Վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Թաթուլ Թամրազյանի բողոքը: Կողմը բողոքարկում էր քննիչի անգործությունը քրեական գործ չհարուցելու համար:
Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատական նիստի ընթացքում միջնորդություն է ներկայացրել՝ դատական նիստը հետաձգելու մասին: Փաստաբանը արդեն մեկ ամիս է չի կարողանում տեսակցել իր պաշտպանյալ Թաթուլ Թամրազյանին, որն այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Սակայն, դատարանը մերժել է այդ միջնորդությունը:
Մոնիկա Մարգարյանը նաեւ դատավոր Մանուշակ Պետրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, սակայն այս միջնորդությունը եւս մերժվել է: Մանուշակ Պետրոսյանը նաեւ մերժել է կողմի բողոքը: Մոնիկա Մարգարյանը հայտնեց, որ իրենք պատրաստվում են բողոքարկել որոշումը Վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք, որ Թաթուլ Թամրազյանը ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ վիրավորվել էր եւ հուլիսից մինչեւ օգոստոսի 6-ը գտնվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նա մեղադրվում է շենք-շինություններ գրավելու եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու ու այն փոխադրելու մեջ։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ