Լրահոս
Օրվա լրահոսը

Փակվել են Մասիսում ու Արտաշատում «Ելք» դաշինքի թեկնածուի բացած շտաբները. «Հայկական ժամանակ»

Մարտ 08,2017 11:52

Գրեթե ամեն օր այստեղ տեղի է ունենում ռեյտինգային թեկնածուների շահերի որոշակի բախում։ Երեկ, օրինակ, ոստիկանության Արտաշատի բաժին էր բերման ենթարկվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, Արտաշատի քաղաքապետ, Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի շտաբի պետ Գարսեւան Վարդանյանը։

Երեկ տեղեկություններ ստացանք, որ իշխանությունները թույլ չեն տալիս, որ մարզում շտաբներ ունենան նաեւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։ Մարզում «Ելք» դաշինքի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ռազմիկ Թեւոնյանն, օրինակ, ասաց, թե փակվել են Մասիսում ու Արտաշատում բացված իր շտաբները։ Շտաբի տարածքների սեփականատերերը այն վարձակալության հանձնելուց կարճ ժամանակ հետո մոտեցել են թեկնածուին ու ասել, որ չեն կարող այլեւս դրանք իրեն տրամադրել։

Թեւոնյանի խոսքերով՝ այդ տարածքների սեփականատերերի մոտ են ուղարկում նրանց վրա ազդեցություն ունեցող տարբեր մարդկանց, ոստիկաններն են նրանց զանգահարում, զգուշացնում, որ ընդդիմությունից պետք է վերցնեն դրանք։ Թեկնածուի խոսքերով՝ այդ սեփականատերերը պարզապես վախեցած իրենցից խնդրում են ազատել տարածքներն ու չնեղանալ, քանի որ իրենց սպառնում են։ «Բա անհարմար չե՞ն զգում։ Վաղը մյուս օրը թուրքի հետ կռիվ է ընկնելու, այդ ժողովրդին որ վախեցնում են, էդ վախեցած ժողովուրդն ինչպես պիտի գնա ու կռիվ անի։ Թե՞ հանրապետականներն են գնալու կռվեն»,- վրդովված հարցնում էր նախկին ազատամարտիկը։

Նա նաեւ հավատացնում է, որ ինչպես բոլոր ընտրություններին, իշխանություններն այս անգամ էլ ընտրակաշառք են բաժանելու։ «Բա ուրիշ ինչպե՞ս կարող են վերարտադրվել։ Ուրիշ տարբերակ ունե՞ն։ Այս մարդիկ 2000 թվականից փող են բաժանում, սահմանային գոտի են գալիս ու փող բաժանում, պատկերացնո՞ւմ եք»,- ասում էր Թեւոնյանը։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031