Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի կազմաբանություն եւ ընտրություններում պատահականությունների բացառում

Մարտ 08,2017 16:30

ԱԺ պատգամավորը միջակի տիպն է, որ հայտնվել է բարենպաստ պայմաններում եւ թվում է ուժեղ: Նրա մոտ ունեցվածքի պոչն անգամ չի պակասում, ինչը որոշակի օրինական պաշտպանվածության գոյաձեւ է: Նրա առաքինությունները հուսահատեցուցիչ են, որովհետեւ պետք է անընդհատ ու տարբեր կերպ ճնշի հասարակության կասկածներն իր անպատվությունը ծածկելու համար:

Սա արդեն այլասերման տանող ոչ բնականոն դարձած վիճակն է: Ինչը որ լավ է՝ չի անում, իսկ եթե անում է՝ ապա կամ թաքուն, զգուշությամբ, կամ ցուցադրական, շահադիտական, որպեսզի իր նմանների կողմից շարունակի մնալ ընդունելի: Նրա նվիրումը գաղափարին, հայրենիքին, մեծ նպատակին՝ ներկա ԱԺ-ի բնույթին անհամատեղելի թյուրիմացություններ են: ԱԺ-ն անհրաժեշտաբար այլասերում է նրան մինչեւ ողնուծուծը, մինչեւ որ վերջնականապես զրկի հասարակության հավանությունից:

Նրա ապականությունների տարածմանն ականատես լինելու պատճառով հասարակությունն այլեւս իրեն հավասար, իր համար օգտակար կամ բարերար չի համարում: Նրա բնավորությունը, խառնվածքը, մտքերը, արարքները, ինչով երբեւիցե նախկինում ապրել է՝ լինի նշանավոր արտիստ, գիտնական, առեւտրական, իրավաբան, դառնում են դժգույն: Ժամանակը կգա եւ նրան նույնպես կգամեն անարգանքի սյունին, կհամարեն արդեն ստորակարգ, որովհետեւ իր մարդ տեսակին վիհն է հրել, բաժանվել սովորական պատվի մեջ ապրողից, վեհության ձգտողից: Ահա այդպիսին եմ ճանաչել պատգամավորին մինչեւ հիմա եւ բացատրում եմ այդ բացառիկների կազմաբանությունը, նորից ու նորից նույն նրանց ընտրել կամ չընտրելու զավեշտանքի նախաշեմին:
Լավ ընտրությունները ընտրվողից չափից դուրս մեծ ծախսեր է պահանջում, եթե նա ժառանգական համապատասխան արժանիքներ չունի: Ընտրողների մոտ նա ընկալվում է եւ՛ իր դիմագծերով, եւ՛ շարժուձեւերով, եւ՛ խոսքով, եւ՛ հոգու ջերմությամբ, եւ՛ կարողություններով:

Ծախսերն անհրաժեշտ են միայն այդ որակների բացակայության ժամանակ դրանց նմանակումները ձեռք բերելու համար: Դա անվավեր օրենք է: Հասարակության յուրաքանչյուր մասնիկի մեջ համոզում է պետք, որ իր ընտրյալը երբեք իրեն ինքնահոսի չի մատնի: Նա պետք է ստանա տարիների ընթացքում կուտակված իր աշխատանքի վերջնական գնահատումը: Ներկա զավեշտախաղը, որը նորից ընթանում է ժամանակակից նենգադավերի ուղեկցությամբ, մի անսանձ արհամարհանք է սեփական ժողովրդի հանդեպ: Արդեն երեւակվել է այն ամենն, ինչ ծանծաղ է, ինչը միջակ է ու սնափառ: Հնարավորությունների լայն կիրառման պայմաններում ընտրյալներ կարող են դառնալ ստահակներն էլ՝ վիժվածքներն էլ: Իսկ ընտրությունների վրա ակնհայտ այլադավ ազդեցություններից հետո արդարության մասին խոսելը ծիծաղելի կլինի: Ազնվագույն մարդիկ մնում են խաղի կանոններից դուրս եւ ընտրման ներկա ընթացակարգերին նայում միայն նողկանքով: Եթե հայ ժողովուրդն իր մեջ ուժ չգտնի վերականգնելու բնության մեջ գործող բնական ընտրության մեթոդիկան, հազիվ թե այսուհետ պահպանի իր ժառանգական լավագույն որակները:

Ասում են՝ Արեւը կենդանի օրգանիզմ է, կյանք է: Բայց կրկին վերադառնանք երկրայինին: Առաջին հայացքից մեզ մոտ իրադարձությունների բազմազանությունների մեջ օրինաչափություններ չկան, ներառյալ քաղաքական «դաշինքների» միատեսակ կամ տարբեր դրսեւորումների: Առանց թվարկելու էլ կարող ենք ասել, որ դրանք ամբողջականության առանձին գոյաձեւեր են, կանխատեսելի են, ստեղծված երբեմն ակամա, երբեմն կամքին բնորոշ, կախված հիմնադրի գիտակցության որակից: Նրանց երեւակման նպատակն այն է, որ իրենց մասին առկա նկարագրություններում յուրաքանչյուրը գտնի իր մտադրություններին համապատասխան եզրույթներ: Ուրեմն պետք չէ դատապարտել նաեւ ամբողջությանը վերաբերող տեղեկությունների բազմազանությունը: Եթե առանձին, որոշակի խմբերի համար «վսեմ» են համարվում «դաշինքների» փոքրիկ անհատները, ապա անհամեմատելի վսեմ է Արեւի, որպես կյանքի գոյության ակն ու աղբույրի ընտրությունն իմ գիտակցության մեջ: Ուստի դաշինքների պայքարն իրար եւ իշխանության միջեւ մի անարեւ պայքար է խավարի համար, քանի որ նույն դեմքերն են, նույն դերակատար անձինք:

Նորից արդիական են Ջիվանու խոսքերը. «Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած»:

 

ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆ

«Առավոտ»

07,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031