Սպարապետ Վազգեն Սարգսյանի անունով բացված ֆեյսբուքյան էջում մի տեսագրություն է տեղադրվել, որտեղ Վազգեն Սարգսյանը մտահոգություն է հայտնում, որ զինապարտները մասսայաբար փախչում են. «Եթե նշված ժամկետում շրջաններում իրենց պահեստազորի գումարտակները չկազմավորեն, որոնց մենք պահելու ենք ե՛ւ զենքով, ե՛ւ զինամթերքով, ամեն ինչով՝ օրինական կարգով, եթե չկարգավորվեն՝ ես շրջաններից կհանեմ այն զորամիավորումները, որոնք կան, եւ թող իրենք իրենց պաշտպանեն: Իրենց հնարավորություն է ընձեռված:
Ամեն անգամ դժբախտությունից հետո գալիս են, խնդրում են, թե մեզ զենք տվեք, զինամթերք տվեք: Հիմա դեռեւս դժբախտություն չկա, հիմա կազմավորման հրաշալի հնարավորություն ունենք, եւ փախչում են»: Սպարապետը դժգոհում է հատկապես Սիսիանից: Նրա խոսքերով՝ «Սիսիանի հրաշալի շրջանում, որտեղ 120 կամավորականներ ունենք, կամավորականներից բացի՝ հիմա 400 մարդ է զորակոչվել, 400-ից 80-ն են ներկայացել»: Վազգեն Սարգսյանը զգուշացնում է, որ եթե իրենց գումարտակները չկազմավորեն՝ շրջաններից կանոնավոր ուժերը դուրս է հանելու եւ տանելու է Արցախ, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, այդ ուժերի կարիքը կա. «Էդ երեխեքը, որ իրանց համար կռվում են էդ շրջաններում, ուրիշ բաժնի երեխեք են, եկել են իրանց տունն են պաշտպանում, իսկ իրանք այնտեղից փախչում են»:
Այս առնչությամբ «Առավոտը» Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Սիսիանում չէին կարողանում կազմակերպվել եւ ինքնապաշտպանություն իրականացնել, որ Վազգեն Սարգսյանի դժգոհությունն էին հարուցել: Նա պատասխանեց. «Սիսիանը բոլոր ժամանակներում իր գործողությունները կատարել է շատ փայլուն, մարտական գործողություններն էլ միշտ փայլուն է կատարել»:
Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ էր Վազգեն Սարգսյանը մտահոգվել եւ ասում էր, որ փախչում են, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Փախստականները ուրիշ բան են, կռվողները՝ ուրիշ բան: Չի կարող պատահել նման բան: Սիսիանը միշտ իր առաջադրանքները փայլուն է կատարել»:
https://www.youtube.com/watch?v=XKK-iDeExrY
Կարդացեք նաև
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
07,03.2017