Լրահոս
Օրվա լրահոսը

Հռետորաբանություն եւ ճոխ խոստումներ կուսակցությունների ծրագրերում

Մարտ 08,2017 16:00

Պաշտոնական քարոզչության մեկնարկն արդեն տրված է, եւ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները հրապարակել են իրենց նախընտրական ծրագրերը:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն, օրինակ, իր ծրագրի կրթական հատվածում նշում է, թե իրենց երազած երկիրը ինտելեկտուալ Հայաստանն է, եւ սա այն դեպքում, երբ այս կուսակցության ցուցակում կան այնպիսի թեկնածուներ, որոնց ինտելեկտուալ մակարդակը հաճախ է քննարկվում մամուլում:

«Մեր խնդիրն է զարգացող աշխարհի պահանջներին ներդաշնակ կրթական ծրագրերի եւ միջազգային չափանիշներին համապատասխան դասագրքերի ապահովումը: Մենք պետք է ձգտենք հասնել նրան, որ մեր համալսարանները ճանաչված լինեն աշխարհի հեղինակավոր համալսարանների շարքում»,-նշված է ՀՀԿ ծրագրում: Նույն փաստաթղթում ՀՀԿ-ն նաեւ խոստանում է ձեւավորել խրախուսական միջավայր՝ գիտությամբ զբաղվելու եւ որակյալ գիտական արտադրանք ստեղծողների համար: ՀՀԿ-ն հայտարարում է, որ մեր երկրում կրթության առաջնայնության նպատակադրման հիմքում մեր մանկավարժներն են, ուստի պետությունը պետք է հստակ ընդգծված վերաբերմունք ունենա մանկավարժների հանդեպ. «Մանկավարժները մեր երկրում պետք է լինեն գնահատված եւ զգան պետության հոգածությունը»:

Ըստ այս կուսակցության ծրագրի՝ մանկավարժի աշխատանքը պետք է լինի պատվաբեր եւ պահանջված, իսկ մանկավարժը՝ հպարտ իր մասնագիտությամբ եւ կեցությամբ: ՀՀԿ-ն, ի թիվս այլ բարեփոխումների, խոստանում է գիտության բնագավառում իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ, մշակել ֆինանսավորման նոր մեխանիզմ՝ «միջին բեռնվածության դպրոց» եւ «թերբեռնված դպրոց» կատեգորիաների դպրոցների համար եւ այլն:

Հայ հեղափոխական դաշնակցությունն ավելի զուսպ է ձեւակերպումներում, թեեւ նրա ծրագրային դրույթներից էլ հռետորաբանություն է ծորում: ՀՅԴ-ն Ազգ-բանակ հայեցակարգի տրամաբանությամբ առաջարկում է զարկ տալ հայրենական գիտական եւ տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմարդյունաբերական համալիր ստեղծմանը: Ըստ ՀՅԴ ծրագրի, աշխատող մարդը պետք է կարողանա իրացնել իր հանգստի, կրթության, մշակութային եւ հոգեւոր արժեքների հետ հաղորդակցման իրավունքը: ՀՅԴ-ն նպատակ է դրել վարել ակտիվ հայրենադարձման քաղաքականություն, կրթական պատվեր ձեւավորելիս առաջնորդվել տնտեսության արդի եւ հեռանկարային կարիքներով: Ըստ ՀՅԴ ծրագրի, բիզնեսը, կրթական եւ գիտական համակարգերը պետք է սերտորեն համագործակցեն:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը խոստանում է, որ ոչ մի երիտասարդ չի զրկվելու մասնագիտական եւ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից, բարձր առաջադիմություն ունեցողները կսովորեն անվճար, իսկ իրենք կտրամադրեն ուղիղ անվանական գումարային սերտիֆիկատներ՝ սոցիալապես անապահով ուսանողներին: ՀՎԿ-ն խոստանում է ներդնել կրթության ոլորտում քաղաքակիրթ վարկավորման համակարգ ու մենանիզմներ, երաշխավորել ուսուցիչների եւ դասախոսների աշխատավարձերի ամենամյա բարձրացում եւ ինդեքսավորում:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքն իր նախընտրական ծրագիրը ներկայացրել է «365 օր. ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց» անվանմամբ: Վերջինիս գիտությանն ու կրթությանը վերաբերող հատվածը բավականին ծավալուն է: ՕՐՕ-ն հավաստիացնում է, որ գործուն մեխանիզմներ է մշակել գիտություն-մասնավոր հատված, գիտություն-արդյունաբերություն, գիտություն-բանակ արդյունավետ կապերի հաստատման համար։ Ըստ դաշինքի ծրագրի. «Կրթության բնագավառում քաղաքականությունը պետք է միտված լինի համակարգի ապակենտրոնացմանը, մրցակցության ապահովմանը, միջազգային չափանիշների ներդրմանը, դրական ավանդույթների պահպանմանը եւ զարգացմանը: Առանձնահատուկ տեղ պետք է հատկացվի հայոց լեզվին՝ որպես մեր մշակութային ժառանգության հիմնասյան: Հանրակրթական դպրոցներում դասավանդվող հիմնական լեզուն պետք է լինի հայերենը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ գործ ունենք հատուկ օտարերկրացիների համար բացվող կրթական հաստատությունների հետ»: Գիտության ոլորտում էլ կարեւորվել են արմատական բարեփոխումները՝ ՀՀ գիտության կառավարման ու համակարգման բնագավառում: ՕՐՕ-ն խոստանում է գիտության ֆինանսավորումը հասցնել գիտության դերը կարեւորող երկրների մակարդակին` ՀՆԱ-ի 3%-ին. «Այն իրականացնել հատուկ մշակված 10-ամյա ռազմավարության շրջանակներում` 2013թ. պետական բյուջեում ապահովելով ֆինանսական հատկացումներ ՀՆԱ-ի 1%-ի չափով, իսկ մինչեւ 2020-ը գիտության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ-ում պետական բյուջեի եւ տնտեսության մասնավոր հատվածի հաշվին աստիճանաբար հասցնել 3%-ի: Որպես գիտության ոլորտում մասնավոր ներդրումների խթանման միջոց` կիրառել գիտությունում կատարված ներդրումների կրկնապատիկի չափով շահութահարկի նվազեցում: Համապատասխան օրենքներում փոփոխություններ մտցնելու ճանապարհով ազատել գիտական նշանակություն ունեցող ներկրվող սարքավորումները բոլոր տեսակի հարկերից ու մաքսերից»:

ՕՐՕ-ն որոշել է կանխել երիտասարդ, տաղանդավոր կադրերի արտահոսքը, այն երիտասարդ գիտնականների համար ստեղծելու է լրացուցիչ հաստիքներ` բարձր աշխատավարձով եւ պակաս ծանրաբեռնվածությամբ, կրկնապատկելու ասպիրանտուրայի տեղերը, դրանք հնարավորինս համաչափ բաշխելով ըստ մասնագիտությունների:

Գրահրատարակչության ոլորտը լիովին ազատելու է ավելացված արժեքի հարկից եւ շահութահարկից: ՀՀ պետական բյուջեում կրթության ֆինանսավորումը հասցնելու է ՀՆԱ-ի 5,5%-ին:

ՕՐՕ-ն ՀՀԿ-ի նման որոշել է հասարակական գիտակցության մեջ վերականգնել ուսուցչի երբեմնի պատիվն ու բարի համբավը` էապես վերանայելով նրա աշխատավարձը, որը կնպաստի հանրակրթության մեջ տղամարդ ուսուցիչների թվի ավելացմանը:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագրում առաջ է քաշվել կրթության հավաստագրային ֆինանսավորման հարցը: «Պետք է ֆինանսավորվեն ոչ թե դպրոցները, այլ քաղաքացիները, որոնք էլ կընտրեն համապատասխան կրթօջախը։ Սահմանել բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման նվազագույն շեմ՝ ՀՆԱ առնվազն 1 տոկոսի չափով, իսկ հանրակրթության, միջին եւ նախնական մասնագիտական կրթության ծախսերը` ՀՆԱ 3 տոկոսի չափով: Բուհը եւ մասնագիտությունն ընտրելու ազատ իրավունքը վերապահել դիմորդին: Կրթական նախորդ աստիճանում արձանագրած ցուցանիշների հիման վրա դիմորդը կստանա համապատասխան կրթական դրամաշնորհ եւ կընտրի իր մասնագիտությունը։ Պետպատվերն այսպիսով կարգավորվելու է ոչ թե մասնագիտություններին հատկացվող տեղերի քանակով եւ ըստ բուհերի տեղաբաշխմամբ, այլ դիմորդներին եւ ուսանողներին կրթական դրամաշնորհների տրամադրմամբ»,-ասվում է նախընտրական ծրագրում: Գիտության բնագավառում էլ Կոնգրես-ՀԺԿ դաշինքն առաջարկում է կիրառել աշխարհում իր արդյունավետությունն ապացուցած` բուհերը եւ գիտահետազոտական ինստիտուտները մեկ միասնական հաստատության մեջ միավորելու քաղաքականություն: «Գիտական հետազոտությունների համար նախատեսված միջոցները պետական բյուջեից հատկացնել թեմատիկ ֆինանսավորման սկզբունքով, բազային ֆինանսավորման սխեման բացառության կարգով կիրառելով միայն ռազմավարական նշանակության գիտահետազոտական ծրագրերի դեպքում: Գիտության զարգացմանը հատկացնել ՀՆԱ առնվազն 1 տոկոսը: Վերացնել իշխանությունների կողմից կիրառվող՝ համալսարանների եւ դպրոցների կուսակցականացման ապօրինի գործընթացը եւ օրենսդրորեն ամրապնդել համալսարանների իրական ինքնավարության ու ազատության երաշխիքները, մասնավորապես՝ արգելել պետական պաշտոնյաների ներգրավումը համալսարանների ղեկավար մարմիններում»,-ասվում է ծրագրում:

«Ազատ դեմոկրատների», «Ելքի», Կոմունիստական կուսակցության եւ «Ծառուկյան» դաշինքի ծրագրերի գիտակրթական հատվածին կանդրադառնանք առաջիկայում:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

07,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031