Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուր Բաղդասարյանը ջեմ ու մուրաբա է բաժանել միայն կուսակցականներին». ՀՎԿ պատգամավորի թեկնածու

Մարտ 07,2017 18:40

Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ՀՎԿ-ի պատգամավորների թեկնածուների մասին տվյալների համաձայն, Արմավիրում առաջադրված Լենդրուշ Մանուկյանը գործազուրկների թվում էր:

Պարզվում է՝ նա աշխատանքից դուրս է եկել հանուն կուսակցության քարոզարշավի: Երբ Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ այլ բնագավառում աշխատանք չի կարողանում գտնել, աշխատանք է փնտրում խորհրդարանո՞ւմ, պարոն Մանուկյանը զարմացավ. «Ո՞վ ասաց՝ աշխատանք չունեմ, պետք է դուրս գայի աշխատանքից, որ պայքարեի ԱԺ ընտրությունների համար, եթե չանցնենք, էլի կգնանք մեր աշխատանքին»:

Պարոն Մանուկյանը ճշգրտեց՝ ինքը «Լենդ եւ որդիներ» ընկերության տնօրենն է. «Մի ամիս է դադարեցված է, չենք աշխատում, որովհետեւ ընտրապայքարի մեջ ենք»:

Մեր դիտարկմանը, թե ՀՎԿ-ի նախընտրական խոստումները քննադատվում են, մասնավորապես, ավանդների վերադարձման հարցը,  պարոն Մանուկյանը շարունակեց. «100.000 մարդ արդեն ստացել է, որից մեկը հայրս, ոնց հնարավոր չէ, փաստ՝ հնարավոր է, մեր տնից մեկը ստացել է, հարեւաններս ստացել են: Մենք հավատում ենք մեր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին, նրա խոստումներին»:

Մեր հարցին՝ իսկ արմավիրցիները հավատո՞ւմ են, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Եթե չհավատային, էդ ամբոխը կլցվե՞ր դահլիճում»:

Պարոն Մանուկյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ՀՎԿ-ի անցած ուղին չի՞ խանգարի այս ընտրություններին ձայներ հավաքելու գործին, թե՞ ընտրողները մոռացել են ՀՎԿ դարձած, բայց նախորդ ընտրություններին խիստ ընդդիմադիր ՕԵԿ-ին, որը ընտրություններից հետո իշխանության հետ կոալիցիա կազմեց. «Բայց ՕԵԿ-ն ի՞նչ վատ պատմություն է ունեցել որ, մոռանան, ՕԵԿ-ը միշտ էլ լավ պատմություն է ունեցել ու մինչեւ այսօր էլ շարունակում է իր լավ պատմությունն առաջ տանել, վերածնունդ կոչվեց, որովհետեւ հասարակական կառույցներ միացան մեզ ու նաեւ ուրիշ կուսակցություններից…Արթուր Բաղդասարյանը մի ամիս առաջ հեռուստատեսությամբ շատ պարզ ասաց՝ հո մարդ չի գալիս քաղաքականություն, որ միշտ ընդդիմություն մնա, գուցե ուզում եք հիշեցնել կուսակցության նախագահի անցած փորձը ընտրությունների ժամանակ, նա մտածեց իր երկրի մասին, որ երկրում արյունահեղություն չլինի, ինչպես՝ Ուկրաինայում»:

Այսօր Արթուր Բաղդասարյանը Արմավիրում խոսեց, որ կան լուրեր, որ ցուցակագրված ընտրակաշառք է բաժանվում, պարոն Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ Արմավիրում ո՞ր ուժերն են ընտրակաշառք բաժանում ու ինչ գումարների մասին է խոսքը, ի պատասխան ասաց՝ տեղյակ չէ: Մեր հարցին, թե նախորդ ընտրություններին էլ ՕԵԿ-ն էր ջեմ ու մուրաբա բաժանում, այս ընտրություններին նման խրախուսանքներ չկա՞ն, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Եղել է, ճիշտ է, չեմ ժխտում, բայց նա տվել է կուսակցականներին, ոչ թե ժողովրդին»:

Պարոն Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ իսկ միայն ջեմ ու մուրաբա՞ է Արթուր Բաղդասարյանը բաժանել, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, ուրիշ բա՞ն էլ է եղել»:

Լենդրուշ Մանուկյանն առաջին անգամ է պատգամավորի թեկնածություն առաջադրել, նա Արմավիրից է, մեր հարցին՝ ի՞նչ եք խոստանում արմավիրցուն, ի՞նչ առաջնահերթ խնդիրներ եք լուծելու, պարոն Մանուկյանը պատասխանեց. «Մի պատգամավորը կամ երկուսն ու երեքը ոչինչ չեն կարող փոխել, մի ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես, եթե համախմբվենք ու շատ պատգամավորներ ունենանք, այն ժամանակ ինչ-որ խոստանանք, այն էլ կանենք, մենք չենք խոստանում, գործով ապացուցում ենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031