Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի Տավուշի մարզային մասնաճյուղի տնօրենը՝ Ծառուկյանի համախոհի ամուսնուն գործից ազատելու մասին

Մարտ 07,2017 21:30

Aravot.am կայքում այսօր՝ մարտի 7-ին հրապարակված հոդվածում եւ տեսանյութում «Ծառուկյան» դաշինքի Չինչին գյուղի պատասխանատուն Բերդ քաղաքում Գագիկ Ծառուկյանին բողոքել է, որ Ծառուկյանին սատարելու համար իր ամուսնուն զանգահարել են Տավուշի մարզի գազի սպասարկման ծառայությունից եւ ասել, որ նա աշխատանքից ազատման դիմում գրի:

Զանգահարեցինք «Գազպրոմ Արմենիա» ընկերության Տավուշի մարզի գազաֆիկացման եւ գազաբաշխման մասնաճյուղի տնօրեն Սեյրան Խառատյանին եւ հարցրինք՝ ինչո՞ւ են մարդուն հրահանգել աշխատանքից ազատվելու դիմում գրել:

Ս. Խառատյանն ասաց, որ ինքը սրտի հետ կախված լուրջ խնդիրների պատճառով 2 օր Երեւանում բուժվում է: Նա հայտնեց, որ ինքը ՀՀԿ Տավուշի ընտրատարածքային ցուցակի թեկնածու է, այդ պատճառով գտնվում է չվճարվող արձակուրդում: Ասաց, որ մինչ արձակուրդ գնալը իր աշխատանքային կոլեկտիվի անդամներին հայտնել է, որ խորհրդարանական ընտրություններում յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը, դիրքորոշումը, թեկնածուն:

Ս.Խառատյանը հայտնեց, որ խորհրդարանական ընտրություններում ունեցած դիրքորոշման համար իր հիմնարկում ոչ ոք չի կարող տուժել, աշխատանքից ազատվել: Բերդ քաղաքում հնչած բողոքի կապակցությամբ ասաց. «Մարդիկ կան, ովքեր ցանկանում են իրենց թեկնածուին ժողովրդի մոտ գովազդ անել, բայց, ցավոք, արջի ծառայություն են մատուցում»:

Ս. Խառատյանը հայտարարեց, որ ընտրությունների հետ կապված իր ղեկավարած հիմնարկությունում ոչ մեկը աշխատանքից չի ազատվել եւ չի ազատվելու, գործից կազատվեն միայն գործի նկատմամբ անբարեխիղճ աշխատողները:

Խառատյանը հավելեց, որ, օրինակ, ՀՅԴ Տավուշի մարզի ընտրատարածքային ցուցակի թեկնածու Շողիկ Աղաջանյանի մայրը գազի ծառայության հսկիչ է, սակայն իրենք նրա թեկնածության առաջադրումը բնական են համարում, ոչ մի խոչընդոտ չեն տեսնում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ Ս. Խառատյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031