, որ ինչ-որ բան են ուզում փոխել: Եվ եթե առիթ լինի, պարոնա՛յք, խնդրում եմ սրանից հետո չխոսել, որովհետեւ լռությամբ գոնե ազնիվ կլինեք ձեր այսօրվա դիրքորոշման համար»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Սահակ Պողոսյանի գրառման մեջ եղած Անկախության շրջանի մշակույթի կենտրոն, թանգարան ստեղծելուն:

«Վերջերս վարչապետը խոսում էր մշակույթի կապիտալիզացիայի գաղափարի մասին, եւ բոլորը փորձում էին պարզել, թե ինչ է դա: Իմ ասած՝ Անկախության մշակույթի կենտրոն-թանգարան արխիվը հենց այդ՝ Անկախության դեկլարացիայից հետո ստեղծված մշակույթի կապիտալիզացիայի վառ օրինակը պետք է լինի, այսինքն՝ մենք պետք է հավաքենք մի տեղ, գնահատենք, հանրահռչակենք դա, որպեսզի ուրիշները նույնպես գնահատեն: Եվ եթե մենք ինքներս չենք կարողանում գնահատել մեր ունեցածը, ոչ մեկը դա գաղափարական արժեք չի դարձնի: Այսպես կոչված՝ Պերեստրոյկայի ժամանակաշրջանում, 1986 թվականից մինչեւ 1991թ. Հայաստանը հեղափոխական տարածք է եղել, որտեղ կարեւոր արժեքներ են ծնվել: Մեզ մոտ այդ գաղափարները գեներացված էին, ու շատ արվեստագետներ աշխատում էին հենց այդ տարածքում: 1986-1991 թթ. ստեղծված արվեստը, դա լինի՝ «Երրորդ հարկ», «Գարուն» ամսագիր, ռոք խմբեր, թե մի այլ բան, նախադրյալներ ստեղծեց Հայաստանի անկախության գաղափարի համար, որովհետեւ այդ մարդիկ իրենց մեջ կրում էին Անկախության գաղափարը: Այդ ժամանակաշրջանի արվեստը շատ մեծ ներդրում ունեցավ Անկախության գաղափարի կայացման համար: Այ սա է, որ պետք է արժեւորել»,- շեշտեց Սահակ Պողոսյանը:

Ինչ վերաբերում է Երեւանում գործող Ժամանակակից արվեստի թանգարանին, Սահակ Պողոսյանը նշեց. «Ժամանակակից արվեստի թանգարանը նույնպես Խորհրդային ժամանակվա ինստիտուտ է՝ ստեղծված մեկ անհատի ճաշակի չափանիշներով: Շատ լավ է, որ այն կա, բայց այդ թանգարանը չի կարող լինել Անկախ Հայաստանի ժամանակակից արվեստի արտացոլումը, որովհետեւ այնտեղ ցուցադրված է խորհրդային ժամանակաշրջանի մոդեռն արվեստը, որը ոչ մի կապ չունի դրանից հետո ստեղծված՝ Անկախ Հայաստանի արվեստի հետ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Գերման Ավագյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031