Լրահոս
Օրվա լրահոսը

Առնետների դեմ կռիվ մղող գյումրեցիներն ու ՀՀԿ-ի՝ «Անվտանգություն ու առաջընթաց» կարգախոսը. (Տեսանյութ)

Մարտ 07,2017 18:30

Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին հարցրեց, թե տարիներ շարունակ ցեխերի մեջ բնակվող, ժանգոտ, քայքայված տնակներում առնետների դեմ կռիվ մղող գյումրեցիները ինչո՞ւ պիտի հավատան ՀՀԿ-ի «Անվտանգություն ու առաջընթաց» կարգախոսին։

Նշենք, որ քիչ այն դեպքերը, երբ առնետները կրծել են տնակներում ապրող գյումրեցի մանկահասակ երեխաների դեմքը, ականջները, իսկ մի օր «Շիրակ Ջրմուղում» առիթ ունեցանք տեսնելու դեմքը վնասված մի կնոջ, նա զրկված էր իր դեմքի մի հատվածից։ Երբ ջրմուղի աշխատակիցներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է եղել այս կնոջը, ասացին, որ տնակի բնակիչ է, առնետն է կրծել, պլաստիկ վիրաբույժի կարիք է զգում, բայց փող չունի։

«Եթե հիշում եք, ես համոզված եմ, որ ներկա էիք ՀՀ վարչապետի վերջին այցելության ժամանակ Գյումրի, նախանշվեց Գյումրին որպես տուրիստական կենտրոն զարգացման հիմնադրամի ստեղծման մասին և ներկայացվեց ամփոփ ծրագիր։ Ես չէ, որ ծրագրի մասին պիտի խոսեմ, որովհետև այն արդեն շրջանառվում է, իրազեկ եք, ուղղակի ուզում եմ մի փաստարկ բերել․ այս ամենը տեղի ունեցավ Գյումրու այսպես կոչված տեխնոպարկի շենքում, որը ոչ միայն մեր երկրում, այլ տարածաշրջանում երևելի է թե՛ էսօրվա իր պոտենցիալով, թե՛ իր շինությամբ, և թե՛ ընդհանրապես իր առաքելությամբ։ Խոստովանենք ու լինենք անկեղծ, 10 տարի առաջ մենք մտածո՞ւմ էինք, որ մենք Գյումրիում ունենալու ենք այսօր արդյունաբերության այնպիսի հատված, որը մատակարարելու է ամբողջ հանրապետությանը։

Գիտեք ինչ, անընդհատ շեշտադրել տնակը, ես, բնականաբար, կիսում եմ ձեր մտահոգությունը և ոչ պակաս մտահոգ եմ բնակարանաշինության համընդհանուր կոմպլեքս մոտեցմամբ, ի վերջո այս հարցին վերջանական լուծում տալու։ Ասեմ, որ բնակարանաշինության ընդհանրապես ծրագիր չի իրականցվել վերջին ամիսների ընթացքում, բայց ձեռք բերման վկայականների բաշխումը նախադեպը չունեցող չափով իրականացվել է։ Այսինքն` զուգահեռ արվել է ամեն ինչ, մենք ուզում ենք, որ բոլորս միասին նաև հոգ տանենք մեր քաղաքի, մեր մարզի մասին, ոչ միայն քննադատել։ Մենք ուզում ենք բոլորս լինենք մասնակիցը, նախաձեռնողը, արարողը»․-ասաց Սահակ Մինասյանը։

Սահակ Մինասյանի ասելով, ՀՀԿ կարգախոսի առաջին բառը մեր հայրենիքի, մեր գոյի, մեր ազգի, մեր պետականության, մեր անկախության պահպանման ձգտումն է, իսկ երկրորդը բոլորիս ցանկությունն է , որը պետք է բոլորս միասին իրագործենք։ «Եթե տրամադրվենք այսօրվանից, որ անելու ենք ու անենք, կունենանք ցանկալի արդյունք»,- ասաց Սահակ Մինասյանը։

Նա հույս ունի, որ ՀՀԿ-ն Շիրակի մարզից վարկանիշային կարգով առաջադրված 3 թեկնածուների կուղարկի Ազգային ժողով՝ որպես պատգամավոր։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031