Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայում, Եվրամիությունում եւ Հայաստանում. Մեզ պետք են ավելի՛ շատ կին առաջնորդներ քաղաքականության մեջ եւ գործարար ոլորտում

Մարտ 08,2017 12:45

Օրերս դեսպանությունն աշխատանքի ընդունեց անվտանգության նոր աշխատակիցների: Ավելի քան 130 հավակնորդների փաստաթղթերի առաջին ուսումնասիրությունից արդեն պարզ էր, որ կին հավակնորդներն ավելի բարձր որակավորում ունեն: Սա առավել քան հաստատվեց հարցազրույցների ժամանակ: Կանայք իրենց ավելի լավ էին կարողանում ներկայացնել, նրանց օտար լեզվի իմացությունն ավելի խորն էր, եւ իրենց անձնական ընդհանուր որակներում նրանք ավելի համոզիչ էին, քան տղամարդկանց մեծ մասը: Արդյունքում չորս տեղերից երեքը տրվեցին կանանց, սակայն ոչ այն պատճառով (եւ սա ես հատուկ ուզում եմ շեշտել), որ նրանք կանայք են, այլ որովհետեւ նրանք ավելի լավ որակավորում ունեին:

Թերեւս զվարճալի հնչի, բայց այս փորձառությունս հաստատվում է առօրյայում: Ես մշտապես հանդիպում եմ սպասարկման բարձր կուլտուրայով մատուցողուհիների, ականատես եմ լինում, թե ինչ նվիրվածությամբ են աշխատում ուսուցչուհիները դպրոցներում, բժշկուհիները՝ հիվանդանոցներում, տպավորված եմ այն կանանցով, ովքեր աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կամ ակտիվ գործունեություն են ծավալում հասարակական կազմակերպություններում:
Միայն թե՝ ես տեսնում եմ նաեւ, որ նախկինի պես կանանց հազիվ կարելի է գտնել քաղաքական եւ ձեռնարկատիրական բարձր պաշտոններում: Երկու կին նախարար, որքան էլ նրանք արդյունավետ եւ նվիրված աշխատեն, 20 անդամ ունեցող կառավարությունում իսկապես քիչ է: Խորհրդարանում նույնպես կանայք նախկինի պես քիչ են ներկայացված: Թեեւ կան կին քաղաքապետներ, սակայն նրանք բացարձակ փոքրամասնություն են: Գործարար ոլորտում էլ պատկերը նույնն է. հաշված ընկերություններ կան, այն էլ՝ փոքր, որոնց ղեկավարները կանայք են:

Արդար լինելու համար նշեմ, որ իրավիճակը Գերմանիայում մինչեւ վերջին տարիներս ավելի լավ չէր եւ այժմ էլ որոշ ոլորտներում ավելի լավ չէ: Մինչեւ 70թ. Դաշնային կառավարության կազմում առավելագույնը մեկ կին էր լինում, հիմնականում՝ առողջապահության կամ ընտանիքի հարցերով նախարարը: Գերմանիայի Բունդեսթագը մեկ անգամ է միայն կին նախագահ ունեցել: Ցայսօր Գերմանիան դաշնային կին նախագահ չի ունեցել: Այդուհանդերձ՝ կանայք գնալով ավելի կարեւոր քաղաքական պաշտոններ են ստանձնում: Անգելա Մերկելը 2005 թվականից առաջին կին կանցլերն է, 2013 թվականից Ուրսուլա ֆոն դեր Լայենը պաշտպանության առաջին կին նախարարն է, եթե թվարկենք միայն ամենահայտնիներին: Դեռեւս անելիքներ կան տնտեսական խոշոր ընկերությունների ղեկավար պաշտոններում կանանց ներկայության եւ տղամարդկանց համեմատ կանանց եկամուտների տարբերությունը վերացնելու հարցում: Թեեւ Գերմանիան վերջին քսան տարիների ընթացքում մեծ առաջընթաց է գրանցել այս հարցում, սակայն Շվեդիայի եւ Նորվեգիայի օրինակները դեռեւս խթան պիտի լինեն մեզ համար: Հիրավի՝ հատկապես հյուսիսային երկրներում հասկացել են, որ փոխկապակցված աշխարհում հնարավոր չէ անտեսել բնակչության ավելի քան 50%-ի ներուժը: Այս երկրներում բարեկեցության, նաեւ կոռուպցիայի ցածր մակարդակի, իրավապետականության, արդյունավետ սոցիալական շուկայական տնտեսության համար մարդիկ պարտական են քաղաքականության եւ տնտեսության մեջ կանանց ներգրավվածությանը:

Հստակորեն նշում եմ, որ ոչ միայն Գերմանիայում, այլ նաեւ Եվրամիության մյուս երկրներում քաղաքական եւ տնտեսական ոլորտներում կանանց ներգրավվածության պակաս կա: Եվ այդուհանդերձ՝ կանանց մասնակցությունը ԵՄ խորհրդարաններում եւ կառավարություններում հասել է 28%-ի: 2015թ. տվյալներով՝ խոշոր ընկերությունների կառավարման խորհուրդների անդամների 23%-ը կանայք են, սակայն, ցավոք, խորհրդի նախագահ է լոկ 4,3%-ը: Կարեւոր եմ համարում նշել, որ ի դեմս ԵՄ հանձնաժողովի՝ մենք ԵՄ-ում ունենք հզոր մի կառույց, որն ի շարս այլ հանձնառությունների՝ ԵՄ անդամ պետություններին իր զեկույցներով շարունակ եւ արդյունավետորեն «ստիպում է նայել հայելու մեջ»՝ հորդորելով անել ավելին: Ես՝ որպես համոզված եվրոպացի, շեշտում եմ, որ առանց ԵՄ հանձնաժողովի պահանջկոտության մենք ԵՄ անդամ երկրներում չէինք հասնի այն հաջողություններին, որոնք վերաբերում են կանանց իրավունքների իրացմանը: Եվրամիությունն իր կին հանձնակատարների համամասնությամբ (27-ից՝ 9-ը) եւ հատկապես՝ առանցքային պաշտոնում Ֆեդերիկա Մոգերինիի՝ որպես արտաքին եւ անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատարի ներկայությամբ, առաջատար օրինակ է:

Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը եկել է բարեփոխելու երկիրը, ավելի, քան մինչ այժմ, մրցունակ դարձնելու այն հատկապես տնտեսական ոլորտում: Սա միանշանակ ողջունելի է: Տնտեսության արդիականացումը եւ դրանից դուրս՝ նաեւ հասարակության արդիականացումը հաջողություն կունենա միայն այն պարագայում (եւ դրանում ես համոզված եմ), եթե բնակչության մեծամասնությունը, այսինքն՝ կանայք, ավելի մեծ հնարավորություններ ունենան բարձր պաշտոններ եւ պատասխանատվություն ստանձնելու: Սա վերաբերում է թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական ոլորտներին: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները եւ դրան հաջորդող կառավարության ձեւավորումը կարող են մեծ առիթ լինել ցույց տալու աշխարհին, որ Հայաստանը ցանկանում է կանանց առավել լայն հնարավորություններ տալ մասնակից լինելու երկրի կառավարմանը:

Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ կանանց ծաղիկներ նվիրելը գեղեցիկ ժեստ է: Ավելի գեղեցիկ կլիներ, եթե ծաղիկներին հաջորդեին կանանց մասնագիտական զարգացման ավելի լայն հնարավորությունները:

ՄԱԹԻԱՍ ՔԻՍԼԵՐ
Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան

 

«Առավոտ»

08,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031