«Պետք է տան՝ սպանեն, որ ընտրակեղծարարությունը վերանա»,-այս խոսքերով այսօր Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակիչներից մեկը, կարելի է ասել, ընդհատեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական քարոզարշավի հավաքը՝ նկատի ունենալով «փող բաժանողներին»: Երբ նա լսեց, որ դաշինքի ծրագրում ամրագրված է նաեւ ընտրակաշառք բաժանելը բացառելը, բարկացած ասաց. «Նաղդ՝ փող բաժանողները կան, մարդիկ էլ սպասում են փողին: Ես վեկալող տղա չեմ, ազնիվ տղա եմ, բայց իմ պես էնքան մարդիկ կան, որ ասում են՝ չեն ընտրելու(նկատի ունի ընտրակեղծարարներին.-խմբ), բայց մնացածը գնում-ընտրում են»:
Դաշինքի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց. «Եթե սպառնում են, եւ ստիպված ես գումարը վերցնել, ծայրահեղ դեպքում՝ վերցրու, բայց գնա՝ քո ուզածն արա…»:
«Մարդ կա՝ վախում է տեսախցիկից, ասում է՝ ինձ կնկարի»,-հակադարձեց տղամարդը:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկն ասաց, որ տեսախցիկը չի նկարում, թե քաղաքացին ում օգտին է քվեարկել, բայց Եղվարդի բնակիչը շարունակեց. «Այ քուր ջան, գիտեմ, որ չի նկարում, բայց մարդիկ չեն հասկանում, վախում են՝ գիտեն, թե նկարում է»: Ապա` բարկացած տղամարդը շտապեց հեռանալ հավաքի վայրից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ