Զրուցակցիս դիտարկմամբ, օրենքի տառացի մեկնաբանությամբ՝ լրագրողին նախկինի պես թույլատրվում է անձնական տվյալ հրապարակել, եթե դա պայմանավորված է հանրային շահով, բայց մինչեւ դա անելը լրագրողը պետք է ծանուցի սուբյեկտին եւ ստանա նրա համաձայնությունը, իսկ որոշ դեպքերում նաեւ ծանուցի գործակալությանը։
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին զուգահեռ «Տեղեկատվության մասին» օրենքը փոքր-ինչ կարգավորել էր լրատվամիջոցների տեղեկություն ստանալու կարգը, պատասխանատվության կարգավորիչներով զսպաշապիկի դեր էր խաղում այն անձանց նկատմամբ, ովքեր տեղեկատվության տնօրինողներ են կամ պատասխանատուներ, սակայն տեղեկություններ չեն տրամադրում:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքն ընդունելիս կար տեսակետ, թե առաջիններից, ում նկատմամբ սահմանափակումներ կլինեն, լրատվամիջոցներն են, ովքեր գործում են մի իրականության մեջ, որտեղ անձնական տվյալ կարող է անձը համարել անգամ իր կեղծանունը կամ մականունը:
«Էլոֆանտ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, ղեկավար փաստաբան Գեւորգ Հակոբյանն «Առավոտի» հետ զրույցում հաստատեց այս սահմանափակումների մասին մեր մտահոգությունը:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անձնական տվյալներ մշակելու սահմանափակումները չէին տարածվում բացառապես լրագրության, գրական եւ գեղարվեստական նպատակներով մշակվող անձնական տվյալների վրա, ինչի պարագայում լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները չունեին, ի թիվս այլոց, լրատվական գործունեության նպատակով անձնական տվյալներ մշակելու համար տվյալների սուբյեկտին ծանուցելու եւ նրա համաձայնությունը ստանալու պարտականություն, իսկ հատուկ կամ կենսաչափական տվյալներ հրապարակելու դեպքում՝ նաեւ գործակալությանը ծանուցելու պարտականություն՝ մինչեւ այդ տվյալները մշակելը»,- ասում է նա:։
Կարդացեք նաև
Փաստաբանի տեղեկացմամբ, 2016թ. դեկտեմբերի 12-ին խոշտանգումներից տուժած անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մի շարք օրենքներում կատարվել են փոփոխություններ։ Փոփոխությունների փաթեթի հեղինակը եղել է ՀՀ կառավարությունը։ Նախագծերի փաթեթի մեջ է եղել նաեւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին այս օրենքի նախագիծը, որով էլ նշված օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը 2017թ. հունվարի 9-ից ուժը կորցրած է ճանաչել։
Ըստ փաստաբանի՝ «Ստացվել է, որ անձնական տվյալների մշակման կարգին վերաբերող պարտականությունները՝ ծանուցել եւ համաձայնություն ստանալ, սկսել են տարածվել նաեւ լրագրողների վրա»։
Մեր հարցին, թե որոշակիացված չէ, սական, որ հատկապես լրագրողների վրա է տարածվում սույնը, փաստաբանն ասում է. «Օրենքի նախագծի հիմնավորումից պարզ չէ, թե այն կոնկրետ ինչ նպատակ է հետապնդում: Համաձայն նախագծում առկա շատ փոքր եւ վերացական հիմնավորման՝ դա կատարվել է ինչ-որ տարընթերցումից խուսափելու համար: Սակայն այս օրենքի ընդունման հիմնավորումը խոշտանգումից տուժած անձանց իրավունքների պաշտպանության թեմայի եւ առարկայի հետ տրամաբանական կապ չունի, եւ հիմնավորման մեջ էլ չի բացահայտված, թե կոնկրետ ինչ տարընթերցման մասին է խոսքը»։
Արդյոք, այն չի՞ հակասում ԶԼՄ գործող օրենքին՝ «Առավոտի» հարցին էլ Գ.Հակոբյանը պատասխանեց. «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մարդու անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկատվության տարածումը թույլատրվում է, եթե դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար: Մինչդեռ, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նշված փոփոխության արդյունքում, ստացվում է՝ լրագրողները կաշկանդվում են տեղեկատվության մշակման օրենքով սահմանված ծանուցման եւ համաձայնություն ստանալու կարգով, իսկ կարգի խախտումը սպառնում է 200.000-500.000 ՀՀ դրամ վարչական տուգանքով, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ, իսկ կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալների մշակման վերաբերյալ գործակալությանը չծանուցելը՝ 50.000-100.000 ՀՀ դրամ տուգանքով՝ ըստ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.17-րդ հոդվածի»։
Գ.Հակոբյանն ասում է, որ «Շահագրգիռ անձինք չեն տալու համաձայնություն, որ իրենց վերաբերյալ բացասական երանգով հոդված հրապարկվի լրագրողի կողմից, անկախ նրանից, որքանով է դա հիմնավորված հանրային շահով, եւ նրանք փորձելու են լրագրողներին խոչընդոտել բոլոր հնարավոր միջոցներով. իսկ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը նրանց ձեռքին լրագրողներին ճնշելու պոտենցիալ զենքի է վերածվելու։ Այս ամենի պարագայում լրագրությունը Հայաստանում հնարավոր է՝ հայտնվել է խոցելի եւ անորոշ իրավիճակում եւ կարող է տուժել խոսքի ազատությունը»։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Ակնկալում ենք, որ օրենքի այս փոփոխությանը եւ դրա հետեւանքներին կանդրադառնա նաեւ ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:
«Առավոտ»
07,03.2017