Լրահոս
Օրվա լրահոսը

Կա մի բան, որ միավորում է ՀՀԿ-ին եւ «Ելքին»

Մարտ 07,2017 19:38

Որքան էլ «Ելք» դաշինքը հայտարարում է, որ ինքը պայքարում է ՀՀԿ-ի դեմ, իր միակ մրցակիցը Հանրապետական կուսակցությունն է, այնուամենայնիվ, կա մի բան, որը «միավորում է» ՀՀԿ-ին ու «Ելքին»:

«Ելք» դաշինքն նախընտրական ծրագրով, ի թիվ այլ խոստումների, ընտրողներին նաեւ վստահեցնում է՝ հենց «Ելքն» իշխանություն ունենա, կստեղծի Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատը, որը կազմված կլինի Սփյուռքի հայկական գաղութների ներկայացուցիչներից, ովքեր կընտրվեն հենց գաղթօջախներում անցկացվող ընտրությունների միջոցով. «Իսկ խորհրդարանի երկրորդ պալատի բացառիկ իրավասությունը կլինի «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի նշանակումը: Նաեւ՝ ներգաղթի եւ Սփյուռքի ներդրումների հարցերով զբաղվող նախարարների նշանակման հարցը՝ վարչապետի ներկայացմամբ»:

Կար մի ժամանակ, որ ՀՀԿ-ն էլ նման ցանկություն ուներ: 2011 թվականին սփյուռքի նախարար ՀՀԿ-ական Հրանուշ Հակոբյանը Կալիֆորնիայում ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ  խոսել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մեր երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու եւ խորհրդարանը երկպալատանի դարձնելու մտադրության մասին: Սրանով, ըստ Հրանուշ Հակոբյանի, հնարավորություն կընձեռվեր վերին պալատի կազմում ընդգրկելու սփյուռքի հայրենակիցներին եւ նրանց մասնակից դարձնելով Հայաստանի պետական կառավարմանը:

ՀՀԿ-ն սփյուռքին նման խոստումներ տվեց, բայց ինչպես հայտնի է, Սահմանադրությունը փոխեց, իսկ խոստումը չկատարեց՝ ՀՀ ԱԺ-ում Վերին պալատ չձեւավորվեց:

Այս տարի էլ «Միացյալ Հայաստան» շարժման ղեկավար Արթուր Ալեքսանյանն էլ է ՀՀ խորհրդարանում վերին պալատի ստեղծման մասին խոսել. «Առաջարկն է այն, որ ԱԺ-ում ստեղծվի վերին պալատ, որտեղ համամասնորեն ներկայացվեն ոչ հայաստանաբնակ համայնքներից պատգամավորներ: Մենք առաջարկում ենք, որ աշխարհով ի սփյուռս հայերի համայնքներում ստեղծվեն հզոր ուժեր, որտեղ հնարավոր լինի ընտրել պատգամավորներ, որոնք կներկայացվեն մեր խորհրդարանի վերին պալատում»:
Հիշեցնենք, որ «Միացյալ Հայաստանը» հայտարարել է, որ սատարում է ՕՐՕ դաշինքին, Արթուր Ալեքսանյանը ՕՐՕ-ի առաջնորդներից, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մտերիմ ընկերն է:

Ինչ խոսք, «Ելքի» այս նախընտրական խոստումը սփյուռքի սրտով է, բայց

որպեսզի ՀՀ Ազգային ժողովում ձեւավորվի Վերին պալատ, դրա համար առնվազն հարկավոր է նորից Սահմանադրություն փոփոխել: Թե ինչպես պետք է «Ելք» դաշինքը Վերին պալատ ստեղծի, ծրագրում ոչ մի բառ չկա այդ մասին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031