Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիստներն առաջարկում են ստեղծել օդային տաքսի

Մարտ 08,2017 13:54

Վերականգնել արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարությունը. սա Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) առաջնային գործն է լինելու, երբ մուտք գործեն Ազգային ժողով:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Կոտայքի մարզում ՀԿԿ-ի վարկանիշային ցուցակով առաջադրված, 16 տարի Հրազդանում աշխատած, «Հրազդան ցեմենտ» գործարանի նախկին տնօրեն Նաիրա Մարտիրոսյանն իրենց առաջարկն այսպես հիմնավորեց. «Արտադրողը չգիտի` արտադրի՞, թե՞ զբաղվի առաքման, իրացման խնդիրներով: Հարցեր կան, որ պետք է անպայման պետական մակարդակով լուծվեն»:

Ըստ տիկին Մարտիրոսյանի` Հայաստանում ազատ շուկայական հարաբերություններն իրենց չեն արդարացնում, քանի որ մեր շուկան շատ սահմանափակ է»:

Նաիրա Մարտիրոսյանը վստահեցրեց, թե մուտք գործելով խորհրդարան` կոմունիստները կոնկրետ նախագծեր են առաջ քաշելու. «Ունենք ծրագիր, և կա առաջարկություն ավտոդողերի գործարանում կազմակերպել ռետինատեխնիկական իրերի արտադրություն` կոոպերացնելով «Նաիրիտի» հետ: Օգտագործելով կաուչուկ` կարող ենք արտադրել փոխադրիչների ժապավեններ: Եթե հայտնվենք ԱԺ-ում, մենք այդ նախագծերը կներկայացնենք, և աշխատելու ենք «Նաիրիտի» ուղղությամբ: Եթե «Նաիրիտի» աշխատակազմը կանգնել, ասում է, որ կարող են աշխատեցնել գործարանը, ինչո՞ւ պետք է գործարանը կանգնի: Եթե «Նաիրիտն» աշխատի, կաշխատեն նաև մի շարք այլ գործարաններ»:

Իսկ թե ինչո՞ւ պետք է ընտրողն իր քվեն տա կոմունիստներին, տիկին Մարտիրոսյանը պատճառաբանեց, թե 20 տարի է՝ կոմունիստները չկան խորհրդարանում ու 20 տարի խնդիրները չեն լուծվում:

ՀԿԿ համամասնական ցուցակում ներգրավված Դմիտրի Ադբաշյանը բարձրացրեց ավիացիային վերաբերող խնդիրներ ու հիշեցրեց. «Մենք ունեինք հզոր ավիացիա. տեղափոխում էինք տարվա կտրվածքով 3.5 միլիոն ուղևոր մեր սեփական ինքնաթիռներով: Իսկ այժմ հայերը, չունենալով ինքնաթիռ, ավտոբուսներով հասնում են մինչև Նովոսիբիրսկ: Ինչո՞ւ մենք չպետք է ունենանք սեփական ավիացիա, ինչո՞ւ մեր ինքնաթիռը Քիշինևից է թռչում հայ անձնակազմով, որովհետև այդ երկիրը չի ստորագրել բաց երկնքի քաղաքականության պայմանագիր»:

Կոմունիստները ծրագիր ունեն վերականգնել ՀՀ ավիացիան. «Մինչև հիմա չունենք լավ մշակված իրավաբանական դաշտ ավիացիայի աշխատանքների համար: Երկրորդ խնդիրը բաց երկնքի քաղաքականությունն է: Օրինակ` նախագահ Թրամփն ուզում է բաց երկնքի քաղաքականությունից հրաժարվել, քանի որ այն վնաս է հասցնում ԱՄՆ ավիացիային»:

Պարոն Ադբաշյանը վստահ է, որ հենց հիմա հնարավոր է ՀՀ-ում ստեղծել թեթև ավիացիա. «Հնարավոր է հավաքել թեթև ինքնաթիռներ և կազմակերպել նախկին տեղական գծերով թռիչքներ, այդ թվում նաև ստեղծել օդային տաքսի: Դրա համար պետք է ստեղծվի հատուկ լիազորված մարմին, մեր օդային օրենսդրությամբ դա նախատեսված է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031