«Մենք ներուժ ունենք մարդավարի ապրելու: Եթե որոշել եք աջակցել մեր ուժին, չեք փոշմանելու, պրոստը չեք փոշմանելու»,- այսօր Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում եզդիական համայնքի ներկայացուցիչներին այսպես դիմեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը համատեղում է աշխատանքային այցը քարոզարշավի հետ: Քարոզարշավի շրջանակներում վարչապետին ուղեկցում են արդարադատության նախարար, ՀՀԿ ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արփինե Հովհաննիսյանը եւ Շուշան Սարդարյանը, ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուներ Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Առաքել Մովսիսյանը:
Կարդացեք նաև
Քարոզարշավային այցը Արմավիրի մարզ վարչապետը սկսեց Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց, որտեղ վարչապետը վառեց քարոզարշավի հաջող մեկնարկի իր մոմը:
Ակնալիճ համայնքում Կարեն Կարապետյանն այցելեց Սուլթան Եզիդի անվան սրբավայր, այնուհետեւ եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ խոսեց առօրյայից, հետաքրքրվեց իրենց կյանքից, խնդիրներից եւ հոգսերից:
Համայնքի ներկայացուցիչներից մեկը վարչապետին ասաց՝ իրենք շնորհակալ են Հանրապետական կուսակցությանը ու որոշել են, որ այս ընտրարշավում Հանրապետականի կողքին են լինելու:
Մեկ ուրիշն էլ շեշտեց, որ շատերը անձամբ Կարեն Կարապետյանի հետ են հույսեր կապում: Վարչապետը, իհարկե, շոյվեց, ասաց, որ չափազանց կարեւոր է եղբայրական ժողովրդի աջակցությունը. «Եթե որոշում կա, որ ձայնը տաք մեզ, մենք այդ պատասխանատվության տակից դուրս կգանք»:
Համայնքի ներկայացուցիչներից մեկ ուրիշն էլ դիմելով վարչապետին՝ ասաց. «Թող ձեր ոտքը էս տարածքում խերով լինի»: Նա իր ազգակիցներին կոչ արեց ընտրություններում ձայն տալ ՀՀԿ-ին եւ Սեյրան Սարոյանին: Սեյրան Սարոյանն էլ վրա բերեց. «Մեկ ա ձեր բրեմենը (եղբայր) ես եմ»:
Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքում վարչապետը հետաքրքրվեց նորամուծություն արեւային մարտկոցներով: Համայնքը գազի խնդիր է ունեցել, դիմել են կառավարությանը՝ գազիֆիկացնելու համար, կառավարությունում հաշվարկել են՝ թանկ է նստել, այլընտրանք են առաջարկել՝ արեւային մարտկոցներ, որոնց փորձնական տարբերակներն արդեն տեղադրվում են համայնքում: «Մտածում էիք ֆռռացնում են, չէ՞, չեն ուզում գազի հարց լուծեն»,- համայնքի բնակիչների հետ զրույցում ասաց վարչապետը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լեռնամերձի բնակիչները վարչապետի հետ խոսեցին նաեւ գյուղի ամբուլատորիայի, դպրոցի հարցերով. գյուղում ամբուլատորիա չկա, միջին դպրոցն էլ օպտիմալացվում է եւ տեղափոխվում հարեւան գյուղ: «Որպեսզի լավ ապրենք, պիտի խելոք լինենք, մեր գրպանի գյորա ծախսենք»,- ասաց վարչապետը՝ մանրամասնելով, որ դպրոցի օպտիմալացված ծախսերով ավտոբուս կտրամադրվի, որը երեխաներին կտեղափոխի, ծնողներն էլ հանգիստ կլինեն: Արդյունքում երեխաները կստանան ավելի լավ որակի ուսում եւ ավելի մատչելի ծախսերով:
Ի դեպ, վարչապետը դատարկաձեռն չէր գնացել Արմավիրի մարզ: Բոլոր տեղերում, որտեղ քարոզչական հանդիպումներ էին նախատեսված, կանանց տոնի առիթով բոլոր կանանց մեկական վարդ էին նվիրում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ