Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորն ու բանակը նախընտրական ծրագրերում պատվավոր տեղերում են

Մարտ 07,2017 17:55

«Սպաների համար պետական բնակարանաշինության ծավալները կկրկնապատկվեն, առաջնագծում մարտական հերթապահություն կիրականացնեն միայն պայմանագրային զինծառայողներ, ժամկետային զիինծառայողներն էլ կստանան ոչ միայն զինվորական, այլեւ քաղաքացիական կրթություն»,-այս խոստումները «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրից են: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բացառությամբ մի քանիսի, կուսակցություններն ու դաշինքներն իրենց նախընտրական ծրագրերի ամենապատվավոր տեղերում բանակի խնդիրներ են արծարծել` առաջարկելով իրենց պատկերացրած լուծումները:

«Ծառուկյան» դաշինքի 15 առաջնահերթությունների շարքում, սակայն, բանակի հարցերը տեղ չեն գտել. այս դաշինքի նախընտրական ծրագրում զինծառայողների խնդիրները դիտարկվում է առողջապահական ոլորտում, այսինքն` «Ծառուկյան»-ը ընտրվելու դեպքում պայքարելու է պետական պատվերի տրամադրման համակարգը արմատապես փոխելու եւ պետական պատվերի համակարգն ամբողջությամբ սերտիֆիկացնելու համար, որպեսզի սոցիալապես անապահով խավերը, զինծառայողներն ու օրենքով սահմանված այլ շահառուներ ունենան իրենց հասանելիք սերտիֆիկատը:

«Ելք»-ը խոստանում է բանակում զինվոր ունեցող ծնողների բեռն էլ թեթեւացնել` զինված ուժերին հատկացվող միջոցների ծախսման արդյունավետությունը բարձրացնելով: Ըստ «Ելք»-ի, արդյունքում էականորեն կբարելավվի բանակի սննդի, հագուստի որակը, ինչի արդյունքում զինծառայողների ծնողները ստիպված չեն լինի այդ ամենով իրենց զավակներին ապահովելու համար ծախսեր իրականացնել:
Ի տարբերություն «Ծառուկյան» դաշինքի, «Ելք»-ը նախընտրական ծրագրի մի մեծ հատված նվիրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներին:
Չնայած, որ «Ծառուկյան» դաշինքի` պետական պատվերի գումարները սերտիֆիկատի տարբերակով հիվանդին տալու գաղափարը «Ելք»-ի մոտ էլ կա:

Խորհրդարան անցնելու 7 տոկոսի շեմը հաղթահարելու դեպքում «Ելք»-ը

նախ ՀՀ բոլոր քաղաքացիների առողջության հետազոտության հարցը կբարձրացնի, որպեսզի ունենա քաղաքացիների առողջության վերաբերյալ տեղեկատվական բազա: Բազայի ձեւավորման արդյունքում ռիսկային խմբերը պարբերաբար կենթարկվեն պարտադիր հետազոտության՝ հիվանդությունների զարգացումը կանխելու համար: Այս դաշինքը մտադիր է նաեւ ոլորտին հատկացվող գումարները կրկնապատկել:

Ծնելիությունը խթանելու նպատակով «Ելք»-ը երրորդ, չորրորդ երեխայի ծննդյան պետական միանվագ դրամական օգնության չափերը կկրկնապատկելու է, հինգերորդ եւ վեցերորդ երեխայի ծննդյան դեպքում՝ եռապատկելու: Նկատենք, որ այսօր երրորդ եւ չորրորդ երեխայի համար պետությունը վճարում է 1 միլիոն դրամ, 5-րդ եւ յուրաքանչյուր հաջորդի համար` 1,5 միլիոն դրամ:

«Ծառուկյան» դաշինքն այս մասով խոստումներ չունի. հավանաբար այն պատճառով, որ այդ գումարների տրամադրումով ծնողներն այնքան էլ չեն ոգեւորվում, քանի որ դրանց ուղիղ կեսն անձեռնմխելի են` մինչեւ երեխայի չափահաս դառնալը: Փոխարենը, ընտրվելու դեպքում, «Ծառուկյան»-ը կրկնապատկելու է թոշակառուների եկամուտը: Այս դաշինքը նվազագույն աշխատավարձ ստացողների համար էլ ծրագրեր ունի. ընտրվելու դեպքում մեր երկրում նվազագույն աշխատավարձը լինելու է ոչ թե 55 հազար դրամ, ինչպես որ ներկայումս է, այլ` 80 հազար:
«Ելք»-ը խոստանում է ծննդատներում հոգեբանի ինստիտուտ ներդնելու ճանապարհով մանկատներում երեխաների թիվը չավելացնել: Այսինքն`

առողջական խնդիրներ ունեցող երեխաների տեղափոխումը հատուկ հաստատություններ կանխել` ընտանիքների աջակցության մշտական ծառայություն ստեղծելով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031