«Հայկական վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) առաջնորդ Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպեց կուսակից կանանց, շնորհավորեց նրանց Մարտի 8-ը:
Օգտվելով հանդիպման առիթից՝ պարոն Բաղդասարյանը նաեւ նախընտրական ծրագրում տեղ գտած կանանց վերաբերող դրույթները ներկայացրեց. «Մենք միշտ կողմնակից ենք եղել գենդերային հավասարությանը, կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին օրենքի հեղինակն ենք եղել, մենք աջակիցն ենք եղել ընտրական օրենսգրքում այն փոփոխությունների իրականացմանը, համաձայն որոնց՝ այսօր Հայաստանում կանայք ունեն մեծ ներգրավվածություն ընտրական ցուցակներում, ներկայացրել ենք նաեւ բազմաթիվ կին թեկնածուներ, կուսակցության 100.000 անդամների 60%-ը կանայք են»:
Պարոն Բաղդասարյանն անդրադարձավ գյուղաբնակ կանանց մասին իրենց ծրագրում տեղ գտած առաջարկներին՝ հիշեցնելով, որ առաջարկում են նրանց գյուղատնտեսական աշխատանքը համարել աշխատանքային ստաժ. «Նրանք, որ գիշեր ու ցերեկ հողի հետ կռիվ տալով, բերք ու բարիք են ստեղծում՝ պետության կողմից չարժանանալով պատշաճ վերաբերմունքի: Մենք առաջարկում ենք, որպեսզի պետությանը հողի հարկ վճարող ընտանիքների կանանց գյուղատնտեսական աշխատանքը դիտարկել աշխատանքային ստաժ… Հայաստանում պետք է ձևավորվի մայրական կապիտալ, եւ մեր հեղինակած օրենքով՝ այսօր ընտանիքը ծնված 3-րդ և 4-րդ երեխայի համար պետությունից ստանում է 1,5 մլն դրամ: Այդ օրենքն անցել է 8 տարվա ճանապարհ, 8 տարի քննադատություններ են հնչել, բայց այսօր հպարտությամբ արձանագրում ենք, որ այդ օրենքն ընդունվել է, աշխատում է, եւ այսօր մեր նախընտրական ծրագրում առաջարկում ենք, որ առաջնեկի ու երկրորդ երեխայի համար տրվող գումարների չափը մեծացվի»:
Ըստ ՀՎԿ առաջնորդի, առաջարկում են նաեւ բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության մասին հատուկ օրենք ընդունել, օրենսդրական նախաձեռնությունը կա, բայց օրենք դեռ չի դարձել, օրենքի ընդունման համար, ըստ պարոն Բաղդասարյանի, 6 տարի է՝ պայքարում են. «Բայց մենք վստահ ենք, որ առաջիկայում այս օրինագիծը դառնալու է օրենք»:
Կարդացեք նաև
Պարոն Բաղդասարյանն այսօրվա հանդիպմանը կրկին հիշեցրեց իրենց մեկ այլ առաջարկ՝ պետության կողմից երիտասարդ ընտանիքներին 500,000 դրամ գումար տրամադրելու մասին, իսկ անապահովներին՝ 1 միլիոն դրամ. «Ծրագրերը շատ են, մենք մեր հասարակությանն ենք ներկայացնում 30 քայլ, որոնք կփոխեն Հայաստանը, 30 ծրագիր, որի իրականացումը կապահովի բարեկեցություն ու ապահովություն մեր ժողովրդին, և 30 նպատակ, որը, իսկապես, մեր ազգին կտա վերածնունդ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Գեդեռների հավասարություն չի , սեռերի հավասարություն ա, այ “քաղաքական” “գործիչ”:
Էտ ախմախ բառը հայերեն մի մուտքագրի,