ՀՀԿ Լոռու մարզի նախընտրական շտաբը գլխավորում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Aravot.am-ի հետ զրույցում մարզի ղեկավարն ասաց, որ ինքը չի պատրաստվում ժամանակավորապես դադարեցնել մարզպետի իր լիազորությունները, եւ արձակուրդ վերցնել՝ կուսակցական աշխատանքներն իրականացնելու համար:
«Ես կարծում եմ, որ արձակուրդ չեմ գնա: Իսկ շտաբային աշխատանքների հետ կապված, ես կաշխատեմ շաբաթ-կիրակի օրերին, իսկ աշխատանքային օրերին՝ ժամը 6-ից հետո: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի մենք քարոզարշավի ընթացքում լինենք օրինակելի, եւ օրենքի տարրը պահելով մեր քարոզարշավը մենք ավարտին ենք հասցնելու: Բնականաբար աշխատանքային ժամին կզբաղվենք աշխատանքով, աշխատանքից հետո՝ քարոզարշավով»,- ասաց մարզի ղեկավարը:
Ա. Նալբանդյանը հավաստիացրեց, որ այս 2 աշխատանքները՝ մեկը մյուսին չեն խանգարի: Իսկ ինքն արձակուրդ գնալ չի կարող, քանի որ կառավարության կողմից ունեն մի շարք այլ հանձնարարականներ. «Կարծում եմ, որ իմ աշխատանքը չի խոչընդոտի քարոզարշավին, եւ քարոզարշավն՝ իմ աշխատանքին: Հաշվի առնելով այն կարեւոր հանգամանքը, որ վարչապետի կողմից լայնածավալ աշխատանքների եւ հանձնարարականների կատարման հարցեր կան, նաեւ այս առումով նպատակահարմար չեմ գտնում արձակուրդի մեջ լինել:
Քանի որ քարոզարշավի մեկնարկից ընդամենը 2 օր է անցել, դեռ վաղ է գնահատական տալ: Կարող եմ միայն Հանրապետական կուսակցության մասով ասել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի քարոզարշավն անցնի պատշաճ մակարդակով»:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ