Ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցաշրջան 2017-ում առաջին միջազգային մեկնարկն ունեցավ Յակուտիայում, որտեղ մասնակցեց օլիմպիական չեմպիոն Ռոման Դմիտրիեւի 5-րդ միջազգային մրցաշարում:
Մեր մարզիկներից երեքը 14 երկրների ուժեղագույն հավաքականների ներկայացուցիչների հետ պայքարում նվաճեցին երեք մեդալ: 84 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը եւ գերծանր քաշային Հովհաննես Մաղաքյանը արժանացան արծաթե մեդալի, իսկ նույնպես 84 կգ քաշային Մհեր Մարկոսյանը դարձավ բրոնզե մրցանակակիր:
Հավաքականն արդեն վերադարձել է Երեւան: Տունդարձի ճանապարհին ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ընդհանուր առմամբ բավարարված է արդյունքներով, մանավանդ, որ մրցաշրջանն ըստ էության նոր է սկսվում: «Այս տարի առաջին մրցումը եղել էր հունվարին՝ Հայաստանի առաջնությունը: Սա փաստորեն տղաների երկրորդ լուրջ մեկնարկն էր: Այժմ տղաները նախապատրաստվելու են ապրիլի 6-ից 8-ը կայանալիք հանրապետության երիտասարդական առաջնությանը: Առաջնության արդյունքներով կձեւավորենք հավաքականի կազմը եւ մեծահասակների հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնենք Երեւանում: Այնուհետեւ մարզումները կշարունակենք Ծաղկաձորում, հետո կմասնակցենք միջազգային եւս մեկ մրցաշարի եւ արդեն հավաքականի նոր կազմով կսկսենք Եվրոպայի առաջնության նախապատրաստության վերջին փուլը Եվրոպայի առաջնությունից առաջ, որը կայանալու է հունիսի 25-ից 29-ը՝ Դորտմունդում», – ասաց Ավետիք Վարդանյանը:
Կարդացեք նաև
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
08,03.2017