Մեր հասարակության մեջ կանանց առավել հիշում, գնահատում ու արժևորում են հենց այսօր՝ մարտի 8-ին: Կանանց մասին այս օրը պատմում, գրում ու խոսում են առավել, քան երբևէ (չնայած բոլորն էլ այն տեսակետն են պաշտպանում, որ կանանց համար տոն պիտի լինի ոչ միայն նրանց նվիրված միջազգային օրը), մենք էլ որոշեցինք չխախտել ձևավորված ավանդույթը՝ մեր պատմության առանցքում ունենալով գեղեցիկ ու թույլ սեռի ներկայացուցիչ … Չնայած՝ թույլ մակդիրը մեր հերոսուհու՝ Սուսաննա Սերոբյանի կերպարին այդքան էլ համահունչ չէ:
Ինքներդ կհամոզվեք.
Սուսաննա Սերոբյանը 47 տարեկան է, մասնագիտությամբ՝ տնտեսագետ : Արտաքնապես բարետես ու հաճելի կին է ու թվում է՝ վերջ , բայց…
Նա կին է , որն ունեցել է բազմաթիվ փորձություններով ու շրջադարձներով լեցուն կյանք: Ամուսնությունից հետո, 10 տարի շարունակ չի կարողացել մայրանալ.
Կարդացեք նաև
– Ունեցել ենք համարյա գրավոր դատավճիռ, որ ես չեմ կարող երեխաներ ունենալ. ըստ երևույթին շատ մեծ հարցական էր. ամուսինս, նույնիսկ, պատրաստ էր արդեն երեխա որդեգրել,- ասում է Սուսաննա Սերոբյանն ու շարունակում,- բայց ես վստահ էի, որ չունենալ երեխաներ, չեմ կարող. ներքին ձայն էր, ներքին զգացողություն…
Ի վերջո, տասը տարվա դժվարություններից հետո, Աստծո կամոք, նրան հաջողվում է մայրանալ.
-Իմ բալիկները ծնվեցին 3 թվի խորհրդանշական լուծումով. երրորդ ամսվա, երրորդ օրվա, երրորդ ժամին՝ երեքով,- ժպիտով պատմում է տիկին Սուսաննան:
Որդիների ծնունդից հետո լիովին փոխվում է այս կնոջ կյանքը.
-Երեխաները լույս են, երեխաները հույս են, երեխաները, ըստ էության, կնոջ, մարդու ամենակարևոր անելիքն են աշխարհի երեսին,- շարունակում է Սուսաննա Սերոբյանը:
Հաղթահարելով առկա դժվարություններն ու հոգսերը՝ տիկին Սուսաննան սկսում է ապրել բնականոն, երջանիկ կյանքով: Բայց շուտով, նրա կյանքի հաջորդ տասնամյակում վրա է հասնում մի նոր փորձություն՝ դարի գլխավոր չարիքը. կնոջ մոտ հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղ:
-Շատ դժվար, շատ շոկային, մի տեսակ թևաթափ անող դատավճիռ է թվում քաղցկեղը, բայց երբ առնչվում ես ու փորձում ես չհանձնվել, երբ գիտակցում ես այն արժեքները, որի համար դու ապրում ես ու հասկանում ես, որ շատ անելիքներ ունես, ու դնում ես դրանք քո առաջ և որոշում ես առաջ գնալ, այլ է…
Այդպիսի մի որոշում է կայացրել Սուսաննա Սերոբյանը: Իրեն աջակցող ու սիրող մարդկանց մի մեծ բանակի օգնությամբ, մեկուկես տարվա անվերջանալի թվացող, դաժան բուժման գործընթացից հետո նրան հաջողվում է հաղթահարել թվացյալ անհաղթահարելին: Այսօր էլ նա երախտագիտությամբ է հիշում այն մարդկանց, որ աջակցել են իրեն՝ հարազատներ, գործընկերներ, ծանոթ ու անծանոթ մարդիկ. (Նույնիսկ պատմում է , որ իրեն օգնել է մի ռուս ընտանիք, երբ այդ ժամանակահատվածում Ռուսաստանում աշխատող իր որդիների նախկին դայակից իմացել է իր պատմությունը. այդ ընտանիքը Սուսաննա Սերոբյանին է ուղարկել մեկ միլիոն երկու հարյուր հազարի սահմաններում տատանվող դեղի հինգ չափաբաժին):
-Դա հզոր վերադարձ էր, հզոր էներգիա… ու ես իմ ողջ կյանքի ընթացքում պատրաստ եմ վերադարձնել այն սերը , որ ստացել եմ փողի հետ. այստեղ նույնիսկ խնդիրը փողը չէ:
Բայց տիկին Սուսաննան խոստովանում է , որ հուսահատության պահեր էլ է ունեցել այս ընթացքում: Հիվանդությունը գաղտնի է պահել երեխաներից, ասում է, որ նրանք փոքր էին , ու որևէ բան բացատրելը դժվար էր: Հիշում է, թե որքան ծանր էր, երբ երեխաներն իրեն առաջին անգամ տեսել են առանց մազերի.
-Կեղծամը հանում էի բաղնիքում կամ երբ տանը մենակ էի, բայց մի օր բաղնիքի դուռը փակելուց չէի նկատել, որ չի փակվել, և երեխաները պատահաբար բացեցին ու ինձ տեսան առանց մազերի: Դա երևի, ըստ էության, ամենադժվար օրն էր իմ կյանքում, որովհետև երեխաներս վախեցան, ես տեսա վախ նրանց աչքերում… ջայլամի նման բռնել էի գլուխս, ուզում էի թաքնվել, մի տեղ կորչել. հուզմունքից լաց եղա: Բայց 1 րոպե հետո բալիկներս եկան, գրկեցին ինձ, և դա անմոռանալի էր: Ես տեսա նրանց տեսակը. (մամ դու առանց մազերի էլ ես սիրուն, մեկա մենք քեզ բոլոր ձևերով էլ սիրում ենք, ոչինչ)…Ես երեխաներիս ասացի, որ մազերս անհաջող ներկով ներկել եմ, և այդ պատճառով էլ թափվել են…
Այս ամենի միջով անցած կնոջ խոսքերով, երբ ուղիղ նայում ես մահվան աչքերին, հասկանում ես, որ մի գուցե, ոչ թե պետք է վախենալ, այլ պետք է շարունակել ապրել ամեն օրը. վերագնահատել բոլոր ունեցած արժեքները:
-Ես հասկացա, որ ամեն օրը, որ տրվում է ինձ, պետք է ապրել սիրով լեցուն… այդ սերը դառնում է ուժ, դառնում է էներգիա: Հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ կարող եմ ասել, որ ես այսօր ունեմ անօրինակ լավատեսություն, ունեմ սեր, որ ենթարկվեց բոլոր տեսակ փորձությունների, ես ունեմ շատ անելիքներ…Այսօր ինձ ոչինչ չի կարող հուսահատեցնել. կյանքը հրաշալի է իր բոլոր բարդություններով, ամեն օր, երբ Աստված չի մոռանում մեզ արթնացնել, հրաշք է…
Սուսաննա Սերոբյանը օրվա խորհրդից ելնելով՝ շնորհավորում է բոլոր կանանց, ցանկանում, որ հայ կանայք գիտակցեն, որ իրենք ազգապահպան խնդիր ունեն. Ընտանիք կազմելուց չմտածեն ամուսնանամ ու վերջ, բաժանվեմ՝ ոչինչ: Առողջական բարդ խնդիրներ հաղթահարելով՝ նա ուզում է , ու բոլոր տարիքի կանայք հետևեն իրենց առողջությանն ու սիրեն իրենց՝ ելնելով հենց իրենց ընտանիքի բարօրությունից և նրա վերջին ցանկությունն է, որ կանայք ուզեն երջանիկ լինել…
-Հենց ուզեն, անպայման կլինեն: Ուղղակի պետք է տեսնել այն, ինչ ունեն, այլ ոչ թե այն, ինչ չունեն…Երջանկությունը մեծ բան չէ. իմ անցած ճանապարհից ելնելով եմ ասում, մարդիկ երջանկությունը որոնում են, որոնում… բայց այդ երջանկությունը մեզ հետ է, պարզապես պետք է տեսնել այն. ցանկացած իրավիճակում, եթե մարդ ուզում է սիրել, ուզում է ապրել, կգտնի հնար…
Արփինե ՄՈՒՐԱԴՅԱՆ
Հ. Գ. Այսօր տիկին Սուսաննան «Եվրոպա Դոննա Արմենիա» պացիենտական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ է.