Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Քոչարյան. «Կարգախոսներն անընդհատ փոխվում-փոփոխվում են՝ կարծես ՄՈԼ-ի հանդերձարան լինի»

Մարտ 07,2017 18:20

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների մեկնարկած քարոզարշավին եւ կուսակցությունների ու դաշինքների կարգախոսներին, այսօրվա ասուլիսն սկսեց հումորով: «Ուշադիր հետեւում եմ գործընթացներին: Կարգախոսներն անընդհատ փոխվում ու փոփոխվում են: Այնպիսի տպավորություն է, ասես ՄՈԼ-ի հանդերձարան լինի, ոչ թե քարոզարշավ: Առանձնապես մեծ աժիոտաժ չկա գոնե երկու առաջին օրերին: Աշխուժություն, իրարանցում առաջացրեց միայն ՀՀԿ-ի «Ռեինկարնացիայի» տեսահոլովակը: Ֆեյսբուքում մի հատվածը քննարկեց, թե ինչու է «Ռեինկարնացիան» նկարահանվել, իսկ քաղաքական եւ փորձագետների շրջանակներում՝ որ հանրապետականի հոլովակում փաստացի բացի Կարեն Կարապետյանից նկարահանված այլ հանրապետական չկա: Եթե լուրջ նայենք, սա մեսիջ է, որ հանրապետականը փորձում է հավաստիացնել-հավատացնել, թե այն, ինչ սկսել են՝ փոփոխություններ կառավարությունում, կուսակցությունում, հետո ցուցակի սերնդափոխված առաջին տասնյակ, շարունակվում է», – ասաց նա:

Բանախոսը շարունակեց, որ եթե ՀՀԿ-ի բեռն իր վրա տանում է Կարեն Կարապետյանը, «Ծառուկյան դաշինքում» դա անում է անձամբ Գագիկ Ծառուկյանը: Կարեն Քոչարյանի կարծիքով կոմունիստները, պարզ է, չեն անցնի: Բայց եթե նրանք ձայներ հավաքեն, դրանք կտանեն միայն «Ծառուկյան դաշինքի» ընտրազանգվածից, որոնց մեծ մասը անապահով խավն է: Քաղտեխնոլոգի կարծիքով ընտրողների ձայներ ստանալու պայքար է ընթանալու «Ելք» դաշինքի եւ ՕՐՕ-ի միջեւ:

«Ելքը» գնում է երեք դեմքով, բայց իմ տեսակետով այնտեղ առաջնային դերը Նիկոլ Փաշինյանինն է, չնայած նա ցուցակում երրորդն է: Նա ավելի ռադիկալ է, ճանաչված ու խարիզմատիկ: Իսկ ինչ վերաբերում է ՕՐՕ-ին, նա փորձում է վերցնել «Ելքի» ընտրազանգվածը, այսինքն, ռադիկալ, հեղափոխական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածը: Բայց դա շատ դժվար է լինելու, որովհետեւ եթե համախմբմանը միանում է Րաֆֆի Հովհաննիսյանը, որը երբեք կարմիր գիծը չի անցել, ավելին, գնացել է աղոթել է, երբ այնտեղ Սեյրան Օհանյանն է, որ երեկ իշխանության մեջ էր ու չէր քննադատում, իսկ այսօր չգիտես ինչու, սկսել է քննադատել: Այս պատճառներով ռադիկալ ընտրազանգվածին շատ դժվար է համոզել», – ասաց Կարեն Քոչարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031