Նաիրա Զոհրաբյանը՝ վարչապետի սկանդալային հայտարարության մասին
– Տիկին Զոհրաբյան, սահմանամերձ Տավուշի Հաղթանակ համայնքում դուք ասացիք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը՝ ապրիլյան պատերազմի ժամանակ անորակ դիզվառելիքի պատճառով զինտեխնիկայի խափանման մասին, հայտարարություն էր հանցագործության մասին։ Ի՞նչ նկատի ունեիք։
– Նկատի ունեի հենց դա, որ երկրի նման բարձրաստիճան պաշտոնյաի հայտարարությունը, որի վրա, ի դեպ, դրված է ՀՀԿ-ի ողջ քարոզչական բեռը եւ որին վստահաբար այս ընթացքում այդ հարցը տալու են, անում է հայտարարություն, որին պետք է հետեւեին կոնկրետ քայլեր եւ գործողություններ։ Այսինքն, ապրիլյան պատերազմի ժամանակ, եւ պարզվեց նաեւ, ոչ միայն այդ ժամանակ, բանակին մատակարարվել է անորակ վառելիք եւ մեր զինվորների համար դաժան այդ օրերին որոշ զինտեխնիկա հնարավոր չի եղել տեղաշարժել։ Ես Կարեն Կարապետյանի հայտարարությունը, այո, համարում եմ հայտարարություն տեղի ունեցած հանցագործության մասին եւ վստահ էի, որ դրանից հետո շատ արագ թե՛ իրավապահները եւ թե՛ պաշտպանության նախարարությունը այդ հայտարարությամբ պիտի լրջորեն զբաղվեին։
– Սակայն, կարծիքներ են հնչում, որ նշյալ ժամանակահատվածում պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն էր եւ եթե որեւէ մեկը պետք է պատասխան տա, ապա դա հենց Սեյրան Օհանյանը պետք է լինի։ Որովհետեւ նա չէր կարող տեղյակ չլիներ բանակին մատակարարվող անորակ դիզվառելիքից։
Կարդացեք նաև
– Գիտեք, ես ո՛չ դատախազություն եմ, ո՛չ էլ քննչական մարմին։ Եթե կպարզվի, որ մեղավորը Սեյրան Օհանյանն է, ուրեմն պատասխան պիտի տա Սեյրան Օհանյանը։ Կպարզվի այլ անձիք են, պատասխան պիտի տան նշյալ անձիք։ Պետությանը, բանակին հասցված վնասի հարցում ինձ համար կարեւոր չէ անձը եւ կարեւոր չէ, թե ո՞վ հիմա ինչ է ասում եւ ի՞նչ է անում։ Մեղավորները պետք է հստակ կրեն իրենց պատասխանատվությունը։ Եվ կարծում եմ, որ Սեյրան Օհանյանը եւս պետք է վարչապետի հայտարարությանը արձագանքի։
Կրկնում եմ՝ ինձ համար անձերը կարեւոր չեն. հնչել է պատասխանատու հայտարարություն եւ այդ հարցի պատասխանը պիտի տրվի։ Այդ հայտարարությունից հետո ինձ զանգել են ապրիլյան պատերազմում զոհված մեր տղաներից երկուսի հարազատները եւ իրենք եւս սպասում են հնչած հայտարարության պատասխանին՝ ո՞վ կամ ովքե՞ր են պատասխան տալու։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ