Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մեր առաջնային թիրախ թշնամին ՀՀԿ-ն է». Զարուհի Փոստանջյանը՝ իր ստեղծած նոր ուժի մասին

Մարտ 08,2017 13:20

Այսօր «Հայացք» ակումբում Զարուհի Փոստանջյանը հայտարարեց նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին, որում պետք է ներգրավի սփյուռքին:

Նա ասաց, որ այդ ուժի ծրագրային դրույթներին կծանոթանանք մարտի 15-ին՝ իրենց համագումարին: Միայն տեղեկացրեց, որ պայքարելու են, որ սփյուռքի հայությունը մասնակցի ընտրություններին եւ քաղաքական գործընթացներին:

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ «Հանրությունը հասկանում է, որ մեր առաջնային թիրախ թշնամին ՀՀԿ-ն է եւ Սերժ Սարգսյանը եւ այս հիմնական ընկալման տիրույթում մեր հանրությունը կարող է քաղաքացիական պարտքը եւ քաղաքական դիրքորոշումը հայտնել: Միակ հորդորս այն է, որ բոլորը պետք է մասնակցեն քաղաքական գործընթացներին: Շատ կարեւոր է, որ մենք դառնանք ոչ միայն քաղաքացի, այլ նաեւ քաղաքական ժողովուրդ, հստակ պատկերացնենք մեր քաղաքական իրավունքները, դրանց արժեքը: Պետք է հասկանանք, որ մեր քվեն կարեւոր է, արժեք է եւ մեր քվեի համար պատրաստ ենք պայքարել»:

Հարցին՝ սփյուռքը որ մասնակցի ընտրություններին, նախ Սահմանադրությունը պետք է փոխել, այս Սահմանադրության ներքո ինչպե՞ս եք պատկերացնում ձեր այդ ծրագրի իրականացումը՝ նա պատասխանեց. «Այս նախաձեռնող խումբը, գործող Սահմանադրությունը, որը կեղծիքով մեզ պարտադրվեց, մենք դա չենք ընդունում, ոչ այս Սահմանադրությունն ենք ընդունում, ոչ դրա դրույթները»:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ սփյուռքահայերի հետ հանդիպումներ ունեցել է, հենց իրենք են առաջարկել դա. «Այս խնդիրը վաղուց է մտահոգում իրենց եւ մտահոգությունը երկուստեք է, համայն հայությանն է վերաբերում: Պետք է հաշվի առնենք, որ եթե ունենք շուրջ 10 մլն հայություն, 5 մլն-ը սփյուռքահայությունն է, որոնք այնտեղ են իրենց ընտանիքները կազմել: Միասնությունը ոչ թե նրանց գումարների եւ ֆինանսական ռեսուրսների առումով պետք է լինի, այլ միասնություն՝ մեկ քաղաքական ռեսուրսների առումով:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իրենց նախաձեռնությունը պետք է դառնա համակարգային կառույց՝ կուսակցություն: Թե ինչպես է այն ձեւավորվելու, այդ մասին համագումարը կորոշի:

Նա ասաց, որ «Ժառանգությունից» դուրս գալիս ասել է, որ չի դադարելու քաղաքական գործունեությունը, ուստի հիմա հենց այդպես էլ անում է:

Մենք հետաքրքրվեցինք՝ ընտրություններին մասնակցող մի շարք քաղաքական ուժերի ծրագրերում կա սփյուռքի մասնակցության մասին կետ, նաեւ «ԵԼՔ» դաշինքը խոստանում է խորհրդարանում ստեղծել երկրորդ պալատ՝ սփյուռքի մասնակցությամբ եւ վերահսկողությամբ, սատարելո՞ւ եք դա՝ նա պատասխանեց. «Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են լինելու սփյուռքահայության ներգրավվածությանը ՀՀ քաղաքական կյանքում, իմ կողմից ողջունելի են եւ հնարավորինս աջակցություն են ստանալու»:

Տիկին Փոստանջյանն ասաց, որ այս ընտրությունների ընտրարշավն ու ընտրապայքարը հավասար պայմաններում չեն ընթանում. «Եթե ամեն ինչ լինի այնպես, ինչպես ծրագրել եւ նախաձեռնել է պարոն Սարգսյանը, չեմ կարծում, որ մեծ փոփոխություններ կլինեն խորհրդարանում: Մեր կյանքում փոփոխություններ տեղի չեն ունենա: Իսկ եթե սցենարը փոփոխվի, տեղի կունենան արտահերթ ընտրություններ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031