Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատրյանական բալետային եռապատում ունեցանք

Մարտ 08,2017 13:30

Համաշխարհային երաժշտարվեստի գանձարանն այսօր դժվար է պատկերացնել առանց Արամ Խաչատրյանի: 1940-ականներին ագիտացիայի եւ քարոզչության բաժինը ՍՄԿԿ քարտուղարին ներկայացնում է խորհրդային երաժշտության զարգացման գործընթացում թերությունների մասին փաստաթուղթ, որտեղ 6 կոմպոզիտորներ, այդ թվում՝ Խաչատրյանը, մեղադրվում էին որպես երաժշտական ֆորմալիզմի ենթադրյալ հետեւորդներ: Այն տարիներին երաժշտական ֆորմալիզմը տեսակ էր, որը համարվում էր հասարակությանը բավականություն պատճառելու համար չափից դուրս ժամանակակից կամ դժվար: Ընդ որում, այդ տարիներին Խաչատրյանը իր գոհարների շարքում արդեն գրել էր երաժշտություն Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի ներկայացման համար, որի որոշ կտորներ՝ «Վալսը», «Գոպակը», «Օրորոցայինը» մինչեւ 1980-ականների սկիզբը «առանձին կյանքով» են ապրել, իրենց մշտական տեղն ունենալով ճանաչված մենակատարների եւ նվագախմբերի երկացանկերում:

1982թ. «Դիմակահանդես» բալետը առաջին անգամ բեմադրվել է Օդեսայի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում, Նատալյա Ռիժենկոյի եւ Վիկտոր Սմիրնով-Գոլովանովի խորեոգրաֆիայով: Ընդ որում, ի հիշատակ իր պրոֆեսորի, «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունը բալետի է վերածել Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում ժամանակին Խաչատրյանի դասարանում ուսանած Էդգար Հովհաննիսյանը:

Երեւանի օպերային թատրոնում Նատալյա Ռիժենկոն եւ Վիկտոր Սմիրնով-Գոլովանովը «Դիմակահանդեսը» բեմադրել են 1983թ., որտեղ իրենց արվեստով փայլել են ՀՀ ժողովրդական արտիստներ Վիլեն Գալստյանը եւ Հովհաննես Դիվանյանը (Արբենին), ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանը եւ վաստակավոր արտիստ Նադեժդա Դավթյանը (Նինա), այլ կերպարներում՝ Ելենա Պավլիդին, Սերգեյ Բարանովը, Սուրեն Ավնիկյանը եւ այլն: Այս բալետի բեմադրությանը 2001թ. անդրադարձել են Սարատովի եւ 2002թ.՝ Սամարայի օպերայի եւ բալետի պետական թատրոնները: Ընդ որում, ռուսաստանյան «Էկրան» ստեղծագործական միավորումը 1985թ. նկարահանել է «Դիմակահանդես» ֆիլմ-բալետը, որի համար օգտագործվել են մեր թատրոնի նվագախմբի եւ երգչախմբի ձայնագրությունները, վոկալ պարտիան էլ հնչում է Արաքս Մանսուրյանի հյութեղ սոպրանոյով:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 5-ին կայացավ Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի պրեմիերան: Խորեոգրաֆիան թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանինն է, բեմադրող դիրիժորն է Հարություն Արզումանյանը, բեմադրության եւ զգեստների հեղինակը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանը: Այսօր մեր բալետի այս երախտավորներն արդեն իբրեւ փորձավարներ, ՀՀ վաստակավոր արտիստներ Սոնա Առուստամյանի եւ Զավեն Հարությունյանի մասնակցությամբ եւս, նոր կյանք տվեցին «Դիմակահանդեսին»: Ներկայացմանը մասնակցում է թատրոնի նվագախումբը, երգչախումբը (գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան): Վոկալ պարտիան հնչեցրեց Դիանա Հարությունյանը եւ սոլո կատարմամբ իսկապես փայլեց նվագախմբի կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Աբրահամյանը:

Հավանաբար եզակի դեպք էր, երբ թեկուզ պրեմիերային մեկ տոմս անգամ դժվար էր գտնել: Մեր մշակութային բուհերի՝ թատերականի եւ կոնսերվատորիայի ուսանողները խնդրում էին իրենց ներս թողնել՝ աստիճաններին նստելու պայմանով:
Գլխավոր դերապարերի կատարումներով հանդես եկած ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանին (Արբենին), Մերի Հովհաննիսյանին (Նինա), ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանին (Շտրալ), Միլիտոն Կիրակոսյանին (Զվեզդիչ), Գրիգոր Գրիգորյանին (Անհայտը), Վահագն Մարգարյանին ու Անդրանիկ Աբովյանին (Ծաղրածուներ) ներկայացնելու հարկ չկա: Նրանք այն արտիստներն են, որոնք ընդգրկված են թատրոնի համարյա բոլոր խաղացանկային ներկայացումներում:

«Առավոտի» հետ զրույցում Յուրի Գրիգորովիչի ասիստենտ, Մեծ թատրոնի բալետային խմբի ղեկավար Ռուսլան Պրոնինը, որը հատուկ «Դիմակահանդեսը» դիտելու նպատակով ժամանել էր Երեւան, ընդհանուր գծերով արտահայտվեց մենապարողների եւ կորդեբալետի բարձրարվեստ կատարումների մասին, հետո էլ նշեց. «Երեւանի օպերային թատրոնն ունեցավ խաչատրյանական բալետների՝ «Սպարտակ», «Գայանե», «Դիմակահանդես» եռապատումը»:

Ժամանակին Արբենինի կերպարում հանդես եկած Վիլեն Գալստյանից կարծիք խնդրեցինք այսօրվա Արբենինի մասին: Մեր զրուցակիցը ժպտալով նախ նշեց, թե ինքը 80-ականների Արբենինն էր, Ռուբեն Մուրադյանը՝ 21-րդ դարի, հետո էլ հավելեց. «Շնորհակալ եմ բոլոր մենապարողներից, կորդեբալետի արտիստներից, կոնցերտմայստերներից, նկարիչներից, լուսային ինժեներից, մի խոսքով՝ բոլոր նրանցից, ովքեր մասնակցություն են ունեցել ներկայացման կայացմանը: Գուցե անհամեստ հնչի, բայց «Դիմակահանդեսը» իսկապես կայացավ»:

Ժամանակին երեք գործողությամբ այս բալետը Վիլեն Գալստյանը ներկայացրեց երկու գործողությամբ: Թեեւ սյուժետային եւ պարային բովանդակությամբ ներկայացումը չէր տուժել, այդուհանդերձ, բեմադրող դիրիժորից խնդրեցինք պարզաբանել կրճատելու պատճառը: «Խաչատրյանական երաժշտությունը չի կրճատվել, Վիլեն Գալստյանի մտահղացումն էր կրճատել կրկնվող համարները, ինչին ես լիովին կողմնակից եմ»,- ասաց Հարություն Արզումանյանը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

07,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031