Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքն ավարտելուց հետո Հայաստանի ծանրամարտի մեծահասակների եւ պատանիների հավաքականները երեկ մեկնել են քաղաք Աբովյան: Նրանք շարունակում են նախապատրաստվել ապրիլի սկզբին Սպլիտում կայանալիք մեծահասակների Եվրոպայի եւ նույն ժամանակահատվածում Թաիլանդում անցկացվելիք պատանիների աշխարհի առաջնություններին:
Ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ եւ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը հավաքներին մեծահասակների հետ միասին հրավիրել է նաեւ պատանիներին, որպեսզի համատեղ մարզումներն ավելի օգտակար լինեն հատկապես վերջինների համար: Մարզիչները ծաղկաձորյան հավաքում ավելի շատ ուշադրություն դարձրել են ծանրորդների տեխնիկայի հղկմանը եւ արագաուժային որակների բարձրացմանը:
«Առավոտի» հարցին, թե Եվրոպայի մեծահասակների եւ պատանիների աշխարհի առաջնությունները նույն օրերին աշխարհի տարբեր ծայրերում անցկացվելու պարագայում ինքը ո՞ր հավաքականի հետ է լինելու, Փաշիկ Ալավերդյանը պատասխանեց, թե ինքը կլինի մեծահասակների հետ, իսկ պատանիներին կուղեկցի նրանց ավագ մարզիչ Էդիկ Կիզողյանը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ»
07,03.2017