Այսօր Հայ ազգային Կոնգրես-ՀԺԿ դաշինքը «Կանայք հանուն խաղաղության» խորագրով միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցում էին դաշինքի կին թեկնածուները, նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը:
Այսօր ոչ միայն Մարտի 8-ն է, այլեւ Դաշինքի ցուցակում 5-րդ տեղը զբաղեցնող Արամ Մանուկյանի ծննդյան տարեդարձը: Ու պարոն Մանուկյանը մի շատ ուշագրավ դրվագ հիշեցրեց, թե իրենք տարիներ առաջ, երբ ՀՀՇ-ն իշխանության էր, ինչպես են Մարտի 8-ը հանել տոների շարքից:
Կարդացեք նաև
Արամ Մանուկյանի խոսքերով՝ «90-95 թթ, երբ պատգամավոր էի, իմ նման մի քանի ընկերների հետ օրենքի նախագիծ ներկայացրինք ու Մարտի 8-ը հանեցինք: Այն տոների շարքից դուրս եկավ, բայց հետո ժամանակը եկավ, ապացուցեց, որ մենք սխալ քայլ ենք արել, ես հիմա ընդունում եմ ամբողջությամբ: Անկեղծ ասած, էն ժամանակ՝ դպրոցական ժամանակ էլ ամաչում էի, որ Մարտի 8-ին էի ծնվել: Գիտեի դա ամոթ է, հետո մի քիչ հասունացա, հասկացա, որ դա ունի մի հրաշք առավելություն: Դա Աստծո տված նվեր է եւ իմ սերը իմ շրջապատի կանանց, մորս, իմ քույրերին, հարազատներին, իմ պայքարի ընկերներին դարձավ առանձնահատուկ միջոց, իրար հարգելու միջոց եւ հիմա այդ մեր սխալը ոչ միայն ուղղվեց, Մարտի 8-ը վերականգնվեց, այս իշխանությունները մի բան արել են, ասեմ՝ մեզնից հետո իրենք վերականգնել են տոնը, որը իսկապես ժողովրդական է: Միգուցե քաղաքական հիմքը խախուտ է, թե ինչու Մարտի 8-ը տոնել, մեր Ապրիլի 7-ը բացատրություն ունի, բայց մեկ է, ստացվեց միամսյակ եւ Մարտի 8-ից Ապրիլի 7-ը ամբողջ Հայաստանը նշում է կանանց տոնը, եւ դա շատ լավ է»:
Նա ասաց, որ Արաբկիրում իրենց ցուցակի 50 տոկոսը կանայք են. «Ես վստահ եմ, որ խորհրդարանում դուք օրենք չեք ընդունի, որ հաջորդ խորհրդարանում 25 տոկոսը գոնե տղամարդիկ լինեն: Կարող է այս տեմպով գնանք, հետո տղամարդկանց պաշտպանության կոմիտեներ ստեղծվեն, շատ չճնշեք, էլի»:
Արամ Մանուկյանն ասաց, որ 88-ի ազատագրական շարժումը չէր կարող լինել այդքան հզոր, համատարած, եթե այդ շարժման մեջ առաջատարներ ու հիմնական խաղացողներ չլինեին կանայք. «Հայաստանի կանայք մշտապես եղել են շատ ակտիվ, քաղաքացիական կանայք՝ հասարակական դարդով, ցավով բովված, մասնակցած»:
Արամ Մանուկյանն ընդգծեց, որ իրենք ընտրություններին մասնակցում են խաղաղության ծրագրով, իսկ խաղաղության կարիքն ամենաշատը զգում է մայրը, ամենաշատն է դողում այդ արժեքի համար, որովհետեւ հենց մայրն է զինվորի համար անքուն գիշերներ անցկացնում, լացում, մատաղ անում, աղոթք անում, որ վերադառնան իրենց ընտանիքներ առողջ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ