Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սփյուռքը ուղղակիորեն չպիտի աջակցի այս կամ այն քաղաքական ուժին»

Մարտ 08,2017 15:30

Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կոչ էր արել Սփյուռքին՝ մասնակցել հայրենիքի ապագայի կառուցմանը, միավորվել ու խելացի օգտագործել մրցակցային առավելությունները: Սփյուռքի արձագանքի մասին խոսեցինք Եվրոպայի հայերի համագումարի նախագահ, գրող, հրապարակախոս Կարո Հակոբյանի հետ:

– Ինչպե՞ս կարձագանքեք վարչապետի՝ Սփյուռքի հայերին ուղղված կոչին:

– Վարչապետի այս կոչը բովանդակությամբ նման է այն նույն կոչերին, որ արել են Հայաստանի այլ վարչապետները տարբեր տարիների: Ձեւով գուցե որոշակի մեղմություն կա սրա մեջ, բայց իրականության մեջ խոսքը գործի պիտի վերածվի: Եթե իսկապես ցանկություն կա Սփյուռքի ու Հայաստանի միջեւ խորքային հարաբերություններ հաստատել, ապա կարելի է գործնական առաջարկների միջոցով ստեղծել այդ հիմքերը:

– Ինքներդ առաջարկներ ունե՞ք, թե ինչպե՞ս կարելի է այդ խորքային հարաբերությունները ստեղծել:

– Առաջարկում ենք, որ յուրաքանչյուր նախարարությանը կից գործի Սփյուռքի ներկայացուցիչներից կազմված մի մարմին, որը կունենա ոչ միայն լիազորություն մասնակցել կարեւոր խնդիրների լուծման գործընթացին, այլեւ հետեւել ընթացիկ աշխատանքներին ու տեսնել՝ արդյոք ճի՞շտ կերպով են կատարվում դրանք:

– Եվրոպայի հայերի համագումարն առաջիկա խորհրդարանական ընտրություններին քաղաքական ո՞ր ուժին է աջակցելու:

– Սփյուռքը ուղղակիորեն չպիտի աջակցի այս կամ այն քաղաքական ուժին, կուսակցությանը. չենք ցանկանում Սփյուռքի մեջ պառակտում մտցնել: Սփյուռքը այս պարագայում ներկայանում է որպես մեկ ամբողջական կառույց, որին հետաքրքրում են համազգային շահերը: Այն ուժերը, որոնք նպաստում են համազգային ընդհանուր շահի վերհանմանը, բնականաբար, մեր կողմից աջակցություն կստանան:

– Անդրադառնալով Հայաստանի եւ Սփյուռքի մշակութային կապին՝ ինչպե՞ս կգնահատեք այն: Որքանո՞վ է մեկը ներգրավված մյուսի մշակութային կյանքում:

– ՀՀ սփյուռքի նախարարությունը տարիների ընթացքում ձեռնարկել է որոշ քայլեր՝ մշակութային կապեր ստեղծելու համար, բայց դրանք խորքային չեն եղել: Գրողների միությունն, օրինակ, կարող է հսկայական աշխատանք իրականացնել, համախմբել Սփյուռքի եւ հայաստանաբնակ գրողներին, գրականությամբ ու մշակույթով հետաքրքրված մարդկանց հավաքել ու հոյակապ բան ստանալ: Բայց, ցավոք, կազմակերպված մշակութային համագործակցություն չենք տեսնում, ու այս բացը կարիք կա լրացնել:

– Խոսեցիք գրողների մասին: Ինքներդ, գիտենք, զբաղվում եք նաեւ գրականությամբ, ի՞նչ գրքեր եք հեղինակել, ապագայում ի՞նչ անելիքներ ունեք ստեղծագործական աշխարհում:

– 2012 թվականին հրատարակվել է իմ ու Արծվի Բախչինյանի համատեղ ուժերով պատրաստված շվեդերենով առաջին անթոլոգիան: Նպատակ կար շարունակել այն, քանի որ թարգմանությունները կան, ուղղակի ժամանակն է քիչ: Ունեմ ստեղծագործություններ, որոնք դեռ լույս չեն տեսել՝ պոեմներ, բանաստեղծություններ: Այս մեկ տարվա ընթացքում կփորձեմ հրատարակել դրանք: Վեպ գրելու հեռանկարներ էլ ունեմ: Ընդհանուր առմամբ ազգային, հասարակական ու քաղաքական աշխատանքներս թույլ չեն տալիս ստեղծագործել: Երբ թոշակի անցնեմ, ավելի շատ ժամանակ կունենամ գրելու համար (ծիծաղում է):

 

Զրուցեց
ՄԵԼԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ

«Առավոտ»

07,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արա says:

    Սփյուռքը ուղղակիորեն չպիտի աջակցի այս կամ այն քաղաքական ուժին… Այն ուժերը, որոնք նպաստում են համազգային ընդհանուր շահի վերհանմանը, բնականաբար, մեր կողմից աջակցություն կստանան… Հակասություն չե՞ք տեսնում…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031